Օրհան Փամուկի «Ձյունը»` հայերեն

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 13, 2009 14:31
pamuk_award3

Փամուկը դստեր Ռյույային հետ

«Կանայք իրենց սպանում են հաղթանակ տանելու հույսով, իսկ տղամարդիկ` եթե հաղթանակի հույս չի մնացել», ու նաև` «կինն իրեն չի սպանում ոտնահարված հպարտության պատճառով, այլ որպեսզի ցույց տա, թե ինչ հպարտ է ինքը»: Այս տողերը թուրք գրող Օրհան Փամուկի «Ձյունը» վեպի բնութագրությունը կարող են լինել, ուր Գերմանիայից Կարս եկած կրթված բանաստեղծը պետք է պարզաբանի, թե ինչու են կանանց ինքնասպանություններն այդքան շատ քաղաքում և նաև գրի քաղաքապետի ընտրությունների մասին:
Օրերս «Նոյան տապան» գրախանութում աչքս ընկավ Փամուքի «Ձյունը»` հայերեն թարգմանությամբ: Գիրքը դեռ տեղ չէր գտել վաճառվող գրքերի շարքում, դրված էր սեղանին` գրախանութը նոր էր ստացել: Վեպի ռուսերեն թարգմանությունը վաղուց Հայաստան էր հասել, կարդացել էի, հիմա էլ հայերեն է թարգմանվել (թարգմանիչ` Հակոբ Սողոմոնյան): Առա ու կրկին կարդացի:
Թարգմանության մեջ երբեմն հանդիպող նախադասությունների ոչ այնքան ճիշտ դասավորությունը, բառերի ոչ այնքան հաջող ընտրությունը չի «ճնշում» ընթերցողին, ու ընթերցանությունը մինչև վերջ սահուն է ընթանում: Իհարկե, լավ կլիներ` թարգմանությունն արվեր բնագրից` թուրքերենից, և թուրքագետներ ունեցող երկրի ու թուրք ամենամեծ գրողի հետ կապող օղակը երրորդ լեզուն` ռուսերենը չլիներ: Սա թարգմանական արվեստի արմատական թերություն է, երբ ճանաչված գրողի գործերը թարգմանելու համար ոչ թե մասնագետ է պատրաստվում, այլ հեշտ ճանապարհ է ընտրվում ու երրորդ լեզվից է այն թարգմանվում, ինչպես, օրինակ, ժամանակակից սերբ գրող Միլորադ Պավիչի «Աստղային պատմուճան» գիրքը ռուսերենից թարգմանվեց: Այսուհանդերձ, քանի դեռ Փամուքը թուրքերենից չի թարգմանվում, այս թարգմանությունը խորհուրդ կտայի կարդալ:
Վեպում պատմողն Օրհան բեյն է, որ նույնանում է հեղինակի հետ: Փամուքն իր անունը սիրում է օգտագործել իր գործերում, ինչպես, օրինակ, «Իմ անունը կարմիր է» վեպում հերոսներից մեկի անունն Օրհան է, որ վերջում պարզվում է` գրքի հեղինակն է: «Ձյուն»-ում նախապես հայտնի չէ պատմողի անունը, և միայն վերջին գլխում` «Այնտեղ, ուր ավարտվում է աշխարհը», հերոսուհիներից մեկի շուրթերից հնչում է, որ պատմողի անունն Օրհան է:
Ուշադիր ընթերցողը կհասկանա, որ պատմողը նույն հեղինակն է, քանի որ մի տեղ նշվում է, որ պատմողի դստեր անունը հեղինակի աղջկա անունն է` Ռյույա (բառացի` երազ): Վեպը հենց աղջկան էլ նվիրված է: Գլխավոր հերոսը լրագրող Կան է, ում մասին պատմում է հեղինակը, որ նրա ընկերն է:
