«Բանակը հասարակության ռազմականացված մոդելն է»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 4, 2012 7:00

 «Մ-ին ճանաչում էի բանակ զորակոչվելուս հենց առաջին օրվանից. հավաքակայանից միասին էինք զորամաս մեկնել, միասին «կարանտին» անցել, միասին ծառայել ամբողջ մեկուկես տարի: Բայց մի օր երեկոյան` մինչև զինվորական քնի ժամը, ցնցվեցի աղեկտուր հառաչանք-գոռոցից: Վեր թռա, վազեցի ձայնի ուղղությամբ ու… տեսա Մ-ին` ամբողջությամբ արյան մեջ շաղախված»: Սա մի փոքրիկ հատված էր իմ զինվորական օրագրից:

Հիշեցի, որ այդ արյունոտ դեպքի օրը Մ-ն կռիվ էր արել իմ բանակային մեկ այլ ընկերոջ` Բ-ի հետ ու  «թռչող տաբուրետի անկանխատեսելի շրջապտույտից» հետո գլխի վրա վիրաբուժական հինգ կարի չափով վերք էր ստացել և հետո, «բոլորովին պատահական», ձախ թևն էր արմունկի հոդից դուրս ընկել: Հիշեցի, որ Մ-ն տառերը չէր ճանաչում` ո՛չ հայերենի, ո՛չ ռուսերենի և ո՛չ էլ մեկ այլ լեզվի, բայց «բարեհաջող» ավարտել էր միջնակարգ դպրոցն ու հասցրել ռուսաստաններում մի լավ պտտվել: Բայց սիրում էր հպարտանալ, որ բոքսից Հայաստանի չեմպիոն է եղել: Մ-ի ռազմահայրենասիրական «դաստիարակության» մասին հիշելն էլ այստեղ բոլորովին ավելորդ է, քանի որ այդպիսի բարդ բառ նա իր կյանքում երբեք չէր լսել:

Բ-ն էլ հիշյալ բնորոշումներով առանձնապես չէր փայլում, բայց գոնե ռուսերեն տառերը գիտեր, իսկ հայերեն տառերի կեսը մի քիչ խորթ էին երևում նրան: Բազուկներին էլ Աստված այնքան ուժ չէր տվել, որ չեմպիոնական հրճվանք պարգևեր: Ու խեղճը, ինչ արած, հույսը դրել էր հավատարիմ ընկերոջ` «թռչող տաբուրետի» վրա, որը երբեք նրան չէր դավաճանել: Մի խոսքով, այս պատմությունը հիշեցի, որ ծագել էր ամենահասարակ ու չնչին մի անհամաձայնությունից, որը վերածվել էր «սկզբունքային անհամաձայնության», սա էլ, իր հերթին` դիրքային պայքարի, ու արդյունքում ստեղծվել էր մի իսկական «խառոշիների» հակամարտություն… Այս պատմությունից հետո, «բանը հասավ դիվանբաշուն», բոլորին կանչեցին դատարան` գործին իրավաչափ ընթացք հաղորդելու: Ու ես զգացի, որ ատում եմ Մ-ին, Բ-ին, հրամկազմին, նրանց հրամկազմին, Բ-ից Մ-ին չարթերային թռիչք իրականացնող տաբուրետին, դատարանին, դատավորին` բոլորին:

Վերջին շրջանում շատ է խոսվել մեր ազգային բանակում զինվորների մահացության դեպքերի մասին: Ու երեկ համացանցում «նավարկելիս» էլի հանդիպեցի բանակում զոհված զինծառայողների` կառավարության առջև ցույցեր անող ծնողների բողոքի ակցիաների տարբեր ժամանակների լուսանկարների: Անկախ այն հանգամանքից, թե այդ զինծառայողներն ինչ պայմաններում են զոհվել, ով է եղել նրանց զոհվելու պատճառը և այլն, երևույթը ցավալի է: Նույնիսկ պատերազմի ժամանակ յուրաքանչյուր զինվորի կյանք թանկ է մեզ համար ու կարևոր, էլ ուր մնաց խաղաղ պայմաններում: Ու էլի հիշեցի Մ-Բ հակամարտությունը: Մտածելու բան շատ կա:

Ակամա հիշեցի ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանին, որ ասում է. «Հասարակության մեջ եղած երևույթները բանակի վրա ազդում են այնքանով, որքանով ազդում են այդ սերնդի երեխաների վրա: Օրինակ` վերջերս համացանցում տարածվեցին տեսանյութեր, որոնցում աղջիկները ծեծում ու հայհոյում են իրար:

Եթե երևույթն արդեն կա, եթե աղջիկն է իրեն թույլ  տալիս այդպիսի բան ասել կամ անել, բնական է, որ եթե նույն տարիքի տղաների ձեռքը զենք տաս, ինչ ասես` կարող են անել: Երևում էր, թե տղաները կողքից ինչ են անում ու ինչ են մտածում: Այ հենց այդ կողքի կանգնած տղաներն էլ  վաղը-մյուս օրը պետք է գնան բանակ»:

Եվ իրոք, մտածում եմ` եթե Մ-ն կիրթ ու գրագետ լիներ, եթե ռազմահայրենասիրական դաստիարակության կրող լիներ` առանց չակերտների, եթե նույնը լիներ նաև Բ-ն, մի՞թե այդ օրը մի աննշան, չնչին պատճառից մի այդպիսի ցավալի դեպք կգրանցվեր:

Բայց այսօր դեռևս լայն քննարկման առարկա են մնում «համացանցային հերոսների» տեսանյութերն ու դրանցում ցուցադրված իրականությունը: Այդ դեռահասներն այն սերնդից են, որը կանգնած է հերթափոխի, որը դեռ պետք է զինվոր դառնա ու ծառայի մեր ազգային բանակում: Իսկ մեր ազգային բանակի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ հիմնականում համալրվում է զորակոչով` ժամկետային զինվորական ծառայության միջոցով: Այսինքն` հավաքվում են տարբեր ընտանիքների, բակերի, թաղերի, բնակավայրերի ու տարբեր դպրոցների ներկայացուցիչներ: Ու ստեղծվում է մի հավաքական հանրույթ, որի անունն է Հայկական բանակ: Այն, բնականաբար, ունի իր հավաքական կերպարը: Եվ այդ կերպարը ձևավորվում է մեր բանակի ձեռքբերումներով, բանակը ներկայացնող մարդկանցով, այդ մարդկանց անձնվեր ծառայությամբ, երբեմն, ցավոք, թերացումներով:

Մի արտահայտություն կա հասարակական գիտությունների ոլորտում. «Դպրոցը, բուհն ու բանակը հասարակության հայելին են»: Այսինքն` բանակը ձևավորվում է մեր հասարակության ներկայացուցիչներից, մեր հասարակության արժեքային համակարգն այս կամ այն կերպ ներթափանցում է բանակ:

«Բնականաբար, այս առումով բանակը բավականին փխրուն է որպես օրգանիզմ: Եվ որքան էլ բանակում իրականացվի դաստիարակչական, նպատակաուղղված գործունեություն, շատ դժվար է դաստիարակել 18 տարեկան տղային, որը փողոցային բարքերով է մեծացել, որը լիարժեք ընտանեկան դաստիարակություն չի ստացել, դպրոցում բավարար կրթություն չի ստացել: Իսկ բանակը հասարակության ռազմականացված միկրոմոդելն է: Ու հոռի երևույթներից սկսած` մինչև ամենավեհ արժեքներն այնտեղ հավասարապես ներկա են: Երբ փորձ է արվում հենց «բանակը հասարակության հայելին է» մոտեցումով վերլուծություն անել ու ընդգծել գոյություն ունեցող ինչ-ինչ հոռի երևույթներ,  իրոք օբյեկտիվ  կողմ կա: Բայց  դա երբեք չի կարելի ասել արդարացնելու համար այն հոռի երևույթները, որոնք առկա են բանակում»,- ասում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

Նա ասում է նաև, որ բանակը բարդ կառուցվածք է, մենք ունենք ակնառու ձեռքբերումներ, բայց մի ողբերգական դեպքը կարող  է ստվերել ամիսների ու տարիների ձեռքբերումները: Եվ այդ մեկ ողբերգական դեպքի պարագայում չի կարելի սխալ վերլուծություն անել ու  այն տանել այն ուղղությամբ, որ արդարացնենք տեղի ունեցածը զուտ այն պատճառով, թե «բանակը հասարակության հայելին է»:  Այս արտահայտությունը կարելի է օգտագործել` բացատրելու համար տեղի ունեցածը, բայց ոչ երբեք արդարացնելու:

«Կա նաև «հասարակության հայելի» ասվածի հակառակ` դրական կողմը: Օրինակ` զինվորը դիվերսիա է կանխում: Նա նույնպես հասարակության մասնիկ: Մենք նվիրյալներ ունենք, և նվիրյալների վրա էլ հենված է բանակը:Հենց այդ մարդկանց շնորհիվ էլ «բանակը հասարակության հայելին է» արտահայտության դրական, լուսավոր կողմն է երևում»,- նշում է Դավիթ Ջամալյանը:

Բանակում ամեն ինչ էլ կա` և՛ լավը, և՛, ցավոք, վատը:

Բնականաբար, հարց է առաջանում, թե ուր էին մեր սպաները, երբ իմ ծառայակից ընկերներ Մ-ն ու Բ-ն հակամարտում էին: Պետք է հասկանանք, որ եթե հասարակությունն ամբողջ 18 տարի չի կարողացել դաստիարակել Մ-երին ու Բ-երին, մեկ-երկու կամ մի քանի սպա դա չեն կարող անել մի քանի ամսում, անգամ` երկու տարում: Նրանք միայն կարող էին հետաձգել տաբուրետի «անխուսափելի» թռիչքը, բայց բացառել…

Մենք պետք է անողոք լինենք ու պահանջկոտ` հոռի երևույթը կանխելու կամ մեղավորին պատժելու պահանջով, բայց նաև ունակ լինենք գովաբանելու և գնահատելու նվիրյալների աշխատանքը: Ինտերնետային ծեծկռտուքի ու հայհոյանքների հեղինակ երկու-երեք արարածի կողքին հպարտորեն տեղ զբաղեցրած «տղաները» վաղը դառնալու են «բանակային», իսկ այդ «աղջիկները»` «բանակայիններին սպասող` սիրած աղջիկներ»: Պատկերացրեք` այդ «լածիրակները», որ այդքան ոգևորվել էին աղջիկների կռվից, այդ արժեհամակարգով գնալու են բանակ,  իսկ այդ աղջիկներն էլ նրանց «թև տվող ու հուսադրող» նամակներ պետք է գրեն: Իսկ բանակը միայն սրում է զգացողությունները, լարում ուշադրությունն ու նյարդերը, բացահայտում մինչ այդ անճանաչ հատկություններ:

Ո՞ւմ ենք ճանապարհում բանակ և ո՞ւմից ենք պահանջում` մեր զինվորներին վերադարձնել մեզ: Արդյոք վաղուց ժամանակը չէ՞, որ հասարակությունը բանակ ճանապարհի ոչ թե հերթական զինակոչիկների, այլ ՀՀ քաղաքացիների, իսկ նրանց դիմավորի ոչ թե նույնքան ցածր արժեհամակարգ ունեցող «օֆիցերը», այլ ազգային բանակի սպան, որը նաև ավագ ընկեր ու ժամանակավոր ծնող է, բայց ոչ երբեք հակադրություն ու անհանդուրժողականություն սերմանող վերակացու:

Մի պահ պետք է մտածենք, թե յուրաքանչյուրս ինչ ենք անում, որպեզի բանակ գնան ոչ թե իմ ծառայակից ընկերների պես Մ-եր ու Բ-եր, կամ համացանցային «հերոսներ», այլ նորմալ, առողջ ու հայրենասեր երիտասարդներ: Իսկ սպաները, վերջիվերջո, նույնպես մեր հասարակությունից են գնում բանակ:

 

Դիտվել է 2180 անգամ:
Print Friendly

Leave a Reply