Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը Լոս Անջելեսի` ՀՀ գլխավոր հյուպատոսության պատկերասրահում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 2, 2012 15:10


Հունիսի 1-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության պատկերասրահում բացվեց ֆրանսիահայ նկարիչ Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսը` «Երևակայական բնապատկերներ» խորագրով: Ցուցահանդեսի շրջանակներում մեկ ամիս շարունակ ամերիկահայ համայնքին կներկայացվեն նկարչի բնանկարներն ու քանդակները:

Ժան Կազանչյանի անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լոս Անջելեսի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ` նկարիչներ, ռեժիսորներ, արվեստաբաններ, հասարակական և քաղաքական գործիչներ:

ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ողջունելով «Հայաստանի տանը» Ժան Կազանչյանի ցուցահանդեսի բացումը, շեշտեց, որ հյուպատոսության այդ նախաձեռնությունը ուղղված է համայնքի նշանավոր դեմքերին առավելագույնս ճանաչելի դարձնելուն և այն շարունակական կլինի:

Ցուցահանդեսին ներկա էին և ելույթի խոսքով հանդես եկան նաև Ժան Կազանչյանի կինը` արվեստաբան Քրիստին Արժիլեն և Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի պրոֆեսոր, սյուրռեալիզմի վերլուծաբան, քննադատ Գլորիա Օբերսթայնը:

Հայտնի նկարիչը բազմիցս ցուցադրվել է աշխարհի շատ երկրների հեղինակավոր սրահներում: Ժան Կազանչյանը ծնունդով մուսալեռցի է, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Լիբանանում, երկար տարիներ ապրել Ֆրանսիայում: Անվանի նկարիչը այժմ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ–ում:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply