«Էդ մարդիկ հիշողություն, ճաշակ չունեն, Մալաթիայի բարաքներից էն կողմ ուրիշ բան չեն տեսել». Ավ. Իշխանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2012 18:03

«Փրկենք փակ շուկան» նախաձեռնությունն այսօր անցկացրեց առաջին հավաք-քննարկումը, որի ընթացքում քննարկվեցին խնդրի իրավական, ճարտարապետական և մշակութային կողմերը, ներկայացվեցին նման խնդիրներին արձագանքելու, քաղաքացիական վերահսկողության հարցեր, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնության հետագա անելիքները: Որոշվեց կազմել երկու աշխատանքային խումբ՝ ճարտարապետական և իրավաբանական, որոնք համակողմանիորեն կուսումնասիրեն բոլոր փաստաթղթերն ու կմշակեն համապատասխամ քայլեր: Կացկացվեն նաև  հասարակական ակցիաներ:

Քննարկմանը մասնակցում էին ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, «Հելսինկյան» կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ընկերության ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը և այլ ակտիվիստներ: Այս հավաքին հրավիրված չէին պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչները, քանի որ այն ավելի շատ աշխատանքային բնույթ էր կրում, սակայն նշվեց, որ հետագա քննարկումներում նրանք ևս կհրավիրվեն:

Քննարկման ընթացքում Ստյոպա Սաֆարյանը բարձրացրեց հետևյալ հարցը` նախ պարզել, թե ի՞նչ հիմնավորումներով է սեփականաշնորհվել Փակ շուկան, եթե այն  ընդգրկված է եղել հատուկ պաշտպանության շինությունների շարքում , ի՞նչ պատասխանատվություններ են ստանձնել սեփականաշնորհողները և ո՞վ է թերացել դրա պահպանման հարցում:

Նրա խոսքով, նաև քարոզչական աշխատանք պետք է տարվի հասարակության շրջանում և բացատրվի, թե ինչ արժեք ունի այդ շուկան, քանի որ շատերը չեն գիտակցում դրա կարևորությունը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մեծ ցավ է զգում` տեսնելով աչքի առաջ կատարվողը: Փակ շուկան նրա համար ավելին է, քան պարզապես ճարտարապետական արժեք ներկայացնող շինությունը: Նրա գնահատմամբ, այն քաղաքի հիշողությունն է. «Էդ մարդիկ երևի  հիշողություն չունեն, ճաշակ չունեն, Մալաթիայի բարաքներից էն կողմ ուրիշ բան չեն տեսել, չեն պատկերացնում` ինչ բան է քաղաքը, քաղաքի հիշողությունը: Իսկ նրանց արարքը բարբարոսություն է նշանակում, հիշողությանը կպնել է նշանակում»,-վրդովված ասաց նա:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ վերապահումով է մոտենում «Հայսեյսմշին» կազմակերպության տված եզրակացությանը, ըստ որի շենքի կառուցվածքները վատ վիճակում են գտնվում: «Եթե այդ նույն «Հայսեյսմշինին» ասենք` տվեք Հռիփսիմեի տաճարի մասին սեյսմիկ եզրակացություն, նույն բանը կասեն, քանի որ այդ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, չեն եղել այն բոլոր կոնստրուկտիվ գործողությունները, որ հիմա են իրականացվում, և բնական է, որ այն կհամարվի վթարային»,-կարծում է նա:

Նա կրկին մնում է այն համոզման, որ շենքում պետք է դադարեցվի ցանկացած գործողություն, շենքը մինչև վերջին բռնակը նախագծվի, նախագիծը դրվի մասնագիտական և հանրային քննարկման, հետո միայն տրվի թույլտվություն:

Բացի այդ, ճարտարապետը գտնում է, որ եթե սեփականատերը չի կարողանում պահպանել պատմամշակութային հուշարձան համարվող շենքը, ապա պետությունը պետք է սեփականատիրոջից հետ վերցնի այն, ինչն ամրագրված է բազմաթիվ միջազգային օրենքներով:

Դիտվել է 1438 անգամ:
Print Friendly

Leave a Reply