Որքանո՞վ է մրցունակ մեր երկիրը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | June 5, 2012 7:00

Ո՞րն է Հայաստանի ազգային մրցունակության իրական պատկերը վերջին 6-7 տարիների ընթացքում, ինչպիսի՞ աճ կամ անկումներ են ունեցել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներն ու ճյուղերը: Որո՞նք են մեր երկրի զարգացման հեռանկարները: Սրանք, թերևս, այն հիմնական հարցերն են, որոնց մասին անընդհատ խոսվել ու խոսվում է, և որոնց ուղղությամբ պետական մակարդակով լուրջ ու կազմակերպված աշխատանքներ են տարվում` հնարավորինս արագ տեմպերով մեր երկրի տնտեսական ցուցանիշներն ու մրցունակությունը բարձրացնելու համար:

Հայաստանի մրցունակության դիրքը և դինամիկան

Համաձայն  Հայաստանի ազգային մրցունակության 2011-2012 թթ. զեկույցում հրապարակված տվյալների` Հայաստանի մրցունակության կատարողականը, որն աստիճանական անկում է գրանցել 2005 թ. ի վեր, 2011 թ. վերափոխվել է դրականի` արտացոլելով կառուցվածքային փոփոխությունները: Սա կարող է առավել հավասարակշռված իրավիճակի ուղղությամբ տնտեսական իրականության փոփոխության նշան լինել:

Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը պատրաստվել է 2012 թ. «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական  կենտրոնի (EV հետազոտական կենտրոն) և «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության կողմից և հիմնված է հայկական մասնավոր ընկերություններում առկա կառավարման փորձի ուսումնասիրության վրա: Զեկույցի հեղինակները հետազոտություն են իրականացրել 50 արտադրական կազմակերպություններում` հիմնվելով կառավարաման համաշխարհային հարցման (World Management Survey) մեթոդաբանության վրա, գնահատելով գործընթացների, թիրախների սահմանման և տաղանդի կառավարման մոտեցումները:

Եզրակացությունն այն է, որ Հայաստանը զիջում է համեմատվող 21 երկրներին` ունենալով 2.46 միջին գնահատական: Այս առումով գործընթացների և թիրախների կառավարման և տաղանդի կառավարման ոլորտներում տարբերությունն էական է: Վերջինիս դեպքում Հայաստանն առաջ է այնպիսի երկրներից, ինչպիսիք են Արգենտինան, Բրազիլիան Հունաստանը և Պորտուգալիան:

Զեկույցում Հայաստանի մրցունակության և տնտեսական կատարողականի դինամիկան ներկայացված է հիմնականում 2005 և 2010 թթ. կատարողականի ցուցանիշների համեմատությամբ: 2005 թվականն ընտրվել է որպես բազային տարի, քանի որ գտնվում է երկնիշ տնտեսական աճի փուլի և տնտեսական ճգնաժամի «մեջտեղում»: Բացի այդ, ՀՏՖ-ի կողմից Հայաստանի մրցունակության գնահատումն առաջին անգամ իրականացվել է 2005 թվականին:

2009 թ. տնտեսական ճգնաժամը զսպեց տնտեսության նախկին աճը, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ աճը 2005-2010 թթ. ընթացքում կազմել է չափավոր 20%` ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի համեմատվող երկրների շարքում Հայաստանը դասելով միջին կատարողական ունեցողների շարքը: Սակայն 2005 թ. հաջորդած ժամանակահատվածում ՄՀԶ-ում Հայաստանի զբաղեցրած դիրքը մակրոտնտեսական կատարողականով վատթարացել է: Մյուս կողմից` Հայաստանը գրանցել է ներդրումների տպավորիչ աճ, որը կարող է ապագա աճի համար լավ հիմք դառնալ:

2005-2011 թթ. ՀՆԱ-ի դինամիկան վերլուծելիս ակներև է դառնում 2008-ից նկատվող և 2009 թ. խորացող անկումը (-14.2%), որը կտրուկ աճի է փոխակերպվում 2010-ին (2.1%) և այդ համատեքստում 2011 թ. գրանցում 4.6% չափավոր, բայց խոստումնալից աճի տեմպ:

Ազգային մրցունակության ընդհանուր ցուցանիշի հարցում կարևոր տեղ ունեն տնտեսության տարբեր ոլորտներում արտադրողականության ցուցանիշները: Այս համատեքստում գույները հատկապես խիտ են երկու ոլորտում` ծառայություններ և գյուղատնտեսություն, սակայն վերջին տարիներին նշանակալիորեն բարձրացել է նաև արդյունաբերության մասնաբաժինը: Այս հատվածում արտադրողականության ամենաբարձր մակարդակը գրանցվել է արտահանման ուղղվածությամբ ճյուղերում (օրինակ` հանքարդյունաբերություն), ինչպես նաև այն ոլորտներում, որտեղ զգալի է օտարերկրյա սեփականության ներկայությունը:

Մակրո և միկրոմիջավայրի մրցունակությունը

Երբ համեմատական ենք անցկացնում տնտեսության ամենակարևոր երկու բաղադրիչների` մակրոմիջավայրի և միկրոմիջավայրի մրցունակության ներկայիս և նախորդ տարիների դիրքերի միջև, պարզ է դառնում, որ վերջին 2-3 տարիներին Հայաստանի մակրոմիջավայրն իր դիրքերը բավականին թուլացրել է: Դա պայմանավորված է տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ:

Ըստ ՄՀԶ վարկանիշների` Հայաստանի կատարողականը մակրոտնտեսական կայունության ցուցանիշով բավականին անկայուն է եղել: Այսպես, 2010 թ. մակրոտնտեսական կայունությամբ Հայաստանի մրցունակության դիրքի անկումը բացատրվում է 2009 թ. ՀՆԱ-ի մակարդակի կտրուկ նվազմամբ, գնաճի միտումներով և ընդլայնողական քաղաքականությամբ պայմանավորված պարտքի աճող ծավալներով: Սակայն միաժամանակ հարկ է նշել, որ մակրո մակարդակում գրանցված արդյունքը բացարձակ մեծությամբ էապես չի փոփոխվել, ինչը վկայում է, որ Հայաստանի ցուցանիշների վատթարացումը միայն այլ երկրների նկատմամբ է:

Պատկերը մի փոքր այլ է երկրի միկրոմիջավայրի մրցունակության հարցում: Այստեղ կառավարության կողմից միջավայրի բարելավման ուղղությամբ լուրջ ջանքեր են գործադրվում, որոնք ենթակա են մարտահրավերների, քանի որ պետական և մասնավոր հատվածներում կառուցվածքային և վարքագծային փոփոխությունների անհրաժեշտություն կա:

Միկրոտնտեսական գործարար միջավայրում էական ներդրումներ են կատարվում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, թեպետ արտահանման հիմնական շուկաների հետ կայուն կապի խնդիրը դեռևս լուծված չէ:

Լոգիստիկ ենթակառուցվածքի փոփոխությունները

2005-2011 թթ. հատկապես նկատելի է առանձին ոլորտներում Հայաստանի գրանցած առաջընթացը: Այսպես, օրինակ` նկատելի զարգացումներ են գրանցվել օդային տրանսպորտի ենթակառուցվածքների ոլորտում:

Չափավոր առաջընթաց է գրանցվել նաև երկաթուղային ենթակառուցվածքի մասով, թեպետ վերջինիս կարողությունները լիարժեք չեն օգտագործվի, եթե չլուծվի այն համաշխարհային երկաթուղային ցանցերին միացնելու խնդիրը:

Հայաստանը համաշխարհային մասշտաբով նշանակալի առաջընթաց է գրանցել հատկապես շարժական և ինտերնետային կապի ոլորտում:  Երկիրը բարելավել է իր դիրքերը ՏՀՏ ենթակառուցվածքային տարրերի բոլոր ցուցիչներով: Նախորդ տարվա հիմնական տեխնոլոգիական առաջընթացը նոր` չորրորդ սերնդի (4G/LTE) վրա հիմնված ցանցի գործարկումն էր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից, որի շնորհիվ Հայաստանը դարձավ աշխարհում 10-րդ երկիրը, որտեղ գործում է չորրորդ սերնդի ցանց:

Կառավարման պրակտիկան

Մրցունակության հարցում կարևորվում է նաև կառավարման պրակտիկայի գործոնը` որպես մրցունակության շարժիչ ուժ:

Հայաստանը թերանում է գործարար ոլորտի մրցունակությունը ձևավորող մի շարք առանցքային ուղղություններում: Գործարարության կատարելագործվածության հենասյունը ամենակարևորներից է, որով, սակայն, Հայաստանը զբաղեցնում է ցածր դիրքեր:

Որոշ ոլորտներում ցածր դիրքը հիմնականում բացատրվում է ֆինանսական ռեսուրսների սահմանափակ մատչելիությամբ: Օրինակ` արտադրական գործընթացի կատարելագործվածության համեմատաբար ցածր մակարդակը հիմնականում առավել արդիական սարքավորումների համար անհրաժեշտ ներդրումների բացակայության հետևանք է:

ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս ընկերություններին բարձրացնելու իրենց արտադրողականությունը, արդյունավետությունը և արտադրական գործընթացի կատարելագործվածությունը: Մինչդեռ Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը սահմանափակ է:

Այսպիսով, հաշվի առնելով հայաստանյան ընկերությունների ռեսուրսային սահմանափակումները, որոնք առավել խտացել են տնտեսական ճգնաժամի հետևանքով, կառավարման պրակտիկայի բարելավումն առավել քան արդիական է: Սակայն ցավով պետք է նշել, որ կառավարման պրակտիկայի գնահատականով Հայաստանը համեմատվող երկրների շարքում զբաղեցնում է վերջին տեղը:

Սա, իհարկե, մտահոգիչ փաստ է, բայց տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրված էական առաջընթացն ու զարգացումը, կայուն տեմպերով դրականի փոփոխման հեռանկարն ու ընդհանուր առաջնթացի միտումը հույս են ներշնչում, որ կարճ ժամանակ անց մենք կունենանք ազգային մրցունակության առավել գոհացուցիչ  գնահատական համաշխարհային մակարդակում:

 

 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 1464 անգամ:
Print Friendly

Leave a Reply