Վենետիկում անցկացվել է «Հայաստան. նոր շուկա իտալական ընկերությունների համար» խորագրով գործարար համաժողով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2012 14:41

Մայիսի 25-ին Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Վենետիկում անցկացվեց «Հայաստան. նոր շուկա իտալական ընկերությունների համար» խորագրով գործարար համաժողով:

Համաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Զարգացման Հայկական գործակալությունը, «Ինֆոարմենիա» կազմակերպությունը, Վենետիկի քաղաքապետարանը և Բիզնեսի եվրոպական գործակալությունը:

Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 80 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ Վենետո նահանգից:

Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ.Հարությունյանը և Զարգացման Հայկական գործակալության տնօրեն Ռ.Հարությունյանը, ովքեր իրենց ելույթներում ներկայացրեցին Հայաստանում առկա բիզնես միջավայրը և վերջինիս բարելավման նպատակով իրականացվող հետևողական քայլերը, ներդրումային քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը, մշտապես կատարելագործվող համապատասխան իրավական դաշտը: Համաժողովի մասնակիցներին ներկայացվեցին նաև Հայաստանի արտահանման/ներմուծման ցուցանիշները և հիմնական ոլորտները, միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված գնահատականները: Մասնակիցները տեղեկացվեցին նաև Հայաստանում արդեն իսկ գործող իտալական ընկերությունների գործունեության մասին:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Բ.Սահակյանը, ով իր ելույթում անդրադարձավ հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող գործունեությանը և առկա ծրագրերին: Գոհունակությամբ նշվեց տվյալ բնագավառում 2011թ. կտրվածքով արձանագրված զգալի առաջընթացը և ընթացիկ տարում ևս պահպանվող դրական զարգացումը: Նշվեց նաև հայաստանյան շուկայի հանդեպ իտալական ընկերությունների հետաքրքրության աճի մասին: Առանձնահատուկ ընդգծվեց այն հանգամանքը, որ Հայաստանը, տարածաշրջանի երկրներից շատերի հետ առևտրատնտեսական ամուր կապեր և ազատ առևտրի մասին պայմանագրեր ունենալու շնորհիվ, կարող է Իտալիայի համար շահավետ գործընկեր հանդիսանալ հայ-իտալական համատեղ արտադրանքը տարածաշրջանի շուկաներ արտահանելու տեսանկյունից:

Համաժողովին մասնակցող Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ա.Ղազինյանը անդրադարձավ ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների վերջին զարգացումներին, մասնավորապես` ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման պարագայում փոխգործակցության խորացման հեռանկարներին:

Համաժողովի ավարտին ՀՀ պաշտոնյաները պատասխանեցին իտալացի գործարարների հարցերին:

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply