Հակոբ Չաքրյան. Հայ-թուրքական հարաբերությունների իմաստը գերագնահատվում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 20, 2009 16:04
dscn2180

Հակոբ Չաքրյան, Երվանդ Բոզոյան

«Հայ-թուրքական հարաբերությունների և Թուրքիայի հետ սահմանի բացման իմաստը գերագնահատվում է»,- այսօր իր կարծիքը լրագրողներին ներկայացրեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Նա ասում է, որ երբ մի բանի մասին չափից դուրս շատ է խոսվում, նշանակում է, որ այն շահարկվում է. ընդ որում, շահարկվում է երկուստեք: «Ըդդիմությունը շահարկում է Արձանագրությունները, իշխանություններն էլ պատասխաններն են շահարկում(նկատի ունի իշխանությունների կողմից պարբերաբար հնչող հայտարությունները, որ ճիշտ ռազմավարություն են իրականացնում),- ասում է Չաքրյանը,- եթե լուրջ քննարկում լիներ, ապա ստիպված կլինեին լուրջ վերլուծություններ անել, իսկ  ես չեմ տեսնում որևէ լուրջ քննարկում»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասաց, որ հայկական վերլուծական միտքն(չբացառելով նաև իրեն) ու քաղաքական վերնախավը մեծ մեղք ունեն նրանում, որ հայ հասարակության մի զգալի շերտ գաղափար չունի ընթացող զարգացումների իրական պատկերի մասին:

«Միջազգային վերլուծական լրահոսում քննարկվում է մի բան, իսկ մեր հանրությունում `բոլորովին այլ,- ասում է նա,- ընդդիմությունը բարձրաձայնում է պատմական անցյալի վերաբերյալ հարցեր, սակայն իրականում ակտիվացել է Ղարաբաղի հարցը»:

Բոզոյանն ասում է, որ ֆուտբոլային քաղաքականությամբ ԼՂՀ-ի խնդիրը սառեցվածից վերածվեց ակտիվ քննարկվողի:
«Իսկ երբ առաջ քաշվեց սահմանի բացման հարցն ու այն ֆետիշացվեց, սկսեց զգացվել այն ազդակը,  որ Հայաստանը պատրաստ է գնալ զիջումների,- ասում է նա,- Իսկ թուրքական կողմի նախապայմանը Ղարաբաղի մասով միշտ էլ եղել է` սկսած 1993թ.-ից, երբ նա սահմանը փակեց»:

Բոզոյանի կարծիքով՝ ճնշման վեկտորը տեղափոխվել է դեպի հայկական կողմը, որովհետև գործընթացին խառնվել է Թուրքիան:

Չաքրյանն ասում է, որ հայկական կողմը հիմք պետք է ընդունի ոչ թե թուրքական կողմի հայտարարությունները, այլ տեքստերը: «Իսկ տեքստերում Ղարաբաղի մասին որևէ հիշատակություն կա՞,- հարցնում է թուրքագետը,- չկա»:

«Իսկ անցյալ տարի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստամբուլում հայտարարեց, որ եթե որևէ մեկը մտածում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններ ունենանալու համար Ցեղասպանության հարցով Հայաստանը կգնա որևէ զիջման, չարաչար սխալվում է. ես ուզում եմ հավատալ դրան»,- ասաց Չաքրյանը:

Բոզոյանը կարծում է, որ դա շատ պարզունակ պատկերացում է, որ եթե տեքստերի մեջ Ղարաբաղի հարցը չի շոշափվում, ուրեմն այդ հարցը չի քննարկվելու. «Սևրի պայմանագիրն էլ է տեքստ, որը ստորագրեցին ու հետո մի կողմ շպրտեցին»,- ասում է նա:

Նախագահ Սարգսյանի՝  ֆուտբոլային քաղաքականության անցնելու պատճառների մասին Բոզոյանն առայժմ գերադասեց լռել:

Դիտվել է 1589 անգամ:
Print Friendly

Leave a Reply