Քաղաքական դաշտը երկընտրանքի առջև է

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 31, 2012 15:17

5-րդ գումարման ԱԺ առաջին նիստին ընդառաջ բոլորին հուզող թեման ուժերի դասավորվածության ու պորտֆելների բաժանման հարցն էր: Մեծ մասամբ փորձագետները պնդում էին, որ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան կկայանա, չնայած ոմանք էլ նշում էին, որ այդ պարագայում ԲՀԿ-ն կկորցնի իր հեղինակությունը և կդառնա ՕԵԿ-ի պես մի ուժ:

Մայիսի 24-ին պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն կոալիցիա չեն կազմի: Սա նշանակում է, որ նոր կառավարությունում ԲՀԿ-ն պորտֆելներ չի ունենա և կկորցնի իր վարչական ռեսուրսները: Բաց է մնում նաև մի հարց. մի՞թե ԲՀԿ-ն այլևս ընդդիմություն է, եթե իշխանության կազմում չէ:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կատարվածը դրական է գնահատում` նշելով, որ ՀՀԿ-ի մանդատների բացարձակ մեծամասնության պարագայում կոալիցիան ձևական բնույթ պիտի կրեր, բացի այդ, մոնոլիտ վիճակը ճահճացում է առաջացնում: Մինչդեռ այժմ քաղաքական պայքարը կարող է տեղափոխվել Ազգային ժողով, ստեղծված իրավիճակը պառլամենտարիզմի կայացման շանս է:

Քաղաքագետը նշում է, որ ՀՀԿ-ն կոալիցիա կազմելիս բծախնդրություն պետք է ցուցաբերի` ճիշտ կադրեր ընտրելու համար. «ՀՀԿ-ն կառավարություն կազմելու ռեալ իրավունք և հնարավորություն ունի, նրան պետք է ողջախոհություն ցանկանալ, որ լավ կառավարություն կազմի»:

Իսկ ԲՀԿ-ն, ըստ Շիրինյանի, ընդդիմություն է, բայց ոչ հայաստանյան պատկերացումներով դասական ընդդիմություն:  «Եթե հասկանում ենք դասական հայաստանյան պրակտիկան, որ ձևավորվել է 1990-ից մինչև մեր օրերը,  ընդդիմություն նշանակում է  ամեն ինչին դեմ լինել և ժողովրդական զանգվածներին դիմել փողոցում. սա ընդդիմության մոդել է, բայց ոչ խորհրդարանական: Հիմա ԲՀԿ-ն կարող է  մտնել ակտիվ խորհրդարանական, բայց ոչ իշխանական գործունեության փուլ, դա համարում եմ ցենտրիստական քաղաքականություն»,- ասում է Շիրինյանը` հավելելով, որ  կենտրոնամետ քաղաքականություն վարելը պառլամենտարիզմի դրսևորում է , որն իր հետ կբերի քաղաքականության նոր որակ և արդյունք:

Քաղաքագետի կարծիքով` «բիզնես ակումբը կուսակցության վերածելու» և պառլամենտարիզմի կայացման հավանականությունը 50/50 է. «Կուսակցության ղեկավարության պատասխանատվության  և ցանկության հարցն է»:

«Եթե ԲՀԿ-ն ցենտրիստական քաղաքականություն վարի, միշտ փողոցին, զանգվածներին դիմելու հնարավորությունը ձեռքի տակ կունենա, իսկ այդ սպառնալիքը կպարտադրի Հանրապետականին քաղաքականության մեջ չափավորվել»:

Իսկ ծայրահեղ ընդդիմություն, ըստ Շիրինյանի, կլինեն ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն. «ՀԱԿ-ը, ուզի չուզի, պիտի այդպիսին լինի կամ ձևանա, այդ զանգվածով է եկել և տրամադրությունն էլ դեռ հեղափոխական է: ՀՅԴ-ն  պարտավոր է  ծայրահեղ ընդդիմություն լինել, որպեսզի վերածնի իր ազդեցությունն ու հեղինակությունը, որովհետև խաղից դուրս վիճակում է հայտնվել»:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով էլ ԲՀԿ-ն, կոալիցիա չմտնելով, ունեցավ թե՛ կորուստներ, թե՛ ձեռքբերումներ. կորցրեց վարչական ռեսուրսը, որոշակի քանակությամբ ընտրազանգված, բայց պահպանեց վարկանիշը: Բադալյանի կարծիքով` կուսակցության հետագա թուլացումից խուսափելու համար դրան պետք է ընդգծված քաղաքական կերպար հաղորդել, նաև ընդլայնել միջազգային համագործակցության մակարդակը:

Իսկ թե քաղաքական դաշտի ներկայացուցիչները մասնագետների կանխատեսածներից որ ուղին կընտրեն, և ինչ զարգացումներ կլինեն, ցույց կտա ժամանակը: Ի վերջո, մեծ մասը կանխատեսում էր կոալիցիայի կայացում, մինչդեռ այն չեղավ: Այնպես որ առաջիկայում էլ անակնկալները բացառված չեն:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply