Տարեվերջին զինծառայողների իննսուն ընտանիքներ բնակարանամուտ կնշեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 4, 2012 11:20

Զինծառայողների ընտանիքները այս տարվա ընթացքում եւս կապահովվեն բնակարաններով: Զինծառայողներին բնակարանով ապահովելու ծրագրի շրջանակներում այս տարի շահագործման կհանձնվի բնակելի երեք շենք` 90 բնակարանով, որոնք կառուցվում են Գյումրիում եւ Քարվաճառում, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` այս մասին տեղեկացրին Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կառուցվող շենքերում բնակարանամուտը նախատեսված է 2012թ. 4-րդ եռամսյակի ընթացքում: 2012թ. ընթացքում շինարարական աշխատանքներ կսկսվեն Երեւան, Արարատ քաղաքներում, Վայոց ձորի Խաչիկ համայնքում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը զինծառայողներին բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու ծրագիր ներկայում չի իրականացնում: Հերթացուցակներում ընդգրկված բոլոր զինծառայողները փուլ առ փուլ կապահովվեն բնակարաններով` բնակարանային հերթացուցակներում հաշվառման ամսաթվին համապատասխան:

2011թ. ընթացքում ծառայողական բնակարաններով ապահովվել է 223 զինծառայող: Ծառայության վայրում ծառայողական բնակարանների բացակայության դեպքում զինծառայողների կողմից վարձակալած բնակարանների դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունը տրամադրում է ֆինանսական փոխհատուցում: 2011թ. ընթացքում 872 զինծառայողի տրվել է վարձակալած բնակարանների դիմաց դրամական փոխհատուցման թույլտվություն, ինչը, գործող կարգի համաձայն, համարժեք է ծառայողական բնակարանով ապահովելուն:

 

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply