-Եթե ոչ մի բան չփոխվի գործող նախագահը կվերարտադրվի,- կարծում է Երվանդ Բոզոյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 4, 2012 17:59


“Այս ընտրությունները ցույց տվեցին, որ իսկապես Հայաստանում գտնվել է այն հեղափոխական տեխնոլոգիան, թե ինչպես կարելի է սարքել ընտրությունները, որ աղմուկ չառաջացնեն ո’չ երկրի ներսում, ո’չ երկրից դուրս”,- կարծում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: “Սա մի նոր էջ է մեր ապագա քաղաքական պրոցեսների համար, և ինձ համար ակնհայտ է, որ եթե ոչ մի բան չփոխվի, ապա գալիք նախագահական ընտրությունները, ըստ էության, նույն սխեմայով կարող են ընթանալ: Բոլորս էլ հասկանում ենք, որ ՀՀԿ-ն հավաքելով 44 տոկոս ձայն, բոլորս էլ հասկանում ենք, որ դա ռեալ կյանքում այդպես չէ և, իրականում, հնարավոր չէ նման բան, դա ուղղակի թղթի վրա է այդպես: Այսինքն` փաստորեն մեզ մոտ կատարվեց թղթե հեղափոխություն”,- նկատեց քաղաքագետը:
Բոզոյանի կարծիքով, եթե ոչ մի բան չփոխվի, ապա նախագահական ընտրություններում նույնպես թղթե հեղափոխություն կիրականացվի և գործող նախագահը կվերարտադրվի. “Եվ կարծում եմ, որ գործող նախագահն իր քայլով օպերատիվ մի մեսիջ ուղարկեց ողջ հասարակությանը, որ կա’մ “ես մնալու եմ հավերժ”, կա’մ էլ “եթե դուք իսկապես կամք ու ցանկություն ունեք փոփոխություն մտցնելու, ապա պետք է դիմեք արդեն ոչ տրադիցիոն քայլերի”: Իսկ ոչ տրադիցիոն քայլեր ասելով բանախոսը նկատի ուներ ոչ միայն սահմանադրական քայլերը, այլև այն, ինչ կատարվեց Վրաստանում կամ Ուկրաինայում, որոնք բացի սահմանադրական քայլերից ենթադրում են նաև վերսահմանադրական քայլեր, հակառակ դեպքում `Հայաստանում ոչ մի բան այլևս չի փոխվի”:
Բոզոյանը նաև գտնում է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց մոտ քննարկեն այդ խնդիրը, թե կարո՞ղ է, արդյոք, այդ քաղաքական ուժերի մեջ որոշակի փոփոխություններ լինեն, որպեսզի իրենք վերաիմաստավորեն այս իրավիճակը, և փոփոխություններ մտցնեն իրենց ծրագրերի մեջ. “Կա’մ նրանք ընդունում են գործող նախագահի ծրագիրը և այս կամ այն չափով մտնում են նախագահի արբիտրի կամ խաղի կանոնների մեջ, կա’մ նրանք փորձում են դառնալ այլընտրանք”:

Վահե Մակարյան

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply