Ռուբեն Հայրապետյանի համար կապ չունի, թե ով է լինելու ԱԺ նախագահը (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 31, 2012 3:09

«Իմ կարծիքով` խորհրդարանի այս կազմն ավելի լավ կաշխատի, քան նախորդը, քանի որ քաղաքական հետաքրքիր գործընթացներ են զարգանում, և նոր դեմքեր են լինելու խորհրդարանում»,- այսօր ԿԸՀ-ում պատգամավորական մանդատը ստանալուց հետո այսպիսի կարծիք հայտնեց Ռուբեն Հայրապետյանը:

Արդեն 3 անգամ ընտրված պատգամավորը վստահեցրեց, որ այս անգամ որևէ մեկից չի խուսափելու և ակտիվ կմասնակցի ԱԺ նիստերին:

Լրագրողի ակնարկին, թե ինչպես է վերջինս պատրաստվում «հանդուրժել» Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահ լինելու հանգամանքը, մանավանդ որ, ըստ որոշ տեղեկությունների, նախորդ գումարման ԱԺ նիստերին Ռուբեն Հայրապետյանը չէր մասնակցում հենց նրա պատճառով, այսպես արձագանքեց. «Ո՞վ, ե՞ս, ես այդպիսի բան չեմ ասել, էդ դուք եք մոտավորապես տենց բան հասկացել: Հիշեք, թե ես ինչ եմ ասել նիստերին չմասնակցելու վերաբերյալ: Փաստորեն դուք նաև գիտեք, հա՞, թե ով է լինելու ԱԺ նախագահը, օրինակ, ես չգիտեմ: Հետո ինչ` ասում են ՀՀԿ-ն առաջադրել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, կարող է իմ թեկնածությունն առաջադրի, ի՞նչ կապ ունի: Հովիկ Աբրահամյանը, եթե ես չեմ սխալվում, մեր կուսակցության նախագահի տեղակալն է, և ես պարտավոր եմ նրան հարգել: Տեսա՞ք, որ էլի չստացվեց ձեր պրովոկացիան»:

Իր խոսքն ավելի համոզիչ դարձնելու համար Ռուբեն Հայրապետյանը վստահեցրեց, որ իր հաճախելիությունը ԱԺ և խորհրդարանական գործունեությունը ոչ մի կապ չունի այն բանի հետ, թե ով է լինելու ԱԺ նախագահը:
Լրագրողները կրկին հետաքրքրվեցին, թե Ռուբեն Հայրապետյան-Նիկոլ Փաշինյան փոխհարաբերություններն ինչպես կդրսևորվեն օրենսդիրում: Հայրապետյանը պատասխանեց իրեն բնորոշ ոճով. «Նիկոլ Փաշինյանի հետ օրենսդիրում կառնչվեմ մոտիկից ու կտեսնեք, թե ոնց եմ առնչվելու, հո ասելով չի՞»:


Panorama.am

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply