Ծառուկյանը մաղթել է բարձր տրամադրություն եւ բեղմնավոր աշխատանք

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 30, 2012 20:18

Քիչ առաջ ավարտվել է «Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության անդրանիկ նիստը: Aravot.am-ի հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված նման հապշտապ հավաքը եւ ի՞նչ հարցեր քննարկվեցին, կուսակցության քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ հավաքը հապշտապ չէր, ծրագրված էր. «Պարզապես անհրաժեշտություն կար մինչեւ վաղը կայանալիք 5-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը որոշակի հստակեցումներ մտցնել եւ կարծիքների փոխանակում անել: Ըստ էության առաջին հավաքն էր ամբողջական կազմով: Պարոն Ծառուկյանը ողջունեց բոլորիս, մաղթեց բարձր տրամադրություն եւ բեղմնավոր աշխատանք: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հավուր պատշաճի ներկայացնելու է ժողովրդի ձայնը խորհրդարանում, հանդես ենք գալու բոլոր այն նախաձեռնություններով, որոնք տեղավորվում են մեր նախընտրական ծրագրի շրջանակներում եւ բխում են ժողովրդի շահերից: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լինելու է այլընտրանք խորհրդարանում ներկայացված մնացյալ քաղաքական ուժերին»:

Aravot.am-ի հարցին՝ Գագիկ Ծառուկյանը պարզաբանե՞ց կոալիցիայից հրաժարվելու իր որոշումը, քանի որ մամուլում հրապարակումներ եղան, որ դա անակնկալ էր ԲՀԿ-ականների համար, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Մենք բոլորս այն կարծիքին ենք եղել եւ մնացել, որ կոալիցիան ինքնանպատակ լինել չի կարող: Նպատակ եւ գերնպատակ պետք է լինի իրականացումն այն խոստումների, որոնք տրվել են մեր ընտրողներին: Եթե որեւէ կառավարման տարբերակ հնարավորություն չի ընձեռում մեզ լիարժեք իրականացնել ժողովրդին տրված խոստումները, այն ծրագրերը, որոնք հընթացս մշակվելու եւ ներկայացվելու են օրենսդիր մարմին, ուրեմն նպատակահարմար չէ դրան մասնակցելը»:

Aravot.am-ի հաջորդ հարցին՝ այսօրվա հավաքում արդյոք խոսվե՞ց 2013թ. նախագահական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ սեփական թեկնածուով հանդես գալու կամ որեւէ մեկի թեկնածությունը պաշտպանելու մասին, ԲՀԿ քաղխորհրդի անդամը նկատեց, որ իրենց թիմը կարտահայտի սեփական դիրքորոշում՝ համապատասխան քաղաքական իրադարձությունների ժամկետները մոտենալուն պես:

Ի դեպ, որոշ կայքեր այսօր նախապայմաններ էին հրապարակել, որոնք իբրեւ թե Գագիկ Ծառուկյանն առաջարկել է Սերժ Սարգսյանին՝ իրենց վերջին մի քանի հանդիպումների ժամանակ: Ըստ հրապարակումների՝ նախապայմանները մերժվել են , այդ իսկ պատճառով էլ Ծառուկյանը հրաժարվել է կոալիցիա կազմելուց: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տեղեկությունները: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ինքը չի հասցրել ծանոթանալ այդ հրապարակումներին, հետեւաբար ձեռնպահ կմնա կարծիք արտահայտելուց: Միաժամանակ փաստեց, որ ԲՀԿ-ում ներքին ժողովրդավարությունը շատ բարձր մակարդակի վրա է եւ բոլոր որոշումները կայացվում են այդ պայմաններում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply