Հանգիստ. անհանգիստ բնության մեջ բացահայտվում է մարդն ու անհայտ Հայաստանը

Շաբաթվա լուր | | June 13, 2009 14:24

mayramut1«Դու ո՞վ ես, որտեղի՞ց հայտնվեցիր,- վախեցած, հարցական հայացքով վրաս նայեց ամիրխերցի տատիկը, երբ իր դիմաց տեսավ ինձ` բանդանայով, մորուքավոր, արևից սևացած, ռազմական հագուստով ու դանակը կողքիցս կախ»:
«Ժուռնալիստ եմ, տեղանքն եմ ուսումնասիրում, նյութ եմ գրում»,- ասացի ես:
«Արշավների ժամանակ լրագրող ներկայանալը «հարցաքննությունից» ազատվելու ամենահեշտ ու անվնաս տարբերակն է: Մի պահ թվաց` տատիկն ինձ թուրքի տեղ դրեց»,- պատմում է արշավի սիրահար 27-ամյա Գրիգոր Գրիգորյանը:
Մասնագիտությամբ ցանցային ադմինիստրատոր Գրիգորը 17 տարեկանից ոտքով բացահայտում է մի այնպիսի Հայաստան, որի մասին չես գտնի տուրիստական ուղեցույցներում ու Հայաստանի մասին պատմող լուսանկարներում: Երբ Գրիգորն ամեն անգամ իր բլոգում (vedmed-grizli.livejournal.com) տեղադրում է իր հայտնաբերած Հայաստանը, այցելուները զարմանում են` մի՞թե սա մեր երկիրն է:
Իջևանի ամիրխերցի տատիկի հետ հանդիպումն Իջևան-Սևան արշավի ճամփին էր, որը նա անցյալ մայիսին ոտքով անցել է երեք օրում:
Առավոտյան քնից վեր կացավ, դասավորեց եռօրյա արշավի համար անհրաժեշտ պարագաները` 2 դանակ, կատելոկ, ննջապարկ, անձրևային թիկնոց, վրան, կացին, սղոց, սպիրտ, դեղատուփ, պահուստային հագուստ ու հասավ Իջևան:
Լիցքաթափվելու ու սեփական եսի հետ առանձնանալու ինքնամոռաց պահանջը նրան հասցրել էր տատիկի զարմացած հայացքի դիմաց, որ սկսել էր կասկածել` չլինի՞ հատել է սահմանն ու ադրբեջանական գյուղ է մտել:
Արևն այրում էր, հոգնածությունը` սպանում: Գյուղի խանութից աղ ու պաղպաղակ վերցրեց, 45 կգ-անոց պայուսակը համալրեց անհրաժեշտ պարագաներով ու շարունակեց ճամփան:
«Իջևանից ուտելիքն առա, մի տեղացի տղա էլ ինձ ուղեկցեց մինչև Գանձաքար գյուղ, քանի որ ճանապարհը չգիտեի: Մարտական էի տրամադրված. պիտի հաղթահարեի դժվար ու երկար երթուղին ու ինքս ինձ ապացուցեի` «Ես կարող եմ»: Բնության մեջ մենակությունն ինձ ազատություն է տալիս. ինքդ քեզ հետ ես` արդար ու առանց վախի, ոչ ոքի չես բողոքում, կարող ես բարձրաձայն մտածել ու արտահայտվել` առանց վախենալու, որ քեզ կլսեն: Իսկ մենախոսությունից վատ չզգալու համար կարող ես քեզ ձայնագրել հեռախոսով: Երբ մի քանի հոգով ենք լինում, պատասխանատվության զգացողություն եմ ունենում, իսկ այդ ժամանակ ես ինձ համար պատասխանատու չէի, քայլում էի` «на удачу»:
Բնությունը թարմ էր ու ճնշող. ձմռան քնից դեռ չարթնացած անտառում շունչ չկար: 3 ժամ քայլելուց հետո միայն սարի գագաթին նկատեց, որ ծանր մտքերն իրեն հանգիստ են թողել: Բնությունը ստիպում էր վայելել իրեն: Ճանապարհին սկսեցին գայլի ու արջի ոտնահետքեր հանդիպել: Զինվեց ինքնապաշտպանության համար նախատեսված դանակով: Մարդկային վախին փոխարինելու եկավ կենդանական-ինքնապաշտպանական բնազդը. «Ագրեսիվ զգացողություն է, եթե դիմացդ ինչ-որ բան դուրս գա, առաջինը դու կհարձակվես վրան, ոչ թե ինքը` քո»:
Երեկոյան 6-ին հասավ Չայքենդ (նոր անունը` Դպրաբատ): Գայլերի ոռնոցները ստիպեցին գիշերելու համար վրանից ապահով տեղ փնտրել: Սարի գլխին փայտե դատարկ տնակ տեսավ: Կես ժամ փնտրելուց հետո լեռների արանքով հոսող խմելու սառնորակ ջուր էլ գտավ: Վառեց կաթսան, գրեչկա եփեց, կիլկիով կերավ: Կելսկիի մոտիվների տակ վայելեց նաև սնիկերսն ու հավաքելով իրերը` մտավ լքված տնակ` գիշերելու:
«Պառկած եմ քնապարկի մեջ` դանակը ձեռքումս պինդ բռնած: Տանիքի գլխին ինչ-որ բան է թխկթխկում, լսում եմ նաև գայլերի ոռնոցները: Ինձ թվաց` գայլը տանիք է բարձրացել, մտքումս ասացի` ,դաաա, բարև ձեզե: Չդիմացա, վեր կացա տեղիցս: Ծիծաղիս չափ չկար, որ տեսա` տանիքից պոկված շիֆերն է թխկթխկացնում: Գիշերը քնեցի տնակի դուռը բաց` առանց վախի»:

Գրիգորի երթուղին

Գրիգորի երթուղին

Արշավի երկրորդ օրը լի էր տեղանքի նոր բացահայտումներով: Ճանապարհին հանդիպում էին գյուղեր` մեկը մեկից հին ու հետաքրքիր: Մինչ հիմա տպավորված է Չայքենդից 2կմ հեռու գյուղացիների ձեռքով կառուցած հուշարձանը` «Դուդուկ», որ կանգնեցրել են հարսանիքների վարպետի պատվին: Տեղացիներն ամեն կիրակի խմբով պարտադիր այցելում են հուշարձան ու էնտեղ ճաշում:
«Ամեն գյուղ մտնելիս զարմանում էի` ոնց են մարդիկ ապրում. կարծես քաղաքակրթությունն այնտեղ չի հասել: Ոնց որ 18-րդ դարը լիներ: Ամիրխերում հատկապես զարմացել էի տեխնիկայի հնության վրա. տեղի մեքենաները հիշեցնում էին 1920 թիվը: Գյուղից հեռանում ես: Քայլում ես ու թվում է` կենդանի շունչ էլ չես տեսնելու: Մեկ էլ հանկարծ` կիսակառույց տուն անտառում, ոնց որ հեքիաթում: Չես կարողանում հասկանալ` կորած- մոլորված անտառի մեջ, ուր ոչ մի շունչ չկա, ո՞նց կարող էր մարդ տուն սարքել»:
3-րդ օրը բնությունը Գրիգորի համար դարձել էր «կանաչ դժոխք»: Հոգնածությունը տեղի էր տալիս, ոտքերը դավաճանում էին: Մնացել էր հաղթահարել վերջին բարձունքը` Մրմուռ սարը: Պայուսակը թեթևացնելու համար ազատվել էր ուտելիքից: Քայլում էր ցեխերի միջով: Մինչև ոսկորները թրջվել էր անձրևից:
«Այնքան հոգնած էի, որ կողքիս ոչինչ չէի նկատում: Ճանապարհը հաղթահարելուց բացի ուրիշ ոչ մի բանի մասին չէի համարձակվում մտածել: Անընդհատ մի բան էի կրկնում` умный в гору не пойдет, умный гору обойдет: Էնպիսի զգացողություն էր, որ տեղում մեռնելու եմ: Հետ գնալ չէի կարող, քանի որ շատ ճանապարհ էի անցել, բայց և առաջ գնալ էլ չէի կարող: Դրա համար էլ հեռախոսով նկարեցի ինձ, որ եթե մեռնեմ, գոնե ինձնից հիշատակ մնա: Մոտս մնացած միակ սնիկերսի կտորները գցում էի բերանս, որ գլյուկոզայի զգացողությունը չկորցնեմ»:
4 ժամ տեղացած անձրևին հաջորդեց կարկուտը, ապա` ձյունը: Երբ մթության մեջ տեսավ ձյան մեծ շերտերը, հասկացավ, որ գագաթին է մոտենում: Խիտ մառախուղը գլորվելով փաթաթվեց ծնկներին. թվաց` խոտի խոնավությամբ հագեցած օդի մեջ է: Մայրամուտի տեսարանը մի պահ ստիպեց մոռանալ հոգնածությունը:
«Երկրոդ անգամ այս նույն ճանապարհը գնալուց առաջ կմտածեի, բայց միայն մայրամուտի տեսարանը ևս մեկ անգամ տեսնելու համար էլի կգնայի»:
Գիշերը 12-ին իջավ սարից: Իջնելիս գոռում էր: Գոռոցը հույս էր. «Այդ պահին հոմո սափիենս կոչվելու իրավունք չունեի, քանի որ ինձ զգում էի իբրև «ազատ կենդանի»:

Հաղթանակի զգացողությունն եղավ այն պահին, երբ Սևանից` Շորժայից պատահական մեքենայով հասավ մայրաքաղաք ու մտավ տուն:

«Քաղաքն ինձ համար քարե ջունգլի է, իսկ բնությունը երբեք չի կարող մարդուն հասցնել սթրեսային վիճակի: Բնության մեջ միանգամից բացահայտվում է իրական կերպարդ»:

Դիտվել է 3120 անգամ:
Print Friendly

Leave a Reply