Գործողությունները կատարվում են Կարսում, ուր վերադարձել է երկար տարիներ Գերմանիայում վտարանդի Կան: Նա երբեք առանձնապես չէր հետաքրքրվել քաղաքականությամբ ու կարծես Կարս է եկել ոչ թե նյութ գրելու, այլ անձնական երջանկություն գտնելու համար, քանի որ շատ դժբախտ է: Հեղինակը մտածում էր, որ ինչ-որ գրքին կամ ձեռագրին ինքնամոռաց տրվելը սիրուց հեռու մնալու ճանապարհ է: Պարզվում է` երբ պոեզիան էլ երջանկություն չի բերում, առաջանում է քաղաքական ցեխի մեջ խրվելու պահանջ:
Կան արդարամիտ, բարեհոգի, օրինապահ և միշտ տխուր մեկն է, ով ինչպես Չեխովի հերոսները, իր բնավորության պատճառով անվճռական ու անհաջողակ է անձնական կյանքում: Ընդհանրապես ռուս գրողների հերոսներին արված հղումները քիչ չեն Փամուքի վեպում, որ մատնում են նրա նախասիրությունները: Օրինակ, մեկ այլ գլխում էլ հերոսն իրեն համեմատում է Տուրգենևի տխուր և ռոմանտիկ հերոսի հետ, իսկ հետո ասում, որ սիրում է նրան` Տուրգենևին, ով, հոգնելով իր երկրի անվերջանալի խնդիրներից և նախապատմական վայրենությունից, արհամարհել ու լքել էր այն, բայց Եվրոպայում կարոտելով ու երազելով սիրում էր հենց Ռուսաստանը:
Հայ ընթերցողն ավելի լավ է գիրքը կարդա որպես գրականություն, և շատ չքաղաքականացնի այն ու չզայրանա, որ հայերի անունները քիչ են: Հայ ընթերցողը միշտ կարող է հիշել, որ Փամուքը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություները մեկ միլլիոն հայ են կոտորել ու ավելի հանգիստ կարդա գիրքը: Հիշատակվում են միայն հայ երբեմնի մեծահարուստների անուններ և առանձնատներ, ինչպես նաև թռուցիկ նշվում է Կարսի հայկական պատմությունը:
Փոխարենը հետաքրքրությամբ են ընթերցվում եվրոպական Թուրքիայի, աշխարհիկ պետության կողմնակիցների և քաղաքական իսլամիստների միջև հակամարտության մասին էջերը, որոնք ամենաշատն են վեպում և կառուցվում են կանանց ինքնասպանության և գլխաշոր կրել-չկրելու շուրջ: Այս թեման` արևմուտք-արևելք հակասությունը և այդ հակասության մեջ արևելքցու ինքնության փնտրտուքն ու արևելքցի մնալով` ձգտումը դեպի արևմուտք Փամուքի հիմնական թեման է, որ նրան սիրելի է դարձնում նույն փնտրտուքն ունեցող հայաստանցի ընթերցողին:
Վեպի հերոսն էլ, որ եկել է Եվրոպայից, ուզում է հավատալ, որ հնարավոր է միաժամանակ եվրոպացի լինել և հավատալ Ալլահին (աթեիստ լինելու համար նախ պետք է դառնալ եվրոպացի` ասում է հերոսներից մեկը):
Նա ուզում է Աստված, որ կարող է մարդկանց դարձնել ավելի քաղաքակիրթ ու նրբանկատ, որի առջև ստիպված չի լինի հանել կոշիկները, ծնկի գալ ու համբուրել ինչ-որ մեկի ձեռքը, նա ուզում է իր միայնությունը տեսնող Աստված: Իսկ Կային Աստծո մասին հիշեցնողն ու նրան մերձեցնողը Կարսում տեղացող ձյունն է, որը որպես լեյտմոտիվ անցնում է վեպի սկզբից մինչև վերջ: Ձյունն էլ նրա սիրած տրամադրություններից է, որ հատկանշական է «Սև գիրքը» վեպին: Կարսում իրեն տրված տասնինը բանաստեղծությունները Կան գրել է` դրանք տեղադրելով փաթիլի պատկերի տասնինը կետերում:

Դիտվել է 3361 անգամ:
Print Friendly

Leave a Reply