Մեծ հայագետ Ռաֆայել Իշխանյանի անվամբ Երևանում արդեն դպրոց կա,լուսանկարներ,տեսանյութեր

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | May 30, 2012 18:46

Այսօր` մայիսի 30-ին Երևանի թիվ 153 դպրոցն անվանակոչվեց լեզվաբան, գրքագետ, գրականագետ, պատմաբան  Ռաֆայել Իշխանյանի անունով: Դպրոցում բացվեց նաև Ռ. Իշխանյանի անվան հայագիտական սրահ:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանի խոսքով, հիմնադրման օրվանից` 1971 թվականից, իրենց ուսումնական հաստատությունը դժվարին ճանապարհ է անցել, վերածվել շրջկոմի նստավայրի և միայն ազգային զարթոնքի տարիներին վերադարձվել աշակերտին, ինչից հետո բռնել է հաջողության ուղին: Անուշ Սարգսյանը, որ նաև Իշխանյանի ուսանողներից է եղել, կարծում է, որ դպրոցը  Ռաֆայել Իշխանյանի անունով կոչելու օրն այդ հաղթանակներից մեկն է: «Հպարտ եմ ու երջանիկ, որ ինձ բախտ է վիճակվել արժևորելու իմ ուսուցչի վաստակն ու հիշատակը»,- ասաց նա` նշելով, որ այսուհետ դպրոցն իր գործունեությամբ ձուլվելու է հայագիտության, հայոց լեզվի և պատմության պաշտամունքին և շարունակելու է Իշխանյանի գործը:

Աշակերտները հանդիսավոր երդվեցին հետևել Ռաֆայել Իշխանյանի պատգամներին. «Սրբությամբ պահել, պահպանել լեզուն մայրենի ու հողը հայրենի, լինել և մնալ հայ»:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքով` Իշխանյանը բացառիկ ազգային քաղաքական գործիչ էր, ինչպիսիք այն ժամանակ գրեթե չկային: Մանուկյանն առանձնացրեց  նրա ազգային-քաղաքական-գործունեության մի քանի սկզբունք-աքսիոմներ. «Առաջինն այն է, որ հայ ժողովուրդը կարևոր դեր է խաղացել համաշխարհային պատմության մեջ, և հայի տեսակի պահպանումը խիստ անհրաժեշտ է աշխարհին, իսկ պահպանման միակ ձևը անկախությունն է: Դա խոսվում էր այն ժամանակ, երբ անկախության մասին խոսելը վտանգավոր էր»,- նշեց նա:

Իշխանյանի գործունեության հաջորդ սկզբունքը, ըստ Մանուկյանի, երրորդ ուժի բացառումն էր. «Նա կարծում էր, որ հայերը բոլորի հետ պիտի բարեկամական հարաբերությունների մեջ լինեն, սակայն ապավինեն սեփական ուժերին` թույլ չտալով, որ օտարները մեզ օգտագործեն»,- նշեց նա:

«Հայը նա է, ով հայերեն է խոսում». սա Իշխանյանի մեկ այլ աքսիոմն է, որը, ըստ Մանուկյանի, երբեմն զարմանք էր առաջացնում. «Դրա համար էլ նա չէր ընդունում հայ երեխաներին ռուսական դպրոց ընդունելը, քանի որ դա իսկապես նշանակում էր ոչնչացնել այն մարմինը, որի միջոցով դու պայքարում ես»,- նշեց նա:

Իշխանյանական սկզբունքներից մեկն էլ ազատության, հանդուրժողականության գաղափարն էր: Նա կարծում էր, որ ցանկացած հարց պետք է առաջ տարվի մարդկանց կամավոր սկզբունքների հիման վրա: «Իշխանյանի անունով կարելի է քաղաք, փողոց, հրապարակ անվանել, բայց երևի ընտրված է ամենաճիշտ ճանապարհը,- ասաց Մանուկյանը,- Ռաֆայել Իշխանյանն իրեն միշտ ուսուցիչ էր զգում, քարոզում էր: Նա մեր ժողովրդի մեծ ուսուցիչն էր»:

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, որ նույնպես եղել է Իշխանյանի ուսանողներից, երբեք չի թաքցրել հիացմունքն իր դասախոսի նկատմամբ: «Նա ինձ կերտել է որպես Հայաստանի քաղաքացի, արթնացրել ինքնության զգացումը»,- ասաց նա:

Թուխիկյանի կարծիքով` լինել Իշխանյանի ուսանողը, նշանակում է ունենալ լրացուցիչ որակներ: «Այսօր մեզ պակասում է Իշխանյանի քաղաքացիական կեցվածքն ու ազնվությունը,- անկեղծացավ նա,- նա մի մարդ էր, որ երբեք ու երբեք չտրվեց ոչ մի ռեժիմի ու հոսանքի, այլ մնաց մաքուր ու հավատարիմ իր սկզբունքներին»:

Ռաֆայել Իշխանյանի մեկ այլ ուսանող` արվեստաբան Լևոն Չուքասզյանը, մեծ պահանջ ունի տեսնելու ուսուցչին, սեղմելու նրա ձեռքը. «Կարոտ է կոչվում դա»,- ասում է նա:

Չուքասզյանի գնահատմամբ` Ռաֆայել Իշխանյանը մի օրինակ է, որին ուզում ես կրկնել, բայց երբեք չես կարողանում, որովհետև նա անկրկնելի է ու բացառիկ իր ազգային արժանապատվության խոր զգացումով, իր բարությամբ ու ներողամտությամբ, իր երկաթե համբերությամբ ու նվիրումով:

Արվեստաբանը նրան նմանեցնում է Սուրբ Սեբաստիանին, որին միշտ պատկերել են նետահարված, բայց կանգուն. «Ռաֆայել Իշխանյանն իր համարձակ ելույթներով, իր ոչ կաղապարված մտածողությամբ հարուցում էր բոլոր այն մտավորականների վրդովմունքը, որոնց ազգային ողնաշարը թույլ էր կամ գոյություն չուներ,- ասում է նա,-նրան ամեն կողմից նետահարում էին, բայց նա շարունակում էր պայքարել ու կանգուն լինել` ապացուցելով իր տեսակետների ճշմարտացիությունը»:


Չուքասզյանն այսօր հանգիստ է, քանի որ մեծ հայագետի անունը վերադառնում է ժողովրդին` դպրոցի ճակատին, սակայն նա կարծում է, որ դա դեռ սկիզբն է, և ժողովուրդը մի օր նրա հիշատակին արձան կկանգնեցնի: Նա նաև համամիտ չէ այն կարծիքին, որ եթե այսօր Իշխանյանը ֆիզիկապես չկա, ուրեմն նրա ազդեցությունն էլ չկա. «Պետք է հասկանանք, որ նման մարդիկ չեն անհետանում, եթե դու տեսել ես նրանց, նրանք արդեն կան: Կրելով Ռաֆայել Իշխանյանից վերցրած լույսը` նրա աշակերտները պարտավորված են զգում տարածել նրա գաղափարները, ազգային մտածողությունն ու մշակույթը»:

ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանի համար նույնպես օրը բացառիկ էր: Նա Իշխանյանի ուսանողը չի եղել, բայց գիտի, որ վերջինս լեգենդ դարձած ուսուցիչ է եղել: «Երբ նրան հանդիպում էի, թվում էր, թե միջնադարից եկած պատմիչների շառավիղն է անցնում Երևանի փողոցներով»,-ասաց նա:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի համար էլ Ռաֆայել Իշխանյանն այն եզակի մարդկանցից է, որոնք իր բանտարկության տարիներին սատար են կանգնել իրեն: «Բանտում առաջին անգամ կարդացի նրա հոդվածը և զարմացա. գրված էր այն, ինչի հակառակն էին մեզ սովորեցնում»,-ասաց նա:

Հայրիկյանի կարծիքով` Իշխանյանն անհատապես անում էր հազարների գործ և մեկ աստիճան բարձր էր ընդհանրական պատկերացումներից: «Նրա պատգամը միայն հայապահպանությունը չէր, այլ ճիշտ հայի պահպանությունը»,- ընդգծեց նա:

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, որ սրտի տրոփյունով է կողմ քվեարկել Քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ թիվ 153 դպրոցը Ռաֆայել Իշխանյանի անունով կոչելու հարցին, կարծում է, որ Իշխանյանն ազգային արժեք է, որի վրա պիտի դողա ամեն հայ. «Եկեք նշանաբան ընտրենք, որ Ռաֆայել Իշխանյանի անունը կրող դպրոցի յուրաքանչյուր աշակերտ` առաջինից մինչև 9-րդ դասարան, մայրենի լեզվից 10 գնահատականից ցածր նիշ չստանա»,- կոչ արեց նա:

Մեջբերելով Իշխանյանի «Մի աղոթքով հիշեք անկատարիս» խոսքը` Աստղիկ Գևորգյանն ասաց. «Սիրելի Ռաֆիկ, երանի թե շատ լինեին քեզ նման «անկատարները», մայրենի լեզվի հարցում Ռաֆայել Իշխանյանից ավելի կատարյալ, ավելի գերազանց, ավելի նվիրյալ ես չեմ տեսել: Նա ծայրահեղության էր հասցնում դա` կանխատեսելով այսօր մեզ սպառնացող  վտանգները»:

Ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր, անկախ Հայաստանի լուսավորության նախարար Արեգ Գրիգորյանը նկատեց, որ Իշխանյանի անունով դպրոց կարող էր անվանակոչվել միայն անկախ պետականության պայմաններում: Նա նաև խոստովանեց, որ իր գործունեության ընթացքում շատ հարցերում է իրեն օգնել Իշխանյանի դրական ազդեցությունը: «Երբ նշանակվեցի լուսավորության նախարար, առաջին որոշումը դպրոցների հայկականացումն էր, փորձեցինք մեր պատմության հին շրջանը մաքրել կեղծիքներից, բացի այդ, իմ կողմից հրաման եղավ, որ դպրոցներում մատյանները, փաստաթղթերը միայն հայերենով ստորագրվեն: Ի դեպ, այդ հրամանը մինչ օրս չի վերացվել»,- նշեց նա:

Ռաֆայել Իշխանյանի դուստրը` Վարդուհի Իշխանյանը, շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին`  հոր 90-ամյակի առթիվ դպրոց անվանակոչելու իր առաջարկին արագ արձագանքելու և իրականացնելու համար, ինչպես նաև դպրոցի տնօրինությանը` նշելով, որ դպրոցի ընտրությունը շատ ճիշտ է, քանի որ այն համահունչ է Իշխանյանի գաղափարներին: «Այս դպրոցը կարծես մի լավ ընտանիք է` հայկական ոգով ներծծված»,- նկատեց նա: Վարդուհի Իշխանյանը շնորհակալություն հայտնեց նաև գործարար Բարսեղ Բեգլարյանին` Ռ. Իշխանյանի անվան հայագիտական սրահը վերանորոգելու և կահավորելու հարցում աջակցելու համար:

Դիտվել է 2018 անգամ:
Print Friendly

Leave a Reply