Արցախի Սառնաղբյուր գյուղում վերաբնակեցված ընտանիքը ստիպված էր տեղափոխվել Ստեփանակերտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 6, 2012 13:06

2003 թ. Ռուզաննան ամուսնու և երկու անչափահաս որդիների հետ վերաբնակեցման ծրագրով Չարենցավանից տեղափոխվեց Արցախ: «Մեզ ուղարկեցին Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղ,- պատմում է նա,- ասել էին, որ տունն ունի ամեն պայման, և կարող ենք հանգիստ գնալ ու ապրել: Մենք էլ ժամանակ չկորցրինք նախօրոք պայմաններին ծանոթանալու համար և միանգամից տեղափոխվեցինք»:

Երիտասարդ ընտանիքը որոշում էր կայացրել` ինչ դժվարություն էլ լինի, հաղթահարել, սակայն այն, ինչ տեսան, իրենց պատկերացրածից ավելի վատ էր. «Մարտի 23-ն էր, մռայլ, անձրևոտ եղանակ,- հիշում է Ռուզաննան,- ներս մտանք` դատարկ տուն, միայն պատերը, լույս չկար, ջուր չկար, զուգարան, խոհանոց չկար, ցուրտ, ամենամոտ տունն էլ մոտ 150 մետրի վրա էր գտնվում: Մի կերպ այդ օրը երեխաներին վերմակների մեջ փաթաթեցինք, սառը պատերի մեջ քնացրեցինք, առավոտյան վառարանը դրեցինք, մի փոքր կահավորեցինք ու այդպես մնացինք, քանի որ հետդարձի ճանապարհ էլ չկար»:

Ռուզաննան 36 տարեկան է, ծնվել է Ղարաբաղում, ամուսնացել Երևանում, սակայն ընտանիքը սոցիալական ծանր պայմանների պատճառով տուն-տեղը վաճառել, տեղափոխվել է Չարենցավան: Ռուզաննայի ծնողներն ապրում էին Ղարաբաղում, հենց նրանք էլ աղջկան ու փեսային տեղեկացնում են վերաբնակեցման ծրագրերի մասին` առաջարկելով տեղափոխվել Արցախ: Քանի որ Չարենցավանում էլ աշխատանք չունեին, որոշում են «օգտվել» ծրագրից: «Ես գյուղը սիրում եմ, ոչ մի գործից չեմ վախենում, մեզ էլ ասել էին, որ հող, անասունի գումար են տալու, ճանապարհածախսն էլ են հոգալու, մտածեցինք` լավ հիմք կդնենք, կապրենք, բայց պարզվեց` խնդիրները շատ են: Երբ գնացինք, գյուղը երկու մասի էր բաժանված. մի մասում մոտ 20 ընտանիք արդեն կար, իսկ մեր հատվածը նոր էին վերաբնակեցնում, առաջինը մենք էինք, 4 ամիս հետո նոր միայն լույս ունեցանք, մոտ 1 տարի հետո հազիվ ստացանք անասունի գումարը` 200 հազար դրամ, բայց կովն էլ անհաջող դուրս եկավ, չբեր էր: Իսկ ջրի հարցը մինչ օրս չի լուծվել»,-ասում է նա:

Մինչև կովի գումարը կստանային, կով կգնեին, ապրել էր պետք: Ընտանիքը մի տարի շարունակ ապրուստը հոգում է մոտակա անտառից սնդրիկ հավաքելով և Ստեփանակերտում վաճառելով: Շաբաթը երկու անգամ ավտոբուսը գալիս էր, շրջակա մի քանի գյուղերից մարդկանց տեղափոխում մայրաքաղաք: 1000 դրամ էին տալիս, հասնում քաղաք, հավաքածը վաճառում ու այդպես գոյատևում:

Վերաբնակեցումից մեկ տարի անց` 2004-ին, ծնվում է Ռուզաննայի երրորդ որդին, իսկ 2007-ին` դուստրը: Առաջ է գալիս մի մեծ խնդիր` 4 երեխաների կրթության հարցը: Ռուզաննայի խոսքով` գյուղի 3-ամյա դպրոցում, որտեղ առաջին տարիներին մի քանի աշակերտ կար, ուսման մակարդակը շատ ցածր էր, առաջին, երկրորդ և երրորդ դասարանները միացյալ էին պարապում` 40 րոպե դասաժամից 15 րոպե տրամադրելով առաջին, 15 րոպե` երկրորդ, մնացածը` երրորդ դասարանին:

Տարրական դպրոցն ավարտելուց հետո երեխաները կանգնում են մեկ այլ խնդրի առջև` որտե՞ղ շարունակել միջնակարգ կրթությունը: Որոշ ընտանիքներ ստիպված են լինում երեխաների ուսումը սահմանափակել եռամյա կրթությամբ, սակայն Ռուզաննան իր երեխաների ապագան միայն անասնապահությամբ զբաղվելով չէր պատկերացնում, ուստի նրանց տանում է Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի դպրոց. 6 տարի շարունակ երեխաները 4 կիլոմետր ոտքով կտրում-անցնում են` դպրոց հասնելու համար: «Սարսափելի էր, մինչև տուն էին գալիս, կես մարդ էինք դառնում, հատկապես եթե օրը մառախլապատ էր լինում,- պատմում է նա,- տարածքում գայլեր էին վխտում: Շատ ժամանակ ճանապարհի կեսից գնում դիմավորում էինք»:

