Խորհրդարանը նոր կազմով սկսեց աշխատանքը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 31, 2012 11:20

ԱԺ 5-րդ գումարման առաջին նստաշրջանը ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց: Նիստը վարեց տարիքով ամենաավագ պատգամավորը` Մկրտիչ Մինասյանը` ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի: Ողջույնի խոսքով ելույթ ունեցան  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Սերժ Սարգսյանը նախ շնորհավորեց ԱԺ հինգերորդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ` նշելով, որ անցած 5 տարին արդյունավետ աշխատանքի տարիներ և լավ հիմք են գալիք 5 տարիների համար: Նա հույս հայտնեց, որ ընտրողների սպասելիքները կարդարացվեն` նշելով, որ նախընտրական հանդիպումների ընթացքում մեկ առ մեկ հավաքագրել են մարդկաց խնդիրները. “Մեզ ընտրել են, որովհետեւ հավատացել են”,-ընդգծեց նա:

Դիմելով պատգամավորներին` երկրի ղեկավարն ասաց.”Մենք կարող ենք շատ բան անել, Դուք կարող եք շատ բան անել, Դուք ՀՀ օրենսդիր իշխանությունն եք, և կարծում եմ` ունենք ակտիվ խորհրդարան, որտեղ քաղաքական ամբիոն ունեն քաղաքական դաշտի բոլոր հիմնական ուժերը: Ուրախ եմ, որ նախորդ գումարման ԱԺ բոլոր ուժերն անցան խորհրդարան”:

Նախագահը շնորհավորեց նաև ՀԱԿ-ի մուտքը խորհրդարան:

Սերժ Սարգսյանը նշեց, որ խորհրդարանում  ներկա են քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք ունեն տարբեր կարծիքներ, սակայն նկատեց, որ նպատակը երբեք չի արդարացնում միջոցները, և որ սխալ միջոցներով ձեռք բերված նպատակը ոչինչ չի արդարացնում: “Մենք շատ բան ունենք սովորելու մեր սխալներից”,-ասաց նա:

Նախագահը շնորհակալություն հայտնեց քաղաքական ուժերին ու ժողովրդին` համատեղ ուժերով հասուն ընտրություն անցկացնելու համար` նշելով, որ ՀՀ յուրաքանչյուր ընտրություն ավելի լավն է լինելու, քան նախորդները: “Մեզ հաջողվեց դա իրականացնել և կհաջողվի բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունն ու հասցեականությունը,-ասաց նա,-ես տրամադրված եմ աշխատելու”:

Մկրտիչ Մինասյանը ներկայացրեց պատգամավորների երդման տեքստը.”Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար”:

Նշենք, որ խորհրդարանի աշխատանքների մեկնարկին չէին մասնակցում  “Ժառանգության” եւ “ՀԱԿ”-ի պատգամավորները:

 

Դիտվել է 695 անգամ:
Print Friendly

Leave a Reply