“Հայաստանի քաղաքական դաշտում առևտուր է իրականանում”. Հարություն Մեսրոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 4, 2012 16:42

-Որևէ սպասելիքներ մի ունեցեք այս խորհրդարանից, քանի որ 17-18 տարի է նույն սպասելիքներով շարժվում ենք առաջ,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:  “Ավելին ասեմ, այս խորհրդարանը ոչ մի նոր որակական հատկանիշ `դրական իմաստով, չունի` նախորդ խորհրդարանի հետ համեմատած, մոտավորապես նույն միտումն է,  հետևապես, իմաստ չկա սպասել ինչ-որ թարմացումների, գործադիր մարմինը ևս  մոտավորապես նույնը կլինի, և մի մոռացեք նաև, որ Հայաստանը շարունակում է մնալ ընտրական փուլում”,- ասաց Մեսրոբյանը: Բանախոսի կարծիքով` մենք, անհասկանալի տրամաբանությամբ, նախագահական ընտրություններին շատ ավելի լուրջ ենք վերաբերվում, քան խորհրդարանականին:

Ինչ վերաբերում է ներկուսակցական խմորումներին, ապա, Մեսրոբյանի կարծիքով, Հայաստանում քաղաքական դաշտը կուսակցական իմաստով դեռ չի ձևավորվել, և կուսակցությունները շատ պայմանական սահմաններ  ունեն իրար նկատմամբ, և, որպես կանոն, այդ սահմանը բնութագրվում է կա’մ կուսակցության առաջին դեմքով, կա’մ ընթացիկ կոնյուկտուրային շահերով, քանի որ որևէ գաղափարական, հայեցակարգային կամ աշխարհայացքային մոտեցում չկա նրանցում, որ որևէ մեկն ասի, թե ինքն այդ կուսակցությունում է, հետևապես դավանում է այդ կուսակցության արժեքներն ու, ըստ այդմ, մի շարք լուրջ կետեր թվարկի:

Բանախոսի կարծիքով մարդիկ կային, ովքեր ռոմանտիկ պատկերացումներ ունեին ընտրությունների վերաբերյալ, սակայն, հակառակ դրան, նա վստահորեն նշեց, որ ինչպես ինքը մի քանի ամիս առաջ էր ասել, թե որևէ լուրջ փոփոխություններ չեն լինելու, այժմ ևս հաստատում է, որ նախագահական ընտրությունների հետ կապված ոչ մի սարսափելի կամ արտառոց բան պետք չէ սպասել, այսինքն ամեն ինչ ընթանում է իր բնական և կանխատեսելի հունով. “Քանի որ Հայաստանը գտնվում է կրկին ընտրական շրջանում, ընթանում է շատ բնական պրոցես` առևտուր, որտեղ յուրաքանչյուր ուժ, որ կոչվում է կուսակցություն, փորձում է իր գինը բարձրացնել”:

Մեսրոբյանը նաև խոսեց վերջին շրջանում շատ շրջանառվող “այլընտրանք” հասկացության և այլընտրանքային ուժեր ձևավորելու մասին` նշելով, որ չի հասկանում այդ բառը, երբ դա հնչեցնում են կոնկրետ ուժեր, քանզի եթե հնչեցնեին այլ ուժեր, ինքը կհասկանար: Նա նաև նշեց, որ  “այլընտրանք”-ը շրջանառվեց այն բանից հետո, երբ հասարակությունը սկսեց հոգնել թե’ իշխանական, թե’ ընդդիմադիր ճամբարներից:

Իսկ թե ով կլինի նախագահական ընտրություններում այդ, այսպես կոչված, “այլընտրանքային թեկնածուն, կառավարման մասնագետն ասաց, որ այդ թեկնածուն պետք է լինի մարդ, որը անցնող քսան տարվա քաղաքականության ընթացքում չի երևացել և որևէ հետք չի թողել:

Բայց, ըստ Մեսրոբյանի, քանի որ ինչպես նշեց, նախագահական ընտրություններում ևս ոչինիչ չի փոխվելու, ապա, ըստ նրա` Սերժ Սարգսյանը նորից կվերընտրվի նախագահի պաշտոնում:

Վահե Մակարյան

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply