Նախադաշտանային համախտանիշ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 6, 2012 7:00

Ընդունված է կարծել, որ բոլոր կանայք էլ տառապում են նախադաշտանային համախտանիշով(ՆԴՀ), ինչը ենթադրում է նյարդային երևույթներ, տրամադրության անվերահսկելի փոփոխություններ:

Իրականում  նախադաշտանային ցիկլը ֆիզիկական ու զգացմունքային դրսևորումների համալիր է, որոնց իրական պատճառը մինչ օրս պարզված չէ: Նյարդայնությունից ու տագնապալի վիճակներից բացի, նախադաշտանային համախտանիշն ունի նաև ֆիզիկական դրսևորում. ցավ կրծքում ու փորի ստորին հատվածում: Շատ կանայք այդ շրջանում նույնիսկ աշխատունակությունն են կորցնում ու ստիպված  են հանգստյան օր վերցնել:

Նախադաշտանային համախտանիշի առաջացման ռիսկի գործոններից են  վահանաձև գեղձի հիվանդությունները, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, վիտամինների պակասը, սթրեսներն ու ջուր-աղային փոխանակության խանգարումները: Բացի այդ, ընդունված է համարել, որ նման խնդիրներ ունենում  են մեծ քաղաքներում բնակվող ու մտավոր գործունեությամբ զբաղվող կանայք:

Կարծիք կա նաև, որ ՆԴՀ-ն բուժելու համար բավարար է կենսակերպը փոխել, կարգավորել աշխատանքի ու հանգստի ռեժիմը,  զբաղվել ամենօրյա ֆիզիկական աշխատանքով:  Ճիշտ սնվել.  առատորեն վիտամիններ (մթերքի տեսքով) ընդունել, սուրճի, ալկոհոլի, աղի, շոկոլադի օգտագործումը սահմանափակել, ինչը ևս կթեթևացնի  վիճակը, բացի այդ, պետք է սովորել դիմակայել սթրեսային իրավիճակներին:

Կրկին նշենք, որ ՆԴՀ-ի առաջացման պատճառները մինչև վերջ ուսումնասիրված չեն: Հավանական է, որ այն  կապված է  պարբերական հորմոնալ փոփոխությունների հետ: Դաշտանից 2-12 օր առաջ օրգանիզմում սկսվում է էսթրոգեն ու պրոգեստերոն հորմոնների  փոխազդեցությունը: Էստրոգենների ավելցուկը հանգեցնում է օրգաններում ու հյուսվածքներում հեղուկի կանգի և այտուց  է առաջացնում, ուռչում են կրծքագեղձերը, ինչն իր հերթին ցավագին երևույթ է: Գլխուղեղի վրա Էսթրոգենների ազդեցությունից առաջանում են նյարդաէմոցիոնալ փոփոխություններ` ագրեսիա կամ ընկճախտ, հուզառատություն, գրգռվածություն կամ կռվազանություն:

Մեկ այլ տեսություն հիմնված է  այն համոզմունքի վրա, որ ՆԴՀ-ն կապված է պրոլակտին հորմոնի բարձր մակարդակով: Այս նյութն օրգանիզմում հեղուկի ու նատրիումի  կանգ է առաջացնում, ինչն էլ իր հերթին կրկին այտուցի պատճառ է դառնում: Ստացվում է, որ ինչ պատճառ էլ ունենա ՆԴՀ-ն, հետևանքը նույնն է` այտուց ու ցավ, և  դրա բուժման համար (այն իսկապես էլ բուժում է պահանջում ) հարկավոր է նվազեցնել այտուցը  դեղորայքային, մասնավորապես` բուսական հիմքով միջոցներով:

Ի վերջո, բոլոր կանայք պետք է  հիշեն, որ այդ վիճակը կարելի է վերացնել համապատասխան բուժումով: Իսկ տղամարդիկ պետք է համբերատար ու խելամիտ լինեն:

Տղամարդու տեսանկյունից

Ամեն ամիս կանայք օրեր են ունենում, երբ ներքին հակասությունները գագաթնակետին են հասնում: Տիտանական ջանքեր են հարկավոր նման դեպքերում հավասարակշռությունը պահպանելու համար: Ամեն անգամ կնոջ հոգեկանը փոփոխվում է,  շեղվում, ու հետզհետե կնոջ համար ավելի ու ավելի դժվար է դառնում չափի մեջ լինել ու այս աշխարհում բավարարություն գտնել: Բժշկագիտության մեջ այն, ինչ նկարագրվում է որպես ՆԴՀ, զերծ է փիլիսոփայական հիմնավորումից, ուստի կանանց կողքին ապրող տղամարդիկ դժվարանում են հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում կնոջ մեջ: Կանայք մի քանի օր  իրենք իրենց կորցնում են, դառնում բոլորովին այլ մարդ, փոփոխվում է վերաբերմունքը սովորական բաների նկատմամբ, ու տղամարդկանց համար դառնում են անկանխատեսելի:

Գլխավորը` փոքրիշատե հասկանալ, գիտակցել նման փոփոխություններն ու պատրաստ լինել  այդ օրերին նրանց վարքագծին ճիշտ արձագանքելուն: Պետք է հիշել, որ այդ օրերին կանայք ենթագիտակցորեն օգնություն են փնտրում տղամարդկանց մեջ ու դրան ի պատասխան կոպտություն ու օտարացում զգում:

Կանանց կրիտիկական օրերը միայն հորմոնալ հավասարակշռության փոփոխություն  չեն: Ավելի պարզ բացատրություն կա: Կինն այդ օրերին դուրս է գալիս մեր սովորական աշխարհից: Դա է պատճառը, որ նա դժվարանում է  շփվել այլ մարդկանց հետ, որոնք շարունակում են մնալ  սովորական իրականության մեջ: Տղամարդիկ հոգևոր տեսանկյունից ավելի սահմանափակ են, քանի որ նրանց առջև փակ են այդ խորհրդավոր դռները` գիտակցության այլ վիճակները: Ուրեմն, եթե ցանկանում եք թեթևացնել ձեր կնոջ «տառապանքները», դժվար օրերին եղեք նրանց կողքին:

Դիտվել է 4066 անգամ:
Print Friendly

Leave a Reply