Այդպես ահուդողով ապրում են այնքան ժամանակ, մինչև հարևան գյուղի գյուղացիներից մեկի վրա գայլեր են հարձակվում: Ճիշտ է, գյուղացի երիտասարդը կարողանում է պաշտպանվել գայլերի հարձակումից` անգամ սատկացնելով դրանցից մեկին, սակայն այդ օրվանից Ռուզաննան մտածում է գյուղից հեռանալու մասին: Այդ մտածմունքը դառնում է որոշում, երբ ավագ որդին 9-րդ դասարանն ավարտվելուց հետո ցանկություն է հայտնում ուսումը շարունակել Ստեփանակերտի ռազմական վարժարանում: «Գյուղում երեխաներն ապագա չեն կարող ունենալ, ճիշտ կլինի, որ տեղափոխվենք Ստեփանակերտ»,- մտածում է նա ու անցնում գործնական քայլերի:

Չնայած Ռուզաննայի հարազատները, անգամ ամուսինը, դեմ էին Ստեփանակերտ տեղափոխվելուն` մտածելով, թե դժվար է աշխատանք գտնելը, վարձով ապրելը և այլն, նա իր որոշումն արդեն կայացրել էր. «Միլիոնավոր մարդիկ տարիներ շարունակ վարձով են ապրում, և շատ բան հաջողվում է նրանց կյանքում, ի՞նչ կա որ,- զարմանում է նա,- եթե անընդհատ նստեմ-լացեմ, ոչ ոք երեխաներիս ուսման հարցը չի լուծի: Ես ծնող եմ, եթե իմ վրա եմ վերցրել նրանց կրթության տալու պատասխանատվությունը, ուրեմն պիտի անեմ ու արեցի»:

Մեկ շաբաթվա ընթացքում նա և՛ աշխատանք, և՛ վարձով բնակարան է գտնում: «Ճիշտ է, դա ընտիր աշխատանք չէր (հավաքարար և մատուցող), բայց սկզբի համար լավ էր, կարողացա 5 ամիս դիմանալ, հետո երբ տեսա, որ մատուցողի աշխատանքն ավելի հարմար ու եկամտաբեր է, լավ մատուցողի պահանջարկն էլ կա, որոշեցի այդ գործի մեջ խորանալ»,-ասում է նա:

Սկզբում որդիները դեմ էին այդ աշխատանքին,  քանի որ, ինչպես ինքն է ասում, էստեղի մտածելակերպը Երևանինը չէ, մատուցողի աշխատանքը աշխատանք չի համարվում, այլ ցածր գործ: Բայց կարճ ժամանակում նրանք նույն աշխատավայրում միանում են մորը, որոնցից մեկը` կրկին մատուցողի կարգավիճակով: Դժվարությամբ, սակայն Ռուզաննան կամաց-կամաց իր աշխատանքի մեջ որոշակի հաջողությունների է հասնում: «Պիտի մարդիկ հասկանան, որ ամեն մեկը չի կարող այդ գործը անել,- ասում է նա,- երբ ես աշխատողների գրաֆիկը գրում եմ, տակը պարտադիր նշում եմ. «Официант–это звучит гордо!»:

Ինչ վերաբերում է ամուսնուն, նա մի փոքր ուշ է միանում ընտանիքին, քանի որ գյուղում արդեն 2 կով ունեին` իրենց հորթերով: Բացի այդ, հողակտոր ունեին, և գյուղից հեռանալու դեպքում այն պետք է հանձնեին պետությանը: Սակայն մինչ հանձնելը պետք է մարեին հողի հարկերից գոյացած պարտքը, որն արդեն կես միլիոն դրամ էր կազմում: «Ամուսինս որոշ ժամանակ մնաց գյուղում, տրակտոր քշեց, որ նալոգները փակի,- ասում է Ռուզաննան,- բայց էդ հողից դեռ մի դրամի օգուտ չէինք ստացել: Եթե, օրինակ, 4 մեշոկ ցորեն էինք վարում, կես մեշոկ էինք հավաքում»:

Հողը հանձնում են, տունն էլ մասնավորեցնում` որպես ամառանոց օգտագործելու նպատակով: Ամուսինը նույնպես տեղափոխվում է Ստեփանակերտ, աշխատանքի անցնում էլեկտրացանցում: «Հիմա մեր խնդիրը բնակարանն է,- ասում է նա,- բայց այստեղ դժվար է հիփոթեքով բնակարան գնելը, պետք է 10 տարվա գրանցում ունենաս»:

Չնայած արդեն 10 տարի է` Երևան գնալ-գալ չունեն, իսկ երեխաներն ընդհանրապես մայրաքաղաքում չեն եղել, մտածում են իրենց աշխատած գումարով հիփոթեքով բնակարան ձեռք բերել գոնե Երևանում:

Չարենցավանում մեծացած, Երևանում ամուսնացած, այժմ էլ Ստեփանակերտում ապրող Ռուզաննան Արցախի ու Հայաստանի միջև հիմնական տարբերությունը բնության մեջ է տեսնում. «Խնդիրները նույնն են թե՛ այստեղ, թե՛ այնտեղ,- ասում նա,- իսկ Ղարաբաղում բնությունն ուղղակի հրաշք է…»:

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply