Առանց պայմանների` օլիմպիական երեք ուղեգիր

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 3, 2012 7:00

Հայաստանի աթլետներից երեքը` նիզականետորդն Մելիք Ջանոյանը և Քրիստինե Հարությունյանը, hեռացատկորդ Վարդան Փահլևանյանը, լրացնելով վարկանիշը, իրավունք են ստացել մասնակցելու 2012-ին Լոնդոնում կայանաիք օլիմպիական խաղերին:

Նախկինում այս մարզաձևի մեր երկրի ներկայացուցիչները երբեք օլիմպիական խաղերում երկուսից ավելի ուժերը չափող չեն  ունեցել: Հանդիպելով  Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանին` հետաքրքրվեցինք` նրա համար սպասելի՞ էր, որ ևս մեկը` Փահլևանյանը, այդ իրավունքին կարժանանա: Երևանցի մարզիկը, օրերս Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնությունում, հեռացատկելով 8 մ 12 սմ, ոչ միայն դարձել է Վրաստանի չեմպիոն, այլև օլիմպիական վարականիշն է լրացրել:

– Վարդանի ցույց տված արդյունքն ինձ համար անսպասելի չէ, ընդհակառակը` ակնկալում էի, որ նա կկարողանա այդ անել: Բանն այն է, որ Փահլևանյանը նախորդ մրցաշրջանում էլ հեռացատկել է 8 մ-ից ավելի, և մեր հավաքականի անդամներից ամենից շատ նա էր հույսեր ներշնչում: Վարդանը Հայաստանի հավաքականի առաջատարներից է, 2011-ին  հաղթել էր Ռեյկյավիկում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում (3-րդ խումբ): Վրաստանի չեմպիոն դառնալը 24-ամյա մեր մարզիկի համար այնքան էլ դժվարին բան չէր, նա արժանիորեն է օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացել:

Թբիլիսիում Հայաստանի հավաքականի մյուս մարզիկների մրցելույթներն ինչպե՞ս եք գնահատում:

–  17-ամյա Սաթենիկ Հովհաննիսյանը հաղթեց հեռացատկում և եռացատկելով 12 մ 69 սմ` նույնպես առաջին տեղը գրավեց, լրացրեց սպորտի վարպետի նորմը, ամենագլխավորը` վարկանիշ ձեռք բերելով` իրավունք ստացավ մասնակցելու Իսպանիայի Բարսելոն  քաղաքում հուլիսի 10-15-ը կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը: Դիանա Խուբասերյանն առաջինն էր 100 մ և 200 մ վազքերում, Գայանե Բուլղադարյանը` 800 մ վազքում: Ի դեպ, հեռացատկորդ  Գոռ Ներկարարյանը 7 մ 56 սմ ցուցանիշով գրավեց 3-րդ տեղը և նույնպես հանդես կգա աշխարհի պատանեկան առաջնությունում: 2-րդ մրցանակակիրներ դարձան Սամվել Գրիգորյանը (400 մ արգելավազք), Աշոտ Հայրապետյանը (3000 մ խոչընդոտավազք), 3-րդ մրցանակակիր` Ռոման Ալեքսանյանը (400 մ արգելավազք):

Օլիմպիական վարկանիշային մրցաշարերն ավարտվե՞լ են, կա՞ն նոր սպասելիքներ:

– Օլիմպիական վարկանիշային մրցումները շարունակվելու են և սպասելիք ունենք վազորդուհի Ամալյա Շառոյանից: Նա մեր առաջատար մարզուհին է աթլետիկայի 7 մրցաձևում: Ընդ որում, Ամալյայի նախասիրած մրցաձերն են վազքը և հեռացատկը: Նա 24 տարեկան է, երևանցի, սակայն ամուսնու հետ ժամանակավոր բնակվում է Սանկտ Պետերբուրգում: Շառոյանը մասնակցելու է հունիսի 27-ին Հելսինկիում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը: Նրանից բացի, հանդես կգան Փահլևանյանը, Ջանոյանը, Հարությունյանը: Ամալյան այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում:

 Ի դեպ, Սոչիի մասին. այն կարելի՞ է հաջողակ քաղաք համարել Հայաստանի աթլետների համար: Անցյալ օլիմպիական խաղերից առաջ Գյումրեցի Ջանոյանն օլիպական վարկանիշն այդ քաղաքի մարզադաշտում կազմակերպված միջազգային մրցումներում է լրացրել: Այս տարի էլ նա և  մի ուրիշ գյումրեցի` Հարությունյանը օլիմպիական ուղեգրերի են տիրացել Սոչիում կազմակերպված մեկնարկներում:

– Իրոք, այդ առումով Սոչին առանձնանում է: Մելիքը և Քրիստինեն գործիքը նետել են 79,71 մ և 59,12 մ ու լրացրել նորմատիվը:

– 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում Ջանոյանն անգամ չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը` դրանից առաջ Սոչիում ցույց տված վարկանիշային իր արդյունքին անգամ չմոտենալով:

– Այո, մեր նիզականետորդը ձախողվեց` շուրջ 14 մ-ով պակաս արդյունք ցույց տալով: Սակայն այժմ ուրախ ենք, որ առաջիկա օլիմպիական խաղերում ավելի շատ մասնակիցներ ենք ունենալու:

Կարելի՞ է կատարվածը հայկական աթլետիկայի առաջընթացը համարել:

– Այն կարծիքին եմ, որ ավելին կլիներ, եթե Հայաստանի աթլետները մարզվելու համար պայմաններ ունենային: Մեր երկրում հեռանկարային մարզիկները շատ են, սակայն պարապելու, վարպետությունը կատարելագործելու  համար  հնարավորություններ չկան: Փաստորեն, հայտնվել ենք փակուղում: Մասնավորապես, մեր պատանի եռացատկորդ Լևոն Աղասյանը վերջերս  հաղթահարեց 16,06 մ և սպորտի վարպետի նորմը լրացրեց: Նրա կողքին կան հեռանկարային ևս 4-5 պատանի մարզիկներ:

Հայաստանում հեռացատկորդների միջև մրցակցությունը մեծ է: Ի՞նչ կլինի, եթե մեկ այլ մարզիկ ևս լրացնի օլիմպիական խաղերի վարկանիշը:

– Վանաձորցի Արսեն Սարգսյանը Փահլևանյանի մրցակիցն է: Նա Մոսկվայում է բնակվում և մարզվում, սակայն այժմ Հայաստանում է: Առաջիկայում Արսենը վարկանաիշային միջազգային մրցումների է մասնակցելու և հավանական է, որ նույնպես լրացնի  օլիմպիական նորմատիվը: Կանոնակարգով տարբերակներ կան: Եթե մարզիկները շատ բարձր արդյունքներ են ցույց տալիս, ապա նույն երկրից տվյալ մրցաձևում կարող է մեկ մասնակցից ավելի լինել: Իսկ եթե երկու մարզիկ իրար մոտ ցուցանիշով են լրացնում վարկանիշը, ապա նրանցից օլիմպիական խաղերի մայրաքաղաք է մեկնում ավելի բարձր արդյունք ցույց տվողը:

Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած մեր աթլետների համար  ուսումնամարզական հավաքներ չե՞ն նախատեսված:

– Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը ծրագրել է, որ այդպիսի երկու ուսումնամարզական հավաք է կազմակերպվելու: Ընդ որում, վերջինն անցկացվելու է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսին` օլիմպիական խաղերից անմիջապես առաջ: Մերոնք համատեղ պարապմունքների կմասնակցեն Ֆրանսիայի հավաքականի հետ: Ի դեպ, հունիսին նույնպես Փարիզում  ուսումնամարզական հավաք է նախատեսված աշխարհի պատանեկան առաջնության Հայաստանի մասնակիցների համար: Երկու տարի առաջ մեր երկրի և Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդրացիաները համագործակցության պայմանագիր են կնքել, և այդ ծրագրով է աշխատանքն իրակակացվում:

Ի վերջո, Բարսելոնում Հայաստանի քանի՞ աթլետ է մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնությանը:

– Եռացատկորդ Լևոն Աղասյանը, հեռացատկորդներ Գոռ Ներկարարյանը, Սաթենիկ Հովհաննիսյանը: Առայժմ այս երեքն են, սակայն չի բացառվում, որ առաջիկայում կլինեն  նոր մարզիկներ, ովքեր կլրացնեն վարկանիշը և այդ ստուգատեսին մասնակցելու իրավունք կստանան:

Սպասելիքներ կա՞ն:

– Հայաստանում այժմ մրցումներ անցկացնելու համար համապատասխան մարզաբազա չկա: Միակ մրցատեղին` Արտաշատի մարզադաշտը, ներկայումս անմխիթար վիճակում է:

Իսկ Ծաղկաձորում նախապատրաստական մարզումներ ինչո՞ւ չեն նախատեսվում:

– Աթլետիկայի մարզադաշտը քայքայված է, մանեժը վերանորգվում է:

Բայց օլիմպիական բարզաբազայի վերևում աթլետիկայի հարմարավետ մարզադաշտ էր սարքավորվել:

– Դա փակվել է, տարածքը մասնավոր սեփականություն է: Ստացվում է, որ աթլետիկայի այնքան շատ պայմաններ ունենք, որ կարող ենք մեզ այդպիսի շռայլություն թույլ տալ: Ի դեպ, Վրաստանի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել Հայաստանի առաջնությանը մասնակցել, և անհարմար ենք զգում, որ պայմաններ չունենք: Մինչդեռ մեր հարևաններն այդ ուղղությամբ շատ առաջ են. նրանք վերանորոգել են Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտի աթլետիկական հատվածները և հիանալի պայմաններ ունեն:

Օլիմպիական խաղերի երեք մասնակից ունենք, ի՞նչ խնդիր է դրվելու նրանց առջև:

– Կարծում եմ, որ ամենամեծ հնարավորությունները Փահլևանյանն ունի: Նա կարող է հաղթահարել որակավորման փուլը: Ինչ վերաբերում է նիզականետորդներին, ապա փորձը ցույց է տալիս, որ այս մրցաձևի Հայաստանի ներկայացուցիչներն օլիմպիական խաղերում անելիք չեն կարող ունենալ և կբավարարվեն միայն դրանց մասնակցելով:

Հայաստանում վերջին շրջանում ինչո՞վ են զբաղված մեր աթլետները:

– Մրցումներ անցկացվեցին` նվիրված Աթլետիկայի համաշխարհային օրվան: Հունիսին 9-10-ն անցկացվելու է Հայաստանի առաջնությունը, նախատեսված է, որ մասնակցեն մեր երկրի բոլոր ուժեղագույն աթլետները:

Հետաքրքիր է Հայաստանում քանի՞ նիզականետորդ կա, բացի երկուսից, որոնք օլիմպիական խաղերի են մասնակցելու:

– Քիչ, չորս-հինգ: Աթլետիկայի համաշխարհային օրը կայացած մեկնարկներում, անհարմար է հայտնել, 11 մ 17 սմ արդյունք ցույց տվեց հաղթող մարզուհին, 25 մ 90 սմ` լավագույն մարզիկը:

 

Դիտվել է 1741 անգամ:
Print Friendly

Leave a Reply