Հայկական կինոշուկան սահմանափակ է. Պետք է խթանել հայկական ֆիլմերի արտահանումը միջազգային շուկա

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 3, 2012 14:00

2005-2006 թթ. հայկական հեռուստաեթերով սկսվեց տեղական բազմասերիանոց ֆիլմերի արտադրությունն ու ցուցադրումը: Մեքսիկական և բրազիլական սերիալներին  փոխարինելու եկան հայկական սերիալները` մեծ բում առաջացնելով հանրության շրջանում: Եթե նախկինում տեղական սերիալների նկարահանումն ու ցուցադրումը թվում էր քիչ հավանական, ապա այժմ առատորեն, իրար հերթ չտալով, արտադրվում են նորերն ու եթեր բարձրանում: Սերիալներն այսօր շուկայում ամենապահանջվածն են և շահավետ բիզնես են դարձել: Ինչքան էլ քննադատեն որոշ ցածրորակ սերիալների արտադրությունը, միևնույն է, դրանք այսօր բավական մեծ լսարան ունեն: Ասենք` հեռուստադիտողն ավելի որակյալը դիտելու տարբերակ չունի էլ:

Հայաստանում «Դուքանդո» կարատեի ֆեդերացիայի  նախագահ Գոռ Վարդանյանին, բացի նրա մարզական գործունեությունից, բոլորս գիտենք նաև վերջին տարիներին նրա նկարահանած մի քանի ֆիլմերից` «Խավարման օրը» «Օրենքից դուրս», «Վրիժառու» «Ճակատագիր»: Նրա ստեղծագործական խմբի նկարահանած այդ գեղարվեստական ֆիլմերը մինչ օրս էլ շարունակում են ցուցադրվել: Ուստի որոշեցինք այս ոլորտում առկա խնդիրների շուրջ զրուցել հենց իր` Գոռ Վարդանյանի հետ:

 Վերջին տարիներին  հայկական հեռուստաեթերը հեղեղված է տեղական հեռուստասերիալներով: Ինչպե՞ս եք գնահատում այդ տարափը:

– Առհասարակ ես դրական եմ գնահատում սերիալների ցուցադրումը, քանի որ արվեստագետների, ստեղծագործողների և երիտասարդ կադրերի մի մեծ զանգված կինոաշխարհում իր առաջին քայլերը կատարելու հնարավորություն է ստանում և փորձ ձեռք բերում: Տաղանդավորների մի բանակ կա, թե՛ ռեժիսորների, թե՛ օպերատորների, թե՛ սցենարիստների, որոնք աշխատում են սերիալների արտադրության ոլորտում: Ավագ սերնդի արվեստագետներից շատերը, թերևս  գերագնահատելով իրենց պրոֆեսիոնալիզմը, թերագնհատում են սկսնակ դերասանների գործունեությունը, սակայն, իմ կարծիքով, դա սխալ է, պետք է նորելուկներին ևս իրենց դրսևորելու ու հմտանալու հնարավորություն տանք: Թեպետ սերիալներն իրենց բացասական կողմն էլ ունեն, քանի որ ցանկացած գործում կան նաև սխալներ ու թերություններ: Նախ` հեռուստատեսության համար սերիալն այսօր գումար է բերում և գործուն բիզնեսի տեսակ է, սակայն սերիալների խնդիրը հիմնականում սցենարի կառուցվածքն է: Եթե շաբաթական հինգ օր անընդմեջ սերիալ է ցուցադրվում, այն չի կարող որակյալ արտադրություն լինել: Սովորաբար, երբ սերիալը սկսվում է, և նախատեսվում է մի քանի ամսից ավարտել, այն գումար բերելով դուրս է գալիս իր սցենարային ծրագրից և շարունակական դառնալով ձգձվում է: Սցենարիստն ի վիճակի չէ մեկ շաբաթվա մեջ այդքան սերիա ապահովել: Հնարավոր չէ այդքան արագ ստեղծագործել: Այս պարագայում սերիալի միտքն արդեն կորչում է: Իմ կարծիքով, ճիշտ կլինի նվազեցնել սերիալների հաճախակի ցուցադրումները և սահմանափակվել երկու կամ երեք ցուցադրումով միայն, որպեսզի այդ ժամանակահատվածում  սերիալի ստեղծագործական խումբը կարողանա նորմալ աշխատել, քանի որ սցենարից է կախված ֆիլմի հաջողությունը: Ժամանակի սղությունը չի թողնում ստեղծագործական խմբին լիարժեք ստեղծագործել:

 Մասնագիտորեն դիտելով հայկական սերիալները` ի՞նչ ակնհայտ թերություններ եք տեսնում, որոնք հեռուստադիտողի համար տեսանելի չեն: Օրինակ` սցենարները արտասահմանյան սերիալների աղճատված տարբերակն են` բռնությունների, ընտանեկան գժտությունների և դավաճանությունների հավելմամբ:

– Նախ` ճիշտ պիտի կառուցվի սերիալի սցենարը` հաշվի առնելով, որ դրանց հասարակության մի մեծ զանգված է  հետևում: Սերիալներում դրական հերոսը միշտ վերջում հաղթանակով է դուրս գալիս: Այն կարող է միֆ թվալ, բայց ֆիլմը կամ սերիալն  ինքնին հեքիաթ է: Շատ կարևոր է սյուժեն, քանի որ երեխաները տեսնում են սերիալը և հետագայում այդ կերպ պատկերացնում կյանքը կամ իրենց ապագան: Ուստի դրական հերոսը պետք է օրինապահ լինի, կանխի իրավախախտումները, թույլերին ձեռք մեկնի,  որպեսզի իր պահվածքով օրինակ լինի:

Կարող եմ փաստել, որ ժամանակ առ ժամանակ տեխնիկական աճ եմ տեսնում սերիալների նկարահանման գործընթացում: Դրական միտում եմ տեսնում թե՛ ճիշտ կադրերի ընտրության, թե՛ լուսավորության և դերասանների խաղի տեսանկյունից: Նախկինում թերությունները շատ էին, իսկ այժմ որոշ առաջխաղացում կա:

 Հեռուստադիտողների մեծ բանակ համալրեց ձեր ստեղծագործական խմբի կողմից նկարահանված «Վրիժառու» բազմասերիանոց ֆիլմի ցուցադրումը: Խոստովանենք, որ այն լի էր այնպիսի տեսարաններով, որոնք երկար ժամանակ լարվածության մեջ էին պահում հեռուստադիտողին: Առհասարակ ինչ՞ տվեց ֆիլմը լսարանին:

– Այդ ֆիլմը, որը հասարակության շրջանում ընկալվեց որպես սերիալ, պարզապես բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ է: Մենք ցանկացած նման կարգի ֆիլմի շուրջ աշխատում ենք մոտ երկու տարի: Այդ ողջ ընթացքում գրվել է ֆիլմի սցենարը, իսկ մոտ մեկ տարի մոնտաժվել է: Մենք  այն  էպիզոդների շուրջ, որոնք ֆիլմում մի քանի րոպե տևողություն ունեն, աշխատել ենք նույնիսկ երեք ամիս: Ուստի ֆիլմի նկարահանումը ասելիք ուներ, ուներ սկիզբ և ավարտ ու լի էր ինչպես դրական, այնպես էլ իր բացասական հերոսներով: Սովորաբար դինամիկ ֆիլմերն առավել մեծ լսարան ունեն, քան մնացած ժանրերը: Ես չեմ կարծում, որ մարդու կյանքում էական տեղ են գրավում սերիալները, սակայն որոշակի ազդեցություն ունենում են: Մեր կողմից նկարված ֆիլմերում ասելիք կա, և ես վստահ եմ, որ դա հասկացել է նաև լսարանը: Կարող եմ վստահաբար ասել, որ «Վրիժառու» ֆիլմի նկարահանումն իր դրական արդյունքը տվեց պաշտոնյաների և նրանց երեխաների շրջանում, և հայրերը սկսեցին մեծացնել վերահսկողությունը զավակների նկատմամբ, նույնիսկ  նրանցից մի քանիսն իրենց զավակներից հետ պահանջեցին թանկարժեք մեքենաները` առավել զգուշավոր մոտենալով որոշ հանգամանքերի: Եթե ծնողները հավասարակշռված լինեն և ավելի խիստ վերաբերմունք դրսևորեն իրենց երեխաների նկատմամբ, ապա վերջիններս զերծ կմնան անխոհեմ քայլերից:

 Ո՞ր սերիալն եք գոնե մեկմեկ դիտում:

– Սերիալներ գրեթե չեմ դիտում, երբ հեռուստաալիքները փոխում եմ, մեկը մյուսի հետևից գրեթե նույն սերիալներն են, նույն ոճն ու ձևը, ու եթե մի երկու շաբաթ անց նույն սերիալը դիտես, այնտեղ ոչինչ փոխված չի լինի: Չեմ դիտում, որովհետև ինձ համար անհետաքրքիր են, պատճառները նշեցի: Կան որոշ էպիզոդներ, որոնք գրավում են իրենց դերասանական խաղով, սակայն չեմ կարողանում մինչև վերջ դիտել:

 Այսօր շատ անվանի ռեժիսորներ կան, որոնք պարապուրդի են մատնված գեղարվեստական ֆիլմերի պատվեր չունենալու պատճառով: Վերջին ժամանակներս նկարահանվում են հայկական ֆիլմեր, բայց հիմնականում կատակերգական: Լուրջ արժեք ներկայացնող ֆիլմեր բավական քիչ են նկարահանվում: Ինչո՞ւ:

– Լավ ֆիլմեր, գուցե քիչ քանակությամբ, բայց նկարահանվում են: 2007-2008 թթ. հետո կինոարտադրությունն աշխուժացավ: Ուղղակի հաճախակի չեն նկարահանվում, որովհետև մեծ գումարներ են ծախսվում, որոնք չեն վերադառնում: Մեր հայկական կինոշուկան սահմանափակ է, ուստի ֆիլմերը պետք է նկարահանվեն կա՛մ օտար լեզվով, կա՛մ թարգմանվեն, որպեսզի կարողանան մուտք գործել միջազգային շուկա: Այսօր ոչ մի հայկական ֆիլմ արտասահմանյան շուկա չի հանվում, և չի եղել մի դեպք, որ մեր ֆիլմերից որևէ մեկը հետաքրքրի և վաճառվի որևէ  արտասահմանյան կինոընկերության: Կհարցնեք` ինչու: Որովհետև հայկական ֆիլմերը ցածր են իրենց չափանիշներով, իսկ թեման էլ հետաքրքիր չէ: Մի որոշ ժամանակ անց գուցե մեր ֆիլմերն էլ տեղ գտնեն միջազգային շուկայում: Լավ մասնագետների ձևավորված բանակ ունենք արդեն, որոնք տալիս են այդ գործընթացին հավակնելու հնարավորությունը: Մեր մասնագետները կարողացել են մեծ փորձ կուտակել նաև արտերկրում աշխատելու և այնտեղ ապրելու ընթացքում: «Ճակատագիր» ֆիլմը  միակն է, որ նկարահանվել է ամերիկյան մեծ կինոընկերության հետ համատեղ: Ֆիլմի վրա աշխատել են բարձրակարգ մասնագետներ: Այն նկարահանվել է 2005 թ., սակայն ֆիլմի պրեմիերան ցուցադրվեց հեռուստատեսությամբ միայն վերջերս, անկախության 20-ամյակի կապակցությամբ:

 Կուզենայի անդրադառնալ նաև սպորտին: Քանի՞ աշակերտ ունի ֆեդերացիան, և առհասարակ, ի՞նչ է արվում մարտարվեստի այս տեսակը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ:

– «Դուքանդո» կարատեի ֆեդերացիան, որի կենտրոնը ԱՄՆ–ում է, 30 մասնաճյուղ ունի նաև այլ երկրներում: Հայաստանյան ֆեդերացիան ունի մոտ 8 հազար սան, ամենակրտսերը` 4 տարեկան: Արդեն ձևավորել ենք արևելյան մարզաձևերի միացյալ խորհուրդ, որը համախմբելու է տարբեր սպորտաձևերի վարպետներին ու ֆեդերացիաների ղեկավարներին: Ստեղծված խորհրդի միջոցով հնարավոր կլինի կարգավորել, կազմակերպել և զարգացնել Հայաստանի արևելյան մարտարվեստները: Մեր հիմնական նպատակն է դաստիարակել և սերունդ կրթել` պրոպագանդելով և զարգացնելով պետականամետ մտածողությունը: Այսօր Հայաստանում կրթական համակարգը շատ թույլ է, ինչը երևում է հատկապես հանրակրթական դպրոցներում: Վերջին երևույթը` աղջիկների վիճաբանությունը, որը շատ արծարծվեց, արդեն փաստում է ասածս: Միևնույն դասարանի տղաներն էլ, այդ ամենը տեսնելով, հրճվում էին` առանց կռվի ընթացքը կանխելու, լսելով աղջիկների հայհոյանքները: Այս փաստը մտածելու լուրջ տեղիք է տալիս բոլորին և սպառնալիք է ԿԳՆ-ին, պետությանն ու առհասարակ մեր երկրի անվտանգությանը: Մենք պետք է փորձենք կրթել այդ երեխաներին, որպեսզի երևույթը չկրկնվի: Նույնիսկ համացանցում հայտնվել են դպրոցներում հայ տղաների կողմից նկարահանված կադրեր, որոնք ցուցադրում են, թե ինչպես են համադասարանցի աղջիկները մերկանում: Դասագրքերում էլ դաստիարակչական տարրերը բավական քիչ են, չկան այդ սերնդի համար օրինակ ծառայող իդեալներ, ինչպիսին կային մեր ժամանակներում:

 Ստեղծագործական ի՞նչ ծրագրեր են սպասվում ապագայում:

– Նշեմ , որ արդեն մեկ ամիս է, ինչ հիմնադրվել է նոր սերնդի «Հայֆիլմ» ստուդիան, որը մեծ ուշադրություն է դարձնելու շոու բիզնեսի բնագավառում աչքի ընկնող և որևէ գործունեությամբ փայլող հայ երիտասարդների վրա, ովքեր  հանդես կգան նոր մտածելակերպով և նախապես կունենան կատարած մեկ գործ:  Կազմակերպության շնորհանդեսը կկայանա շուտով, որին կհաջորդի փառատոների կազմակերպումը, և որոնց կմասնակցեն հենց հայկական սերիալների նորելուկ դերասանները: Ստեղծագործական առումով ծրագրեր շատ կան, աշխատանքներ են տարվում նոր նախագծերի ուղղությամբ, սակայն ես կողմնակից չեմ դրանք նախապես հրապարակելուն: Միայն կասեմ, որ գրվում են միաժամանակ մի քանի ֆիլմերի սցենարներ, որոնց մասին հասարակությունը կիրազեկվի աշխատանքների ավարտից հետո:

Լ.Ն

Դիտվել է 2220 անգամ:
Print Friendly

Leave a Reply