Շուկայական անկանոն գները բերում են արհեստական թանկացման

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | June 4, 2012 15:00

Յուրաքանչյուր տանտիկնոջ զբաղեցնում է այն միտքը, թե վերջապես ինչ արժի 1 կգ շաքարավազը, ալյուրը, կարագը կամ միջին չափսի 1 հավկիթը: Պատասխանն անորոշ է ու անհասկանալի. տարբեր խանութներում սահմանված են տարբեր գներ: Շուկայական այս անկանոն պատկերն էլ ավելի անկանոն է մարզերում: Իսկ այս պատկերից բխում է մի հարց միայն. վերահսկվո՞ւմ է արդյոք մարզային շուկան:

Շրջելով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մթերային խանութներում` մոտավորապես գաղափար կազմեցի շուկայական գների տարբերությունների մասին: Յուրաքանչյուր խանութում գնային տարբերություն կար, ինչը տարբեր ապրանքների դեպքում տարբեր էր: Օրինակ` մի խանութում վաճառվող «բատոն» հացը կայուն գին չուներ: Մի տեղ 100 դրամ էր, մեկ այլ տեղ` 110, իսկ երրորդ խանութում նույնիսկ 120-ի էր հասել: Գնային տարբերություններ կային նաև շաքարավազի, հավկիթի, կարագի, երշիկների ու նրբերշիկների, ինչպես նաև տնտեսական մաքրող միջոցների մեջ:

Հարց է առաջանում` ինչու է հացն այստեղ 110 դրամ, եթե 150 մ այն կողմ նույն քաշի հացը վաճառվում է 100 դրամով, մատակարարն էլ նույնն է: «Էժան ա` գնա ընդեղից առ»,- հետևում է տարօրինակ պատասխանը: Այն հարցին, թե չի վախենում արդյոք վերահսկիչներից, մասնավորապես` սպառողների իրավունքները պաշտպանողներից, խանութի տնօրեն-վաճառողը պատասխանեց. «Չեմ վախենում, քանի որ ես սխալ բան չեմ անում, էս տարածքի համար ես ուրիշ գումար եմ տալիս, 100 դրամով հաց ծախողը` ուրիշ»:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանն ասաց, որ շուկայական գները վերահսկվում են, բայց չափ կա, որն անցնելն անթույլատրելի է. «Շուկան ինքն է վերահսկում շուկայական գները, և եթե որևէ ապրանքի մեջ 10, 20 կամ 50 դրամի տարբերություն կա (խոսքը տեղական արտադրանքի մասին է), ապա դա օրենքի խախտում չէ, քանի որ նման տարբերությունները թույլատրելի են, և այդ դեպքերում գնորդն ինքն է որոշում` որ խանութից գնի: Իսկ 20-30%-ով ավելի գներ սահմանելու դեպքում խանութի տերն արդեն կտուգանվի տարեկան շրջանառության 2%-ի չափով»:

Օգտվելով թույլատրելի սահմաններից` խանութների տնօրենները, իրար հետևելով, անկաշկանդ բարձրացնում են ապրանքների գները` առաջացնելով արհեստական թանկացումներ: Բնակիչները վստահեցնում են` այդ 10, 20, 50 դրամներն էլ պետք է թույլ չտան, յուրաքանչյուր ապրանքի համար թող սահմանված լինի հստակ գին, որը երբեք փոփոխության չենթարկվի: «Ո՞նց էր սովետի ժամանակ, ամեն ապրանք իր գինն ուներ, ո՞վ իրավունք ուներ 1 կոպեկով ապրանքի գին թանկացներ. նրան կդատեին: Թող հիմա էլ նույնը լինի,- պահանջում են քաղաքացիները,- այդ 10, 20 դրամներն էլ են մեզ համար զգալի, իսկ մենք չենք կարող ամբողջ գյուղը կամ քաղաքը ոտքի տակ տալ, որ տեսնենք` որտեղ է 10 դրամ էժան»:

«Դրսից ներկրված ապրանքները, սակայն, այլ ճակատագիր են ունենում: Նրանց գները, եթե նույնիսկ տատանվեն 20-30%-ով (չնայած` սովորաբար նման բան չի լինում), ապա դա օրենքի խախտում չի կարող համարվել, քանի որ դրանցով կարող են զբաղվել մեկ կամ ավելի անհատ ներկրողներ»,- բացատրում է Կ. Չիլինգարյանը:

Մայիսի 21-ից մարզերում սննդամթերքի անվտանգության ստուգումներ են անցկացվում: Իրացման ցանցից կհանվի ժամկետանց սնունդը, թերի մակնշվածներն էլ կուղարկվեն լաբորատոր փորձաքննության: Մենք էլ հուսանք, որ ՀՀ կառավարությունը մի օր էլ որոշում կկայացնի մարզերում վերահսկել նաև շուկայական գները:

Ռուզաննա Մովսիսյան

Դիտվել է 1581 անգամ:
Print Friendly

Leave a Reply