Ինչպե՞ս է իրականացվում պետության և համայնքային սեփականություն համարվող հողամասերի վաճառքն աճուրդով

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | June 7, 2012 7:03

Պետության և համայնքային սեփականություն համարվող հողամասերի վաճառքը, բացառությամբ ՀՀ հողային օրենսգրքի (ընդունվել է 2001 թ. մայիսի 2-ին, ուժի մեջ է մտել 2001 թ. հունիսի 4-ին) 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է աճուրդով:

ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն` աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ ՀՀ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից:

Համայնքային սեփականություն համարվող հողամասերի կամ դրանց առանձին հատվածների աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հայտարարում է համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու որոշման հիման վրա:

Աճուրդների կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, հողային օրենսգրքով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով: Հրապարակային սակարկությունների միջոցով համայնքային սեփականություն համարվող հողամասերի (դրանց առանձին հատվածների) աճուրդով վաճառքի նկատմամբ չեն կիրառվում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության դրույթները:

Աճուրդի կազմակերպիչը համայնքի ղեկավարն է, համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզպետը կամ վերջիններիս կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձը:

Կազմակերպիչն աճուրդի անցկացումից մեկ ամիս առաջ մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է սակարկությունների անցկացման տեղը, օրը, ժամը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մեկնարկային գինը, օգտագործման նպատակը, չափերը, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի առկայության մասին տվյալները (գյուղատնտեսական հողամասերի դեպքում` նաև որակական հատկանիշները), ինչպես նաև տվյալ հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը:

Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր և անձնագիր:

Աճուրդի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե հայտ ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ:

Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար` տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

Եթե մասնակիցն աճուրդի արդյունքներով չի հաղթել, նախավճարն անմիջապես վերադարձվում է նրան: Եթե մասնակիցը հաղթել է, ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ:

Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 օր առաջ: Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը:

Աճուրդի անցկացման ձևի մասին նշվում է աճուրդի իրականացման հայտարարության մեջ: Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է: Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկից ավելի է:

Առաջին անգամ աճուրդը չկայանալու դեպքում երկրորդ աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով ու ժամկետներում, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի աճուրդի, որն անցկացվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում` ապահովելով անհրաժեշտ տեղեկատվության հրապարակայնությունը: Յուրաքանչյուր սակարկության արդյունքով կազմվում է առանձին արձանագրություն, որը ներառում է տվյալներ` աճուրդի անցկացման վայրի, ժամկետի, մասնակիցների և կազմակերպչի, սակարկման ընթացքի և արդյունքների մասին:

Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:

Եթե աճուրդը չի կայանում երկրորդ անգամ, ապա հողամասը կարող է օտարվել ուղղակի վաճառքով` սահմանված մեկնարկային գնով: Ուղղակի վաճառքի դեպքում գնման նախապատվություն ունեն տվյալ համայնքի բնակիչները:

Արձանագրությունն ստորագրում են կազմակերպիչը, արձանագրողը և, ցանկության դեպքում, աճուրդի մասնակիցները: Արձանագրությունը պահպանվում է աճուրդը կազմակերպող համապատասխան մարմնի կողմից:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 2157 անգամ:
Print Friendly

Leave a Reply