Երբ ժամային տարբերությունը մեծ է

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 5, 2012 13:01

Հայաստանից երկու մարզիկ մասնակացեց Գվատեմալայում կայացած ծանրամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությանը: Մեր երկրից մրցահարթակ դուրս եկած 17-ամյա Անդրանիկ Կարապետյանը (69 կգ) և նրանից մեկ տարով մեծ գերծանրքաշային Գոռ Մինասյանը մրցակիցներից տարիքով փոքր էին, սակայն եթե իրենց կարողությունները դրսևորեին, ապա արդյունքն այլ կարող էր լինել: Մինչդեռ, Անդրանիկը բավարարվեց 10-րդ տեղով` 296 (136+160) կգ, իսկ Գոռը երրորդն էր երկամարտում, երկրորդը` պոկում վարժությունում: Ի դեպ, մեր մարզիկը, ցույց տալով 417 (190+227) կգ, բարելավեց  նախորդ տարվա անձնական արդյունքը, բայց դա բավարար չէր ավելի բարձր տեղ գրավելու համար: Նա արծաթե պարգևը իրանցի Բահադուր Մուլաեիին զիջեց միայն անձնական ավելի բարձր քաշ ունենալու պատճառով: Մինասյանը, եթե հրում վարժության 3-րդ  մոտեցման ժամանակ իրեն ենթարկեր 230 կգ-ոց ծանրածողը, ապա այդ հարցը լուծված կլիներ:

Մեր երկրի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի վաստակավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչու մերոնք չեն կարողացել հասնել այնպիսի արդյունքների, որոնք ակնկալում էինք մրցումներից առաջ:

Նրա կարծիքով` Անդրանիկը, թերևս, չի հասցրել կլիմայափոխվել, ուշքի գալ երկարատև ճանապարհորդությունից հետո: Հայաստանը և Գվատեմալան գտնվում են ժամային տարբեր գոտիներում,  ժամային տարբերությունը 10 ժամ է: Այդուհանդերձ, նա նույնիսկ ցանկացել է աշխարհի ռեկորդ սահմանել` պոկում վարժության ժամանակ փորձելով  սանձել 143 կգ-ոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունը կատարելիս մեր ծանրորդը մոտ է եղել, որ հաղթահարի 174 կգ ծանրությունը: Նա ծանրաձողը բարձրացրել է  մինչև կուրծքը, սակայն տեխնիկական թերության պատճառով չի կարողացել հաջող ավարտել վարժությունը: Անդրանիկը 2012-ին երիտասարդների երկու մրցման է մասնակացելու, կարելի է ակնկալել, որ նա աշխարհի ռեկորդը կթարմացնի:

Ինչ վերաբերում է Գոռին, ապա Ալավերդյանը կարծում է, որ նա  կարճ ժամանակահատվածում շատ է առաջադիմել: «Անցյալ տարի Գոռը պոկում վարժության աշխարհի ռեկորդ է սահմանել (181 կգ), իսկ հրում վարժությունուն բավարարվել 207 կգ արդյունքով: 29 կգ առաջընթացը փայլուն ցուցանիշ է և մեկնաբանության կարիք չունի: Կարևորն այն է, որ նա կարգապահ, խելացի մարզիկ է և բարձունքների ճանապարհին է: Ծանարամարտում քչերն են կարողանում արագորեն բարելավել իրնց արդյունքները: Սպասում ենք, որ նա շատ հեռուն կգնա և նոր էջեր կգրի հայկական ծանրամարտի տարագրությունում»,- ասաց Ալավերդյանը:

 

 

Դիտվել է 1823 անգամ:
Print Friendly

Leave a Reply