«Շատ հարմար աթոռ էր». պատգամավոր դարձած լրագրողը` նոր աթոռի մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 31, 2012 12:27

“Առավոտ” օրաթերթի նախկին լրագրող, ներկայումս ՀՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան եկած Մարգարիտ Եսայանն “Անկախ”-ի հետ զրույցում նշեց, որ շատ հանգիստ է մտել խորհրդարանի շենք` որպես պատգամավոր, պատգամավորական աթոռին էլ հարմարավետորեն տեղավորվել է. “Շատ հարմար աթոռ էր”,-անկեղծացավ նա:

Մարգարիտ Եսայանը բոլորովին հակասություն չի տեսնում այն բանում, որ ժամանակին քննադատել է Հանրապետական կուսակցությանը, իսկ այսօր կրում է այդ կուսակցության կրծքանշանը. “Ցանկացած կուսակցություն ունի իր սխալներն ու թերությունները և իր լավ կողմերն ու կատարած լավ գործերը”,-ասաց նա` նշելով, որ իր որոշումը շատ սթափ և հավասարակշռված է եղել:

Որ ոլորտն է ամենաշատը լինելու նախկին լրագրողի ուշադրության կենտրոնում. պարզվում է` բոլոր ոլորտները. “Լրագրողներն ընդհանրապես այնպիսի ժողովուրդ են, որ ամեն ինչից գլուխ հանում են”,-ասաց Մարգարիտ Եսայանը:

Նորաթուխ կուսակցականը դեռ իրեն ՀՀԿ լիարժեք անդամ չի համարում, ինչպես ինքը նշեց, դեռ սովորում է դառնալ կուսակցական:

Ինչ վերաբերուոմ է լրագրությանը, ապա նա չի պատրաստվում  մեկընդմիշտ հրաժեշտ տալ դրան: Ըստ նրա, դա հնարավոր չէ, քանի որ լրագրություը վիճակ է. “Ես ունեմ իմ անձնական բլոգը, որը շատ ակտիվորեն վարում եմ և սրանից հետո նույնպես կշարունակեմ վարել, առաջիկայում նաև հեղինակային գրքեր ունեմ հրատարակելու, այնպես որ, գիր ու գրականությունից չեմ հեռանալու”,-ասաց նա:

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply