Լիցքավորիր ուղեղդ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 2, 2012 7:00

Քննություններ, ընդհանուր հոգնածություն, գարուն, ավիտամինոզ: Բոլորը միասին ազդում են ուղեղի աշխատանքի որակի վրա: Ինչո՞ւ, որովհետև չենք կարողանում ճշգրիտ հավասարակշռություն ստեղծել աշխատանքի ու հանգստի, դադարի միջև:

Ուղեղը, ինչպես և մեր մարմնի ցանկացած մաս, պետք է և կարելի է մարզել:

Ինչպես՞: Քնելով: Աշակերտներն ու ուսանողները երբեմն լուսացնում են գիշերը քննության ու պարապմունքի թեման յուրացնելու  համար: Սա թերևս ծանոթ վիճակ է բոլոր սովորողների համար: Սակայն գիտնականներն ասում են` հանուն «գերազանցի» քնից զրկվելն այնքան էլ պարտադիր չէ: Նույնիսկ հակառակը, որքան լավ եք քնում քննության նախօրեին, այնքան քննությունը հաջող հանձնելու հավանականությունը մեծ է:

Բանից պարզվում է, որ քնելուց առաջ նյութը կրկնելն ավելի արդյունավետ է, քան մինչև լույս պարապելը: Վերջերս ամերիկյան ամսագրում տպագրված «Ուսուցում և հիշողություն» հոդվածում ասվում է, որ եթե ցանկանում եք` տեղեկությունը վերջնականապես յուրացվի ու «մարսվի» ուղեղում, ապա դրա համար հարկավոր է առնվազն 6 ժամ նորմալ քնել: Ինչպես է դա կատարվում` հետազոտողները դեռևս չեն կարողանում  բացատրել, սակայն ենթադրում են, որ քնի ժամանակ գիտակցությունը ստացած տեղեկությունները կարգավորում է, դասավորում:

Ռուս գիտնականներն էլ համամիտ են այս տեսակետին, նրանք էլ հավելում են, որ սովորած նյութը լավ յուրացնելու համար պետք է ամեն օր քնից առաջ մի քիչ մտածել լսած  դասախոսության կամ  դասագրքում կարդացածի շուրջ: Իսկ քննության նախօրեին` երեկոյան, գնալ համերգ կամ ֆիլմ դիտել: Պետք է ուղեղը հանգստանա, բեռնաթափվի, չի կարելի անընդհատ վրայից «լցնել ու լցնել»: Մինչ գիտակցությունը քննության  մասին մտքերից անջատվում է, ուղեղն է աշխատում ու հիշողության մեջ դասավորում ողջ սովորածը:

Մի հասարակ բայց և համեղ միջոց էլ կա հիշողությունն ամրապնդելու համար. ցանկացած տեսակի  ու տեսքով ընկույզ կերեք: Հատկապես օգտակար է նուշը, որի պարունակած հանքանյութերը, ինչպիսին  մագնեզիումն է, հետազոտությունների համաձայն, պատասխանատու է ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև հիշողության համար:

Իսկ չինացի գիտնականներն ընկույզները համարում են ինտելեկտի գանձարան, քանի որ  նույն մագնեզիումի շնորհիվ  նոր կապեր են ստեղծվում ուղեղի բջիջների միջև, ինչի շնորհիվ արագ ենք հասկանում, արձագանքում ու հեշտ ենք յուրացնում  կամ հիշում ցանկացած տեղեկություն:

Իտալական օրինակ

Ընդունված է կարծել, որ ամենաառողջ խոհանոցը ճապոնականն է: Ու հարկ է ասել, որ դրա համար լուրջ հիմքեր կան: Պատահական չէ, որ ճապոնացիներն ապրում են միջինը 87-92 տարի ու մինչև խոր ծերություն «գերազանց» տեսք են ունենում:

Իսկ եթե ցանկանում եք  նաև ոչ միայն մարմնի, այլև ուղեղի երիտասարդությունը պահպանել, ապա թերևս պետք է օրինակ վերցնել իտալացիներից ու նրանց խոհարարական ավանդույթներից:

Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ միջերկրածովյան սննդակարգը (ձկնեղենի, բանջարեղենի, զեյթունի ձեթի ու գինու առատություն) ընդհանուր առմամբ բարերար ազդեցություն է ունենում սրտանոթային ու նյարդային համակարգերի վրա, բարելավում արյան շրջանառությունը (այդ թվում` ուղեղի) ու կանխում տարիքային հիվանդությունների զարգացումը: Իսկ որ ամենակարևորն է, ըստ ամերիկյան հետազոտությունների, այն 36%-ով նվազեցնում է նյարդային հյուսվածքների դեգեներացիան, որն էլ ծերունական տկարամտության` Ալցհեյմերի հիվանդության ու ցրված սկլերոզի   պատճառ է դառնում:

ԱՄՆ-ում լույս տեսնող «Ագրոքիմիա և սննդարդյունաբերություն» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ  անտոցիանինի խմբի բուսական պիգմենտները բարելավում են կապը ուղեղի նեյրոնների միջև: Այդ նյութերը բույսին կարմիր կամ մուգ կապույտ գույն են տալիս, հետևաբար դրանց առկայությունը կարելի է մրգի ու բանջարեղենի գույնով տարբերել: Այդ նյութի պարունակությունը հատկապես շատ է հապալասի, ելակի, մորու, բալի, բազուկի, սև հաղարջի ու խաղողի մեջ: Ի դեպ, այդ նյութի օգտակար հատկությունները չեն կորչում անգամ դրանցից գինի ստանալու դեպքում:

Վերը թվարկված հատապտուղների սիրահարների համար մի լավ նորություն էլ կա. դրանք գերազանց միջոցներ են քաղցկեղի որոշ տեսակների կանխման համար: Ավելի վաղ անգլիացի գիտնականները պարզել էին, որ անտոցիանինով հարուստ մթերքների օգտագործումը  զգալիորեն նվազեցնում է ստամոքսի քաղցկեղի հավանականությունը և նույնիսկ դանդաղեցնում արդեն գոյություն ունեցող գոյացությունների աճը: Ներկայումս այդ նյութերի հիման վրա մշակվում են հակաքաղցկեղային դեղամիջոցներ:

Դիտվել է 3099 անգամ:
Print Friendly

Leave a Reply