Ընդդիմությունը «ԲՀԿ-ի կերպարա՞նք» է ստանալու

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 31, 2012 15:21

Անցած շաբաթ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի և ձևավորվելիք կառավարությունում պորտֆելներ չի վերցնի: Այս քայլը շատ-շատերի համար անհավանական էր թվում, բայց այն, այնուամենայնիվ, իրականություն դարձավ: Սակայն ԲՀԿ նախագահն իր հայտարարության մեջ պարզ ու հստակ չնշեց, թե այդ դեպքում ինչ է անելու ԲՀԿ-ն, ինչպես է ընտրություններում երկրորդ արդյունքները գրանցած քաղաքական ուժը դիրքավորվելու հայաստանյան քաղաքական դաշտում և արմատական ընդդիմադի՞ր, չեզո՞ք, թե՞ մեկ այլ ձևաչափի քաղաքական գործունեություն է շարունակելու ծավալել:

Գագիկ Ծառուկյանի հայտարարության հաջորդ օրը ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցներից մեկին ասաց, որ ԲՀԿ-ն Հայաստանում կստանձնի «կառուցողական ընդդիմության» դերը: Այս հայտարարությունից ևս ոչ մի հստակ բան չի պարզվում: Այնինչ քաղաքական Հայաստանին պետք են պատասխաններ: Օրինակ` Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը անակնկալ չի՞ եղել ԲՀԿ-ում, և այն ինչպե՞ս կազդի կուսակցության հետագա ներկուսակցական կյանքի վրա: Դուրս կգա՞ ԲՀԿ-ն փողոց և կստանձնի՞ արդյոք հրապարակում ժողովրդական զանգվածներն ուղղորդող ընդդիմադիր ուժ, թե՞ կգերադասի միայն խորհրդարանում ընդդիմադիր կեցվածք ընդունել ու հռետորաբանություն որդեգրել:

Մի խոսքով, հարցերը շատ են, իսկ որոշակի պատասխանների բացակայությունն առաջացնում է տեղեկատվական քաղց, որի պայմաններում էլ գրեթե բոլոր լրատվամիջոցներում  սկսել են շրջանառվել տարբեր տեսակի խոսակցություններ, երևակայական սցենարներ, վերլուծություններ: Օրինակ` թերթերից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե  առաջիկայում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա Ազգային անվտանգության խորհրդի կազմից: Լուրեր են շրջանառվում նաև, որ Ծառուկյանը գուցե հրաժարական տա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնից: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հերքեց միայն ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնից հրաժարականի մասին լուրերը, ինչ վերաբերում է ԱԱԽ-ին, նա տեղեկություններ չուներ: Ըստ Զոհրաբյանի` դա պարզ կլինի Ծառուկյանի վերադարձից հետո, քանի որ Ծառուկյանն իր հայտարարությունը հրապարակելուց հետո մեկնել է Բելառուս, ինչը ևս տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց:

Այնուամենայնիվ, կոալիցիային մաս չկազմելը, ամենայն հավանականությամբ, միանշանակ չի ընդունվի նաև հենց որոշ ԲՀԿ-ականների կողմից: Առավել ևս նրանց, ովքեր բիզնես-միզնես ունեն, կամ պաշտոն-մաշտոն կամ էլ`  դրանք ունենալու հավակնություններ:

Օրերս էլ թերթերից մեկը հրապարակում ունեցավ, թե Սարդարապատում տոնական հանդիսությունից հետո իշխանական էլիտան, ինչպես միշտ, ճաշել է «Վարդավառ» ռեստորանային համալիրում: ԲՀԿ բոլոր նախարարները, բացի սպորտի նախարար Արթուր Պետրոսյանից, ներկա են եղել: Ավելին, նրանք ակտիվ բանակցությունների մեջ են եղել ՀՀԿ-ականների հետ: Վերջիններիս պատմել են, թե թերթերից են իմացել, որ իրենք այլևս կոալիցիայում չեն, որ իրենցից ոմանց հայտարարությանը նախորդած օրերին Գագիկ Ծառուկյանը կանչել-ասել է. «Կոալիցիա ենք կազմելու, դուք էլ մնում եք ձեր պոստերում, բացի սպորտի նախարարից»: Ու հիմա չեն հասկանում, թե վերջին օրվա ընթացքում ինչ է կատարվել, մանավանդ որ Գագիկ Ծառուկյանն էլ, առանց որևէ մեկին որևէ բան ասելու, հայտարարությունից անմիջապես հետո մեկնել է Բելառուս:

Դե «լավատեղյակ» աղբյուրները նախկինում էլ հիշատակում էին, թե ԲՀԿ-ն անպայման մաս կկազմի կոալիցիային: Բայց ԲՀԿ-ն վերցրեց ու որոշեց իսկական քաղաքական ուժի նմանվել ու սեփական դիրքորոշումն արտահայտել: Չնայած դա խաղ էր, թե իրական դիրքորոշում, դեռ ժամանակը ցույց կտա:  Այնպես որ, այս պարագայում ևս խուսափենք բամբասանքների հիման վրա եզրակացություն անելուց, որովհետև ԲՀԿ-ն դարձել է «սյուրպրիզ» կուսակցություն:

Արդարության համար պետք է նշել նաև, որ ԲՀԿ-ի կոալիցիոն նախկին գործընկեր ՀՀԿ-ի ներկայացուցիչներից, օրինակ,  վարչապետ Տիգրան Սարգսյանը ԲՀԿ-ին ընդդիմություն չի համարում: «Իսկ ո՞վ ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմություն է»,- մայիսի 26-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ԲՀԿ-ի ընդդիմություն դառնալու հանգամանքին: Վարչապետը  շեշտել է նաև, որ իրենք հարգում են իրենց գործընկերների որոշումը և համոզված են, որ իրենց  համագործակցությունը շարունակվելու է: Իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի այս հայտարարությանը, Սարդարապատի հանդիսությունների ժամանակ լրագրողներին ասել է, որ ինքը հարգում է վարչապետի և մյուս քաղաքական գործիչների կարծիքները, բայց մնում է  իր կարծիքին և չի մեկնաբանում այդ ուժերի դիրքորոշումները: «Ժամանակը ցույց կտա` ԲՀԿ-ն  ընդդիմություն է, թե իշխանություն: Այդ հարցերն ուղղեք ԲՀԿ-ի մեր գործընկերներին և հետևեք խորհրդարանի աշխատանքներին»,- ասել է Շարմազանովը:

Ի տարբերություն Շարմազանովի` ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չի պատկերացնում, որ ԲՀԿ-ն կարող է ընդդիմադիր դաշտ գնալ: Այս մասին  նա հայտնել է լրատվամիջոցներից մեկին և մանրամասնել, թե ինչու է այդպես կարծում: Պարզվում է` ՀՀԿ-ական պատգամավորը ԲՀԿ-ին որպես ընդդիմություն չի պատկերացնում, քանի որ միասին ճանապարհ են անցել, իսկ երկու կուսակցությունների ծրագրերի մեջ էլ առանձնապես գաղափարական տարբերություն չկա: «Ես ԲՀԿ-ին արմատական ընդդիմություն չեմ պատկերացնում, և քաղաքական առումով էլ դա չի դիտվի»,- ընդգծել է Ալեքսանյանը:

Դիտարկմանը, թե ստացվում է` ԲՀԿ-ն խաղ է խաղում, Ալեքսանյանը չի համաձայնել: ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելը, ըստ նրա, կերևա միայն խորհրդարանում: Իսկ այն հարցին`  թե եթե ԲՀԿ-ն գնա հրապարակ և հանրահավաքներ անի, այդ դեպքում կհավատա՞ նրա ընդդիմադիր լինելուն, Ալեքսանյանը պատասխանել է, որ ՀՀԿ-ն էլ կարող է հանրահավաք անել:

Մի խոսքով` կարծես ամեն ինչ հստակ է ու հասկանալի. ԲՀԿ-ն կոալիցիա չէ, կառավարությունում պորտֆելներ չի ունենա, կլինի «կառուցողական ընդդիմություն», կդիրքավորվի ընդդիմադիր դաշտում, ակտիվ կսպասի նախագահական ընտրություններին, հենց դրա համար կոալիցիա չմտավ և այլն, և այլն:

Բայց այս ամենը դառնում է անիմաստ, քանի դեռ Ծառուկյանը լուռ է, իսկ թե ինչ կարող է պատահել, երբ նա խոսի և ասի իր դիրքորոշումը, արդեն անցյալ շաբաթ պարզ դարձավ:

 

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply