Հայաստանում կա շաքարային դիաբետով հիվանդ շուրջ 400 երեխա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 30, 2012 19:15

“Հանրապետությունում կա մոտավորապես 400 երեխա, որոնք ունեն շաքարային դիաբետ”.- այսօր մամուլիս ասուլիսի ժամանակ լրգրողներին տեղեկացրեց Հանրապետական մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսերի ղեկավար Ելենա Աղաջանովան` հավելելով նաև, որ շաքարախտ հիվանդությունը Հայաստանում երիտասարդացել է: Դիսպանսերը գործում է “Մուրացան” համալսարանական հիվանդանոցին կից, և, ըստ Աղաջանովայի տվյալների` իրենց կենտրոնում այս պահի դրությամբ հաշվառված է 316 երեխա, որոնց մեծ մասը կազմում են դիաբետ ունեցող երեխաները:  Հայաստանում ամեն տարի գրանցվում է շաքարախտով հիվանդ երեխաների 50 նոր դեպք, և հիվանդանում են բոլոր տարիքային խմբի երեխաները:

Մասնագետը նշեց, որ շաքարախտը ամբողջ աշխարհում անբուժելի հիվանդություն է, իսկ մեր երկրում երեխաների բուժումն իրականացվում է անվճար: Հիվանդանոցին զուգահեռ գործում է նաև “Երազ” բարեգործական հիմնադրամը, որը մասնավոր հիմունքներով գումար է տրամադրում կենտրոնում գրանցված երեխաներին ինսուլինով և այլ դեղամիջոցներով ապահովելու համար:

Ի դեպ` դիսպանսերում բուժվում են ինչպես ամբողջ Հայաստանից, այնպես էլ Ջավախքից և Արցախից եկած երեխաներ: Բժիշկը նշեց, որ հիվանդանոցային պայմաններից դուրս և անձնական միջոցներով իրականացվող բուժումը բավականին բարդ է և ծախսատար, քանզի ամեն օր պետք է չափել արյան մեջ շաքարի մակարդակն ու, ըստ այդմ` խստորեն հետևել սննդկարգին և օրվան համապատսխան չափաբաժնով օգտագործել ինսուլինը:

Ինսուլինի միջին գինը կազմում է 5000 դրամ, իսկ ընհանուր հաշվարկներով ամսական պետք է 20-30 հազար դրամ` մեկ երեխայի սիստեմատիկ բուժումն ըստ պատշաճի ապահովելու համար:

“Երազ” բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանն էլ ավելացրեց, որ իրենք բացի տրամադրվող օգնությունից, նաև երեխաների համար կազմակերպում են տարբեր միջոցառումներ` երեխաների տրամադրությունը բարձր պահելու և աշխուժությունն ապահովելու համար:

“Անկախ”-ի այն հարցին, թե որքանով կարող է ազդել այդ հիվանդությունը երեխաների հետագա ճակատագրի, նրանց` հասարակության լիարժեք անդամ զգալու, ինչպես նաև ամուսնանալու և ընտանիք կազմելու վրա, բժշկուհի Աղաջանովան ասաց, որ ճիշտ է, հոգեբանական ճնշվածություն կա, բայց հիվանդությունը մշտապես վերահսկողությոան տակ պահելու և բուժմանը ճիշտ հետևելու դեպքում նրանք կարող են և’ ամուսնանալ ու երեխաներ ունենալ, և’ հասարակությանը լիարժեք ինտեգրվել: Միայն թե, ըստ Աղաջանովայի, հարկավոր է որքան հնարավոր է վաղ տարիքում ամուսնանալ ու երեխաներ ունենալ, քանի դեռ չեն առաջացել լուրջ անոթային բարդություններ: Իսկ դիաբետով հիվանդ աղջիկներին էլ խորհուրդ է տրվում մինչև հղիանալը պարտադիր ստուգվել նոր հղիանալ`անվերահսկելի բարդություններից խուսափելու համար:

Վահե Մակարյան

Դիտվել է 2224 անգամ:
Print Friendly

Leave a Reply