ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում նոր մագիստրոսական ծրագիր է մեկնարկում
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 4, 2012 14:55
Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանակներում մեկնարկում է «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագիրը:
Ծրագրի անհրաժեշտությունը
Հայաստանյան գիտաուսումնական միջավայրում բացակայում են տարածաշրջանային ուսումնասիրությունների ոլորտում մասնագիտացած մագիստրոսական ծրագրեր: Սույն ծրագրի ներմուծումը կոչված է լրացնելու այդ բացը՝ ներդնելով Հայաստանի հարակից տարածաշրջաններում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների միջգիտակարգային (միջդիսցիպլինար) ուսումնասիրությամբ մասնագիտացված ուսումնական ծրագիր:
Նմանատիպ մագիստրոսական ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև գործնական տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ Հայաստանի արագ փոփոխվող և բազմաթիվ հիմնախնդիրներ պարունակող տարածաշրջանային աշխարհաքաղաքական միջավայրի խորը ճանաչողությունը հիմնարար նշանակություն ունի արդյունավետ արտաքին և անվտանգային քաղաքականության պլանավորման ու իրականացման համար:
Ելնելով այդ անհրաժեշտությունից՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ մշակվեց և Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի կողմից ներմուծվեց «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագիրը:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է՝ պատրաստել տարածաշրջանային քաղաքականության ոլորտի մասնագետներ, որոնք ունակ կլինեն.
- Իրենց մասնագիտական կրթությանը համապատասխան աշխատանք կատարել հայաստանյան և արտասահմանյան (մասնավորապես, տարածաշրջանային) պետական (մասնավորապես, արտաքին և տարածաշրջանային քաղաքականության ոլորտի), միջազգային, հասարակական, քաղաքական կազմակերպություններում և գիտակրթական, հետազոտական հաստատություններում,
- Վերհանել, վերլուծել և գնահատել կոնկրետ տարածաշրջաններում և երկրներում արտաքին և ներքին քաղաքական հիմնախնդիրները, կանխատեսել դրանց զարգացումները, ինչպես նաև առաջարկել դրանց լուծման միջոցներ,
- Զարգացնել իրենց գիտելիքներն ու կարողությունները մասնագիտական կրթությունը ասպիրանտական ծրագրով (այդ թվում՝ արտասահմանյան) շարունակելու միջոցով:
Ծրագրի առանձնահատկությունները
- Ծրագրում շեշտադրված է տարածաշրջանային ուսումնասիրությունների բաղադրիչը,
- Ծրագիրը միջառարկայական է՝ միակցում է տարբեր գիտաճյուղեր (տարածաշրջանագիտություն, հակամարտաբանություն, էթնոհոգեբանություն, անվտանգագիտություն, տնտեսագիտություն, աշխարհաքաղաքականություն, քաղաքագիտություն),
- Դասավանդումն իրականացվում է նորարարական մեթոդներով ու միջոցներով,
- Դասախոսների ընտրության համար հիմք են հանդիսացել նրանց մասնագիտական և դասախոսական փորձառությունը,
- Ծրագիրը նպատակ ունի համագործակցության ծրագրերի միջոցով ուսանողներին տալ արտերկրում ուսումնառությունը շարունակելու հնարավորություն,
- Ուսանողները կարող են անցնել մասնագիտական պրակտիկա, ապա նաև մասնագիտական աշխատանքի հայաստանյան առաջատար հետազոտական հաստատություններում և համապատասխան պետական, միջազգային կառույցներում:
Ծրագրի հակիրճ բնութագիրը
Ծրագրի տևողությունը երկու տարի է, որի ընթացքում ուսանողը կունենա 120 կրեդիտ ուսումնական ծանրաբեռնվածություն՝ բաղկացած պարտադիր և կամընտրական դասընթացներից, մասնագիտական պրակտիկայից և գիտահետազոտական աշխատանքից:
Ծրագիրը համակցում է քաղաքագիտական, տնտեսագիտական, աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական, էթնոհոգեբանական, տեղեկատվական, ռազմական և էներգետիկ անվտանգության ոլորտների դասընթացներ: Ծրագիրը տրամադրում է Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, ԱՊՀ տարածքում աշխարհաքաղաքական գործընթացների, Հայաստանի և հարակից երկրների, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների մասին համալիր դասընթացներ:
Դրան զուգահեռ ուսանողները հնարավորություն կունենան իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնելու հայաստանյան գիտաուսումնական, հետազոտական առաջատար հաստատություններում, համապատասխան պետական կառույցներում:
Ուսանողները փորձառու մասնագետների ղեկավարությամբ իրականացնելու են գիտագործնական, արդիական թեմաներով հետազոտական աշխատանքներ տարածաշրջանային ուսումնասիրությունների ոլորտում:
Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Ծրագրի հաջող ավարտին ուսանողները կտիրապետեն անհրաժեշտ գիտելիքների, հետազոտական ունակությունների
էթնոքաղաքական հակամարտությունների, դրանցում էթնոհոգեբանական, քարոզչական գործոնների և տեղեկատվական պատերազմների դերի, տարածաշրջանում էթնոժողովրդագրական արդի հիմնախնդիրների,
Անդրկովկասում և հարակից տարածաշրջաններում արդի աշխարհաքաղաքական գործընթացների, դրանցում ՀՀ-ի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի քաղաքականության հիմնատարրերի,
տարածաշրջանային գործընթացներում քրդական և իսլամական գործոնների դերի և ազդեցության, էներգետիկ աշխարհաքաղաքական գործոնների ու տարածաշրջանային ռազմաքաղաքական կազմակերպությունների դերակատարության ուսումնասիրության, գնահատման և դրանց համապատասխան ռազմավարական պլանավորման համար:
Լրացուցիչ տեղեկություններ
Ծրագրին դիմել կարող են հումանիտար գիտությունների ոլորտում բակալավրի աստիճան ունեցողները: Ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքով՝ հարցազրույցի հիման վրա: Ուսման վարձը կազմում է 400-450 հզ. դրամ: Կան պետպատվերի տեղեր:
Մանրամասը տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ծրագիրն սպասարկող ԵՊՀ Միջազգային հարաբերությունների Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն:
Ամբիոնի վարիչ՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Մ. Քեռյան
Ծրագրի ղեկավար՝ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ն. Ս. Գալստյան
Հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1
Հեռախոս՝ 010-55-16-94, 093-545-215






Facebook
Tweet This
Email This Post
