Հայաստանում մայիսին գնանկում է արձանագրվել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 4, 2012 11:17

Այս տարվա մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3 տոկոս գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.4 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների, համապատասխանաբար, 0.2 տոկոս և 0.1 տոկոս հավելաճ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա մայիսին 2011թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.5 տոկոս, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 99.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 104.0 տոկոս, ծառայությունների սակագներինը` 101.7 տոկոս, իսկ հունվար-մայիսին 2011թ. հունվար-մայիսի համեմատ` համապատասխանաբար 102.5 տոկոս, 102.4, 103.9 և 102.0 տոկոս:

2012թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.6 տոկոս գնանկում, ինչի վրա իրենց անմիջական ազդեցությունն են թողել բանջարեղենի, նաև կարտոֆիլի, կաթնամթերքի, ձվի գների նվազումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 15.5-0.2 տոկոս գնանկում, 4-ում’ 0.1-0.2 տոկոս գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կահույքի 0.2 տոկոս, խոհանոցային սպասքի 0.2 տոկոս գեղահարդարման ապրանքների 0.2 տոկոս, շինանյութերի 0.3 տոկոս, ոսկերչական ապրանքների 0.4 տոկոս, տեքստիլեղենի’ 0.6 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների 0.7 տոկոս, կոշկեղենի’ 1.0 տոկոս, լվացող միջոցների’ 1.7 տոկոս գնաճով: Դրան զուգընթաց, մշակույթի ապրանքների գները նվազել են 7.4 տոկոսով, այգեգործական ապրանքներինը’ 0.9 տոկոսով, վառելիքինը’ 0.5 տոկոսով, հագուստինը և գործվածքինը’ 0.2 տոկոսով, իսկ դիտարկվող մյուս ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2012թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.3 տոկոս գնաճ, իսկ դիզելային վառելիքի գինը մնացել է անփոփոխ:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2012թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է սակագների 0.1 տոկոս հավելաճ, ինչը մեծապես պայմանավորվել է կենցաղային բնույթի 0.1 տոկոս, բնակարանային-կոմունալ 0.1 տոկոս, իրավական ու բանկային 0.1 տոկոս, հանրային սննդի 0.3 տոկոս, կրթության համակարգի 0.4 տոկոս, բուժսպասարկման 0.6 տոկոս ծառայությունների սակագների հավելաճով:

 

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply