Երիտասարդներն օգնում են իրենց համայնքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մայիսի 30, 2012 17:44Մայիսի 30-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի աշակերտները տեղի համայնքի բնակիչների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ նշեցին իրենց համայնքի նորակառույց ավտոբուսային կանգառի բացման արարողությունը: Այդ կանգառը կառուցվել է Ոսկեհատի դպրոցի աշակերտների ջանքերով, որոնք ընդգրկված են ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրում: Այդ կրթական ծրագիրն իրականացվում է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից հանրապետության ավելի քան 100 դպրոցներում:
«Ես անչափ ոգևորված եմ տեսնելով, թե ինչպես են Ոսկեհատի երիտասարդները ակտիվորեն մասնակցում համայնքի բարելավման ծրագրերին: Նրանք անկասկած Հայաստանի ապագա առաջնորդներն են» – նշեց Կոնան Պեյսենը ԱՄՆ ՄԶԳ Տնտեսական զարգացման բաժնի տնօրեն:
Ծրագրի շնորհիվ աշակերտներն ուսումնասիրել են ազատ շուկայական համակարգի սկզբունքները և գործարար ընկերություններ հիմնելու միջոցով հնարավորություն են ունեցել ձեռք բերած գիտելիքները կիրառել իրական կյանքում՝ կատարելով շուկայական հետազոտություն, արտադրելով և շուկայահանելով ապրանք կամ ծառայություն: Աշակերտները միաժամանակ ծանոթացել են նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը և իրենց գործարար շահույթից մասհանում են կատարել համայնքային ծրագրեր իրակակացնելու նպատակով:
Իրենց բարեգործական հանրային առաքելություններն իրականացնելու նպատակով աշակերտները հիմնել են հասարակական կազմակերպություն, և այդպիսով հնարավորություն են ձեռք բերել իրականացնելու նախատեսած համայնքային ծրագրերը:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը ներկայացրած բավականին հաջող դրամաշնորհային առաջարկի շնորհիվ ծրագրի մասնակիցներին շնորհվել է 115 000 ՀՀ դրամ գումարի չափով մրցանակ: Այդ միջոցներով , ինչպես նաև Ոսկեհատի գյուղապետի և համայնքի բնակիչների աջակցության շնորհիվ աշակերտները կանգառի համար նախատեսված տարածքը մաքրել են աղբից, կառուցել են կանգառի քարե շինությունը և կանաչապատել են կանգառի հարակից տարածքը:
« Մենք անչափ հուզված ենք մեր առջև դրված խնդիրը լուծելու համար, քանի որ իսկապես ցանկանում էինք նվեր անել մեր համայնքին: Ավտոբուսի կանգառը ծածկ չուներ և մենք շատ հաճախ տեսնում էինք մեր ընկերներին և հարևաններին բաց կանգառում անձրևի տակ կանգնած՝ ավտոբուսին սպասելիս: Մենք շատ երջանիկ ենք, որ այժմ մարդիկ կլինեն պաշտպանված և կզգան հարմարավետություն: Հուսով եմ, որ մենք կշարունակենք մեր աշխատանքները և մեր համագյուղացիներին օգնելու նպատակով կձեռնարկենք նաև այլ ծրագրեր » – նշեց ծրագրի մասնակիցներից Սաթենիկ Միքայելյանը:





Facebook
Tweet This