ՀՀ համայնքների զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնը գործազրկությունն է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 20, 2009 14:38

Արմենակ Դարբինյանը ներկայացնում է «ՀՀ գյուղական և քաղաքային համայնքներ» տեղեկատվական բազան

ՀՀ 865 գյուղական և 48 քաղաքային համայնքների տվյալներն այսուհետ հասանելի են ցանկացած մարդու. «Համայնքների զարգացում» ծրագրի շրջանակներում կազմվել է «ՀՀ գյուղական և քաղաքային համայնքներ» տեղեկատվական բազան, որն այսօր հանրությանը ներկայացրեց ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը:

«Այս բազան նպաստում է տեղական ժողովրդավարության կայացմանը: Սա համայնքի մակարդակով տեղեկատվության արդյունավետ օգտագործման արդյունավետ գործիք է»,- ասում է Վիդալը:

Տարածքային կառավարման 1-ին փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ նշեց, որ ստեղծված բազան առաջիկայում կֆորմալացվի. «Այն կդառնա վարչական ռեգիստրի մի մասը կամ էլ վարչական ռեգիստրի նյութերը կներառվեն այդ բազայում»:

Ծրագրի թիմի ղեկավար Արմենակ Դարբինյանն ասում է, որ տվյալների բազան երկլեզու է
(հայերեն, անգլերեն) և բաղկացած  7 բաժիններից: Այն պարունակում է համայնքների տարածքային և սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշներ` գյուղական և քաղաքային համայնքների բնակչության թվաքանակը, սոցիալական խմբերը, կրթության մակարդակը, միգրացիայի ծավալները և ուղղությունը, զբաղվածությունը:

Բազայում ներկայացված է նաև համայնքների առողջապահական, մշակութային, կրթական հասատությունների մասին տեղեկություններ, արտադրական ձեռնարկությունների առկայությունը, գյուղատնտեսական նշանակության հողերի շուկայական գինը, համայնքներում առկա ընտանի կենդանիների գլխաքանակի թիվը, համայնքների վարչական բյուջեի եկամուտները և այլն:

Կան նաև համեմատական տվյալներ. 2006-ին փորձնական ստեղծված տվյալների բազայի ցուցանիշերի հետ են համեմատվում ներկա տվյալները: Ըստ այդմ` օրինակ, Արմենակ Դարբինյանն ասում է, որ 61-ով ավելացել են նախադպրոցական հաստատություններ չունեցող համայնքների թիվը. ներկայումս մանկապարտեզ չունի 561 համայնք, ևս 201-ը չունեն ավագ դպրոց:

Տվյալների բազայում կա նաև հատուկ բաժին, որտեղ 2006-ի հետ համեմատական կարգով ներկայացվոած են համայնքերում առկա հիմնախնդիրները և դրանց տարածքային պատկերը: Ըստ ուսումնասիրությունների` ամենասուրը հողերի որակի բարելավման հետ կապված խնդիրն է. 750 համայնք նման խնդիր ունի:

Դարբինյանն ասում է, որ ըստ ուսումնասիրությունների` համայնքների զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնը գործազրկությունն է (2006-ին հիմնական գործոն է նշվել ոռոոգման ջրի խնդիրը, իսկ գործազրկությունը եղել է 5-րդ հորիզոնականում): Համայնքների զարգացման խոչընդոտների ցուցակում հաջորդում են խմելու և ոռոգման ջրի խնդիրները:

Դիտվել է 1985 անգամ:
Print Friendly

Leave a Reply