Պատահակա՞ն է արդյոք վատ խաղը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 1, 2012 20:46

Մարզասերները տեղյակ են, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ավստրիայում կայացած ընկերական խաղում 0:1 հաշվով զիջել է Հունաստանի թիմին: էական չէ հաշիվը, այլ այն, որ մեր երկրի ընտրանին այս անգամ դժգույն տպավորություն թողեց: Հավաքականի մարզիչն էլ աչքի ընկավ այն բանով, որ մրցավարի կողմից հեռացվեց մեր թիմի պահեստայինների նստարանից:
Ինչպես հայտնի է, Վարդան Մինասյանն այլևս «Փյունիկի» գլխավոր մարզիչը չէ և, թերևս, նա մարզչական աշխատանքի պրակտիկայի պակաս ունի: Ի դեպ, խաղից առաջ մասնագետը հրապարակավ խոստացել էր որևէ նոր տարբերակ կիրառել, բայց ոչինչ չստացվեց:
Հունիսի 5-ին Հայաստանի հավաքականը Երևանում մրցելու է թույլ հակառակորդի, միջազգային դասակարգման աղյուսակում 137-րդ հորիզոնականը զբաղեցնող Ղազախստանի հավաքականի հետ: Այդ հանդիպումից հետո պարզ կդառնա, թե ինքանով է պատահական այն վատ խաղը, որը մեր թիմի ֆուտբոլիստները ցուցադրեցին Հունաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումում: Թերևս, միայն բացառություն էր դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որ թեև ներկայումս իր ակումբում` Մոսկվայի «Դինամոյում», խաղալու հնարավորություն գրեթե չի ստանում, սակայն հրաշքներ գործեց, 11 մ-ոց տուգանային երկու հարված ետ մղեց:
Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ասելիք չի ունեցել:
Ահա թե ինչ են հայտնել Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը և հաղթական գոլի հեղինակ Կիրյակոս Պապադոպուլուսը.
Ֆերնանդու Սանտուշ.- Մենք լավ էինք խաղում առաջին խաղակեսում, հատկապես` առաջին 30 րոպեներին։ Թիմը կազմակերպված էր գործում և գնդակը գերազանց խաղարկում: Ցավոք, մեր խաղացողները մի քանի դրվագում չկարողացան նպաստավոր դիրքերից գրավել մրցակցի դարպասը:  Երկրորդ խաղակեսում  այնքան էլ լավ չդրսևորեցինք մեզ։ Խաղադաշտի կենտրոնում թիմի խաղն ասես կտրված էր: Հետևություններ պետք է կատարել և թերությունները շտկել:
Կիրյակոս Պապադոպուլուս.- Գերազանց հանդես եկանք առաջին խաղակեսում և գնդակ խփեցինք մրցակցի դարպասը։ Երկրորդ խաղակեսում մրցակիցը փորձեց ճնշել: Դեռևս Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլում ենք:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply