Վանաձորի կենտրոնական շուկայի մոտ հայտնաբերվել է հնագույն դամբարան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 20, 2009 18:25

Վանաձորի կենտրոնական շուկայի մուտքի մոտ երեկ խանութի հիմք փորելու ժամանակ հայտնաբերվել է հնագույն դամբարանատեղի:

Այսօր Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը եւ գիտաշխատող Հրաչիկ Մարուքյանը նախնական տեղազննություն կատարեցին, լուսանկարեցին դեռեւս քարերով ծածկված գտածոն՝ առանց քարերը տեղաշարժելու, լսեցին ականատեսներից մեկին, ըստ որի` փորելու ժամանակ բահը 2 մետր խորության վրա դեմ է առել ինչ-որ քարի, որը հարվածներից կոտրվել է:

Կոտրված քարի տակից երեւան են եկել մարդու ոսկորներ, իսկ լապտերով բացված ճեղքից հնարավոր է եղել տեսնել ենթադրաբար սեւ տուֆից պատրաստված քարե «դագաղ», մյուս ծայրում` մարդու գանգ: Ըստ. Գերյանի եւ Մարուքյանի` հավանականությունը մեծ է, որ առայժմ միայն մի ծայրով տեսանելի, հիմնական մասով` դեռեւս հողի հաստ շերտի տակ (վերեւում` Վանաձորի կենտրոնական շուկայի մուտքի աստիճանաշարն է) գտնվածը կամ քարե սարկոֆագ է (ամբողջական քարից փորված) կամ քարերից պատրաստված գերեզման:

Սակայն երկու դեպքում էլ պարզ է, որ խոսքը նախաքրիստոնեական գերեզմանատեղիի մասին է, իսկ 1,5-2 մետր հաստությամբ հողի շերտը մոտավոր պատկերացում կարող է տալ գերեզմանի տարիքի մասին. հողի յուրաքանչյուր մեկ մետրը խոսում է մոտավորապես 1000 տարվա մասին:

Մասնագետներին դեռեւս հարկ կլինի պարզել, թե իրականում ինչ է գտնվել: Գերյանը պատրաստվում է դեպքի վայր հրավիրել երկրագիտական թանգարանի աշխատակիցներին` համատեղ ուժերով պարզելու հետագա անելիքը:

Դիտվել է 2751 անգամ:
Print Friendly

Leave a Reply