Միասնական քննությունները մեկնարկեցին. այսօր քննություն է հանձնում 2727 դիմորդ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2012 11:53

Մեկնարկեցին միասնական-ավարտական քննությունները: Այսօր դիմորդ-շրջանավարտները քննություն են հանձնում Կենսաբանություն (1938 դիմորդ), Աշխարհագրություն (392 դիմորդ) և Ընդհանուր պատմություն (397 դիմորդ) առարկաներից: Երևանում և Սյունիքում ձևավորվել են 2-ական, մնացած մարզերում մեկական քննակենտրոններ:

Երեք ժամ տևող քննության ընթացքում դիմորդները պետք է լրացնեն 80 հարցերից բաղկացած թեստը. հարցերի մի մասը ընտրովի պատասխաններ է ենթադրում, մյուս մասն էլ` լուծում և պատասխանի ամրագրում:

Երևանի քննակենտրոններից մեկը 189 ավագ դպրոցն է. այստեղ 304  դիմորդ քննություն է հանձնում Կենսաբանություն առարկայից (14 դիմորդ չի ներկայացել քննությանը):  Ճանապարհից սլաքներով ցուցանակները մատնանշում են դպրոցի տեղակայումը. այն շենքերի բակում է: Դպրոցի բակում արդեն ծնողներն են, երեխաների նման կամ գուցե և ավելի շատ հուզված:

Տիկին Ջուլիետայի կրտսեր դուստրը դիմել է Մանկավարժական համալսարանի Հատուկ հոգեբանություն բաժինը: Չնայած ընտանիքում առաջին անգամ չէ, որ դիմորդ ունեն, մայրը նշում է, որ առաջինի պես հուզվում է. «Ինձ համար նույն հուզմունքն ու ապրումներն են»:

Այսօրվա քննություն հանձնողներից Մանվելը դիմել է ԵՊՀ դեղագործության  ֆակուլտետ: Ասում է, որ  2010-ի և 2011-ի քննական թեստերը  լուծել է` և հեշտը կա և դժվարը: Հույս ունի, որ այս տարվա թեստերը նախորդներից ավելի բարդ չեն լինի:  Մանվելը ավագ դպրոցի բնագիտական հոսքում է սովորել, ասում է, որ շաբաթական 8 ժամ կենսաբանություն է անցել և համարելով, որ դպրոցի գիտելիքները բավարար են, քիչ է պարապել, ընդամենը 3 ամիս:

17-ամյա Սոնան ևս դիմել է ԵՊՀ դեղագործության ֆակուլտետ: Մեկ տարի պարապել է կրկնուսույցի մոտ, չնայած ասում է, որ դպրոցում կենսաբանությունը լավ են ուսումնասիրել: Նախորդ տարիների թեստերը լուծել է և նվազագույնը 14 է ստացել: Հույս ունի, որ բարձր բալեր կհավաքի:

Քրիստինեն էլ Բժշկական համալսարանի դիմորդ է: 6 ամիս պարապել է կրկնուսույցի մոտ. ասում է, որ դպրոցի գիտելիքները բավարար չեն քննության համար: Կարծում է, որ այս տարվա թեստերը բարդ են լինելու. դիմորդները շատ են:

Քննության մեկնարկից հետո ծնողներին թույլատրվում է մոնիտորների միջոցով հետևել քննասենյակում տիրող իրավիճակին: Ծնողները միանգամից ներխուժում են սենյակ ու ամեն մեկը մոնիտորների վրա փորձում է գտնել իր երեխային: Աղմուկ-աղաղակ է բարձրանում, հիմնականում դժգոհում են, որ մոնիտորները քիչ են, որ պատկերը հեռվից է և իրենց երեխայի դեմքը չեն կարողանում տեսնել կամ էլ չեն կարողանում գտնել: Մի քանի րոպե «պայքարից» հետո որոշ ծնողների հիասթափված դեն են քաշվում. միևնույն է, իրենց երեխային չեն կարողանում գտնել: Ոմանք էլ, ճանաչելով իրենց երեխային, հանգստանում են: «Աղջկաս գտա, գրում է, նշանակում է, որ ամեն ինչ լավ է»,- ասում է տիկին Հերմինեն:

Թե ինչ բարդության են այս տարվա թեստերը, պարզ կդառնա քննության ավարտից հետո: Իսկ գնահատականները պարզ կդառնան քննության ավարտից հետո 5-օրյա ժամկետում:

 

Կարդացեք նաև`

Դիմորդներն այս տարի կկարողանան բուհ դիմել 2 անգամ

Այս տարի դիմորդների թիվն ավելացել է

Դիտվել է 1907 անգամ:
Print Friendly

Leave a Reply