Նախագահն ու արտգործնախարարն ընդունել են ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 20, 2009 17:46

d5b6d5a1d5add5a1d5a3d5a1d5b0Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուին: Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը եւ ընդգծել, որ հարաբերությունների հաստատումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում: Թինա Քեյդանաուն նշել է, որ Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով բազմիցս է արտահայտել իր այդ դիրքորոշումը եւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մյուս փուլերում եւս շարունակելու է հավատարիմ մնալ դրան:

Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներին եւ մեր երկրում ժողովրդավարական գործընթացներին: Տիկին Քեյդանաուն կարեւորել է ժողովրդավարացման ուղղությամբ նկատելի առաջընթացը եւ վերջերս կիրառված համաներումը`նշելով, որ այն եւ դրան հաջորդած քայլերը դրական մեծ ազդակ են ժողովրդավարացման գործընթացների առումով:

nalbandian-tina-kaidanowԱյսօր  Քեյդանաուին ընդունել է նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը եւ բարեկամական գործընկերության եւ համագործակցության ամրապնդումը:

Նրանք  խոսել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացին ԱՄՆ աջակցության եւ այդ ուղղությամբ ձեռնարկված ջանքերի համար:

Կողմերն անդրադարձել են նաև Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներին:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply