«Ժառանգություն» կուսակցության համագումարը մեկնարկեց առանց «Ազատ դեմոկրատների» պատգամավորների մասնակցության

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 2, 2012 13:50

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նորընտիր պատգամավորները չեն մասնակցում «Ժառանգություն» կուսակցության համագումարին, որը քիչ առաջ մեկնարկեց ՀՀ գրողների միության դահլիճում:

Դիմելով ներկաներին՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ այս վերջին շրջանը բացահայտեց երկրի որակների ողջ էությունը:

«Մեր երկրում, այնուամենայնիվ, կան հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ, ովքեր կարող են մերժել փողի, սպառնալիքի ազդեցությունը, և քվեարկել խղճով: Սա արժեք է, և ես դրանով եմ ուզում սկսել համագումարը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ քաղաքացիները, ովքեր առանց փողի քվեարկել են, նրանք են ազատ քաղաքացիներն ու Նոր Հայաստանի ստեղծողները:

«Ես երախտագիտություն եմ հայտնում մեր թիմին, մեր երիտասարդներին, մեր թեկնածուներին, մեր կամավորներին: Նրանք տարել են շատ մեծ աշխատանք, որպեսզի երկրում տեղի ունենան ազատ ընտրություններ, սակայն մենք ևս մեկ անգամ դե ֆակտո ունեցանք խորհրդարան, քանի որ, եթե լիներ իրավացի ընտրություն, և ժողովուրդը հարգեր իր օրինավոր պարտականությունը, ապա նման արդյունք չէր լինի, և մենք մեր նախատեսած 25 տոկոսը կունենայինք, ապա մենք մեր ընդդիմադիր ընկերների հետ կունենայինք որակյալ մեծամասնություն»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս ընտրությամբ հաղթող չի եղել, այլ պարտվել է ամբողջ ժողովուրդը:

Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, որ ամեն ինչից զատ իրենցկուսակցության պատգամավորները պետք է գնան ԱԺ և շարունակեն իրենց սկսած աշխատանքները:

Համագումարը դեռ շարունակվում է։ «Ժառանգություն» կուսակցությունում այսօր ընտրելու են նաև կուսակցության վարչության անդամներին, իսկ վարչությունը իր հերթին կընտրի նախագահ: Հենց վարչությունն էլ կորոշի, թե ով է «Ժառանգություն» կուսակցությունից գնալու ԱԺ:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում «Ժառանգություն» կուսակցությունը հավաքեց ընտրողների 5 տոկոսը: Ըստ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակից ԱԺ պատգամավորներ են ընտրվել կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

tert.am

 

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply