Դրամն արժեզրկվել է, սակայն պետք չէ անհանգստանալ, իրավիճակը կառավարելի է. Թաթուլ Մանասերյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 30, 2012 15:49

Վերջին շրջանում դրամ-դոլար փոխհարաբերություններում նկատվում է դրամի արժեզրկում, սակայն դրանից պետք չէ խուճապի մատնվել: Այս մասին այսօր տեղեկացրեց տնտեսագետ, «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար ԹաթուլՄանասերյանը, ով կարծում է, որ դրամի արժեզրկումը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով. “Հարկ եմ համարում նշել, որ տվյալ արժեզրկման վրա հիմնական ազդեցությունը արտաքին գործոններինն է, թեև չեմ բացառում ներքին ազդակների ազդեցությունը ևս: Այդուհանդերձ, եթե ուշադիր հետևենք ԱՄՆ դոլար-եվրո տատանումներին, ապա կտեսնենք, որ 2012-ին  շարունակվում են այն միտումները, որոնք 2011-ին արդեն իրենց զգացնել տվեցին համաշխարհային տնտեսությունում, այն է` միաժամանակյա տենդենցներ են սրանք”:

Ըստ Մանասերյանի` տնտեսությունը բավականին զգայուն օրգանիզմ է, և նախընտրական-քաղաքական զարգացումներն ու գործոնները ևս իրենց ազդեցությունը որոշ չափով թողել են մեր տնտեսության և դրամի վրա:

Փորձագետն առանձնաացրեց մի քանի կարևոր գործոններ, ըստ որոնց էլ` պայմանավորված են այս շրջանում տնտեսության զարգացումները: Դրանք հիմնականում սեզոնային բնույթով պայմանավորված գյուղատնտեսական աշխատանքներն են, որոնք նոր են սկիզբ առել, և պատշաճ մակարդակով ագրարային քաղաքականություն իրականացնելու դեպքում հնարավոր է տնտեսության աշխուժացման արագ տեմպեր, որը մասնակիորեն կհակակշռի արժեզրկման այս գործընթացը` ուժեղացնելով հայկական դրամի դիրքերը:

Մանասերյանը նաև հույս հայտնեց, որ հունիս ամսվա վերջին, հուլիս ամսվա ընթացքում կարող են նկատվել դրամի արժեզրկմանը հակակշոռ զարգացումներ, և չի բացառում, որ կարող է նաև որոշակի արժևորում լինել` դարձյալ պայմանավորված քաղաքական գործընթացներով, քանի որ սպասվում է  նոր կառավարության ձևավորում:

Փորձագետը նաև կարծում է, որ խորհրդարանում պետք է գործարարները իրենց տեղը զիջեն բանիմաց մարդկանց, ովքեր նաև հանդես կգան հենց այդ գործարարների շահերից, և այդ համագործակցությունը շատ ավելի լավ արդյունքներ կարող է տալ, քան այն, որ բիզնեսով զբաղվող մարդիկ փորձում են մտնել խորհրդարան` իրենց բիզնեսն ավելի զարգացնելու և գործարար ոլորտում ավելի պաշտպանված լինելու խիստ անձնական նպատակներով: Նա գտնում է, որ Հայաստանում պետք է ամեն ինչ անել, որպեսզի ավելի գրավիչ դարձնենք մեր երկրի գործարար միջավայրն ու լուրջ քայլեր ձեռնարկենք տնտեսության տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ:

Բանախոսը այնքան էլ համամիտ չէր այն կարծիքին, որ Հայաստանում դրամի արժեզրկման ու դոլարի գնաճի հիմնական պատճառներից է արձակուրդի շրջանում արտասահման մեկնողների քանակի ավելացումը, համաձայն որի` արտերկիր մեկնողների շրջանում մեծանում է դոլարի պահանջարկը:

Այնուամենայնիվ, Թ. Մանասերյանը վստահեցրեց, որ անհանգստացնող լուրջ հանգամանքներ չկան, քանի որ դաշտը ընդհանուր առմամբ կառավարելի է, և եթե լուրջ ցնցումներ չլինեն, ապա շատ հնարավոր է, որ տարվա վերջին ավելի քիչ մտահագություններ ունենանք թե’ դրամ-դոլար փոխարժեքի և թե տնտեսական աճի վերաբերյալ:

Վահե Մակարյան

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply