Հայաստանում 50%-ից ավելին ծխող են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2012 14:19

Մայիսի 31-ը “Առանց ծխախոտի” համաշխարհային օրն է: Այս առիթով այսօր լրագրողնեի հետ հանդիպման էր եկել ԱՆ Հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը: Նա նախ խոսեց այս օրվա մասին` նշելով, որ Մայիսի 31-ը` որպես «Առանց ծխախոտի» համաշխարհային օր, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված օր է, և բոլոր 193 անդամ երկրները  նշում են այս օրը իբրև համաշխարհային օր առանց ծխախոտի: Այդ օրը նշվում է 1988 թվականից, և այդ տարվանից սկսած` ամեն տարի այս օրը նշվում է տարբեր կարգախոսներով, իսկ Հայաստանում նշվում է 2000 թվականից սկսած: Սակայն Հայաստանում նշվում է նաև հոկտեմբեր 12-ը` որպես “Ծխախոտի դեմ պայքարի” համազգային օր:

Ըստ Բազարչյանի` համաշխարհային տենդենցները նվազելու միտում ունեն, իսկ մեր երկրում կան որոշակի դրական միտումներ հատկապես տղամարդկանց շրջանում, չնայած` մնում է բավականին բարձր ցուցանիշների վրա: Մյուս համաշխարհային տենդենցը ծխախոտի օգտագործման ֆեմինիզացիային է վերաբերում, ինչը ամբողջ աշխարհում սկսվել է մի քանի տասնամյակ առաջ, երբ կանայք սկսեցին ավելի շատ ներգրավվել ծխախոտի օգտագործման մեջ: Հայաստանում այդ գործընթացն սկսվել է մոտ 10-20 տարի ավելի ուշ, սակայն այդ տենդենցը կա և հիմա դառնում է ավելի տեսանելի, այսինքն`ծխող կանայք գնալով ավելանում են:

Տղամարդկանց շրջանում Հայաստանում ծխում են 50%-ից ավելին (15-ից բարձր տարիքային խմբերում), իսկ կանանց դեպքում, համաձայն պաշտոնական վիճակագրության տվյալների` ծխողների թիվը կազմում է 3%:

“Անկախ”-ի հարցին, թե Հայաստանում ինչ ծրագրեր են իրականացվում ծխելու դեմ պայքարելու ուղղությամբ, բանախոսը նշեց, որ Հայաստանում գոյություն ունի ծխելու դեմ պետական ծրագիր, որը 5 տարվա կտրվածքով է և նախատեսված է 2010-2015 թվերի համար, որում ամրագրված են մի շարք գործողություններ, այդ թվում` իրազեկում, հետազոտություների անցկացում, օրենքների մշակում և այլն: Այդ են վկայում հասարակական վայրերում, տրանսպորտում և առողջապահական հիմնարկություններում ծխելու արգելումն ու առանձին հաստատություններում հատուկ ծխելու համար առանձնացված գոտիները:

Բազարչյանը նաև նշեց, որ մեզ մոտ ծխելը թողնողների թիվն աճում է 40-50 տարեկան հասակում, երբ ի հայտ են գալիս առողջական լուրջ խնդիրներ, ուստի 15-17%-ը Հայաստանում կազմում են նախկին ծխողները:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply