Հայաստանի ճարտարապետների միության հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 1, 2012 15:01

Հերթական անգամ ցավով արձանագրում ենք, որ ՀՀ կառավարության լիազոր մարմինների եւ Երեւանի քաղաքապետարանի բացահայտ անգործության ու թողտվության պայմանններում շարունակվում է Երեւան քաղաքի ճարտարապետական հուշարձանների ոչնչացումը: Երևանը զրկվում է իր բարձրարժեք ճարտարապետական հայտնի կոթողներից եւ դա կատարվում է կարծես դիտավորությամբ եւ նույն ձեռագրով:

Արդեն իսկ անվերադարձ կորցրել ենք Բունիաթյանի Սեւան հյուրանոցը ու դրա տրամաբանական շարունակություն հանդիսացող Արդարադատության նախարարության շենքը, Շինարարների ակումբի (սպորտ կոմիտեի) շենքը (ճարտ.՝ Հալաբյան, Քոչար, Մազմանյան), Երիտասարդական  պալատի շենքը եւ բազմաթիվ այլ բարձրարժեք շենքեր կրել են շոշափելի փոփոխություններ, որի արդյունքում զգալիորեն տուժել է Երեւան քաղաքի ճարտարապետական միջավայրը:

Այս անգամ զոհասեղանին է Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկան, հայ ճարտարապետության երախտավորներից մեկի` Գրիգոր Աղաբաբյանի հայտնի ստեղծագործությունը, որն ընդգրկված է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում:

Առավել վրդովեցուցիչ է այն հանգամանքը, որ նման բարձրարժեք օբյեկտում շինարարական աշխատանքներ են իրականացվում բազմաթիվ ստուգող ու վերահսկող մարմինների քար լռության պայմաններում` առանց համաձայնեցված նախագծի եւ շինարարության թույլտվության, ոտնահարելով ՀՀ օրենսդրության պահանջները, այդ թվում նաեւ միջավայրում նախատեսվող փոփոխությունների մասին հասարակությանն իրազեկելու մասով:

Փաստորեն ոչ միայն հասարակությունը, այլեւ պետական մարմիններից որևէ մեկը լիարժեք պատկերացում չունի, թե ինչ է ի վերջո կառուցվելու ավերվող հուշարձանի տեղում:

Սահմանագիծ քաշելու ժամանակն է այլեւս:

Հայաստանի Հանրապետության օրենքներով հստակ սահմանված են հուշարձանների պահպանության, նախագծման եւ շինարարության պայմաններն ու ընթացակարգերը, որոնք տարածվում են բոլոր կառուցապատողների և անշարժ գույքի սեփականատերերի վրա` առանց բացառության:

Իրավասու մարմիններից պահանջում ենք վերջապես պատժել օրինախախտողներին` այդ թվում հանցավոր անգործության մատնված պետական պաշտոնյաներին:

Ապահովել քաղաքաշինական գործունեության իրականացման օրինականությունը ամբողջական ընթացակարգով` սկսած տարածքի ինժեներական հետազոտումից մինչեւ շինարարության ավարտի փաստագրումը, ինչպես նաեւ հրապարակայնությունը` յուրաքանչյուր փուլում:

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply