Թուրք-մեսխեթցիները պայքարում են Վրաստանում իրենց տեղը գտնելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | May 30, 2012 13:16

Կառավարությունը ստանձնել է ժամանակին արտաքսված ազգային փոքրամասնության ներկայացուցիչների վերաբնակեցման գործընթացը, սակայն համարյա ոչինչ չի անում վերադարձողներին աջակցելու համար:

Չնայած Վրաստանի կառավարությունը կատարում է Ստալինի կողմից ժամանակին արտաքսված ազգային փոքրամասնության`թուրք-մեսխեթցիներին իր տարածքում վերաբնակեցնելու վերաբերյալ խոստումը, իրավապաշտպան ակտիվիստներն ասում են, որ շատ քիչ ջանք է գործադրվում նրանց հասարակությանն ինտեգրելու համար:

Վրաստանը համաձայնեց աջակցել թուրք-մեսխեթցիների վերադարձին, երբ 1999-ին միացավ Եվրոպայի Խորհրդին, սակայն մինչ 2007թ. այդ գործընթացի իրականացման համար նախատեսված օրենսդրությունը չգործեց:

Մոտ 500 թուրք-մեսխեթցիներ արդեն ստացել են հայրենադարձի կարգավիճակ, որը նրանց հնարավորություն է տալիս արագ քաղաքացիություն ստանալ եւ այլ իրավունքներ, իսկ 5000-ից ավելի դիմումներ դեռեւս ընթացքի մեջ են:

Մահմեդականություն դավանող այս թրքախոս էթնիկական փոքրամասնության շուրջ 100 հազար ներկայացուցիչներ, որոնք ժամանակին բնակվում էին Վրաստանի հարավ-արեւմտյան Սամցխե-Ջավախք շրջանում, 1944թ-ին զանգվածաբար աքսորվեցին Կենտրոնական Ասիա: Թուրք-մեսխեթցիները, սակայն, միակ ազգային փոքրամասնությունը չէին, որոնց արտաքսում էին այն պատճառով, որ Ստալինը կասկածում էր նրանց անհավատարմության մեջ. այդ թվում էին չեչենները եւ հյուսիսային Կովկասի այլ ազգերը, Վոլգայի գերմանացիները եւ Ղրիմի թաթարները:

Սակայն 1953թ-ին`Ստալինի մահվանից հետո, ի տարբերություն Կովկասից արտաքսված շատ ազգերի, թուրք-մեսխեթցիներին թույլ չտվեցին վերադառնալ տուն: 1989թ-ին Ուզբեկստանում տեղի ունեցած էթնիկական բախումները հանգեցրին նրանց տեղահանման երկրորդ ալիքին: Ոմանք արտագաղթեցին Թուրքիա, շատերը` Ռուսաստան, Ղազախստան եւ հայրենիքին ամենամոտ վայրը`Ադրբեջան (տես`«Վրաստան. Ստալինի վերջին զոհերը դանդաղ վերադառնում են տուն» հոդվածը):

Նրանք, ովքեր ժամանել են Վրաստան գործող հայրենադարձության կանոնակարգի համաձայն կամ ովքեր նախորդ տարիներին իրենց ցանկությամբ են այստեղ վերադարձել, իրավունք չեն ունեցել պահանջել իրենց ընտանեկան տները, քանի որ այդ տարածքները բնակեցրել են ուրիշները:

Վրաստանում հայրենադարձության մասին օրենքը կառավարությանը չի պարտադրում թուրք-մեսխեթցիներին որեւէ ֆինանսական օժանդակություն տրամադրել, իսկ սա նշանակում է, որ վերադարձած շատ ընտանիքներ պայքարում են գոյատեւման համար:

«Հայրենիք վերադարձած մեսխեթցիներին գրեթե ոչինչ չտվեցին», – ասում է թուրք-մեսխեթցիների իրավունքների համար պայքարող «Տոլերանտ» ՀԿ-ի նախագահ Ցիրա Մեսխիշվիլին:

«Հայրենադարձները ստիպված էին սեփական ուժերով հոգալ իրենց մասին եւ իրենց միջոցներով վճարել բնակարանային եւ այլ ծախսերը: Քանի որ պետությունը հայրենադարձների համար սոցիալական ծրագիր մշակելու որեւէ պարտավորություն չունի, այս մարդիկ կարող են հույս դնել միայն մի քանի հասարակական կազմակերպությունների վրա:

Քուրաշվիլիների ընտանիքը Վրաստան է ժամանել 1980-ականներին, սակայն մինչ օրս էլ դժվար կյանքով է ապրում: Ընտանիքի 7 անդամներն ապրում են Թբիլիսիում գտնվող կինոստուդիայի բակում գտնվող հին ավտոբուսում:

«Ես եղել եմ առաջին հայրենադարձներից, ով ստացել է Վրաստանի քաղաքացիություն, – պատմում է Բայրամ Քուրաշվիլին, – Վերադարձից հետո առաջին տարիները շատ ծանր էին, մենք գրեթե քաղցած էինք մնում`ստիպված անասնակեր էինք ուտում: Հետո սկսեցի ֆիլմերի ստուդիայում մեքենաներ վերանորոգել: Փախստականի կարգավիճակ չունեինք, եւ մեր ընտանիքը տեղափոխվեց այս հին ավտոբուսը»:

«Միակ օգնությունը, որը մենք ստանում ենք պետությունից, 174 լարի սոցիալական նպաստն է (ամսական 105 ամերիկյան դոլար)», – հավելում է նա:

Մեսխիշվիլին նշում է, որ Քուրաշվիլիի նման մարդիկ, ովքեր տեղափոխվել են Վրաստան մինչեւ հայրենադարձության ծրագիրը ուժի մեջ կմտներ, ավելի վատ սոցիալական դրության մեջ են գտնվում, քան մյուսները: Այս մարդկանց մեծ մասն ապրում է Վրաստանի հարավում` Ախալցխայի եւ Ադիգենի շրջաններում, եւ նրանցից շուրջ 80-ը զուրկ են քաղաքացիությունից:

«Այս «անկախ հայրենադարձները» շատ լուրջ սոցիալական եւ տնտեսական խնդիրների առջեւ են կանգնած: Քանի դեռ նրանք չունեն Վրաստանի քաղաքացիություն կամ այլ իրավական կարգավիճակ, չեն կարող նպաստ ստանալ կամ առողջապահական ծրագրերից օգտվել: Առանց փաստաթղթերի նրանք նաեւ մեծ դժվարությամբ են աշխատանք գտնում», – ասում է Մեսխիշվիլին:

Ռոզա Համդիեւայի ընտանիքը, որը բնակվում է Սամցխե-Ջավախքում, նույնպես այսպիսի խնդիրներ ունեցող հայրենադարձների թվին է պատկանում: Նրանք Վրաստանում են ապրում վերջին ինը տարիների ընթացքում, բայց դեռեւս չունեն որեւէ պաշտոնական կարգավիճակ, չնայած բազմիցս դիմել են իշխանություններին: Եվ քանի որ անձնագրեր չունեն, նույնիսկ արտագաղթել չեն կարող երկրից:

«Իմ տղան մի հասարակական կազմակերպության միջոցով սկսեց որպես շինարար աշխատել, բայց շուտով զրկվեց աշխատանքից`փաստաթուղթ չունենալու պատճառով, – ասում է Համդիեւան: Հինգ անդամ ունեցող մեր ընտանիքում ես միակն եմ, ով աշխատանք ունի: «Տոլերանտ» ՀԿ-ի շնորհիվ թարգմանչի աշխատանք գտա, եւ ամսական 150 լարի աշխատավարձ եմ ստանում, ինչը մեր միակ եկամուտն է: Բայց սա նույնիսկ սնունդ գնելու համար բավարար չէ»:

Մեսխիշվիլին ասում է, որ նույնիսկ այն թուրք-մեսխեթցիները, ովքեր անձնագիր են ստացել, նույնպես դժվարությամբ են աշխատանքի ընդունվում, քանի որ վրացերեն խոսել չգիտեն:

«Այս ընտանիքների տղամարդկանց 90 տոկոսը մեկնել է Թուրքիա, որտեղ նրանք հիմնականում ֆիզիկական աշխատանք են կատարում`իրենց ընտանիքները պահելու համար: Այնտեղ լեզվական խոչընդոտներ չկան նրանց համար: Եղել են դեպքեր, երբ նման խնդիրների բախվելով, հայրենադարձները թողել են Վրաստանը եւ վերադարձել [նախկին Խորհրդային]այն երկրներ, որտեղ նրանք աքսորյալների կարգավիճակում էին ապրում», – ասում է նա:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում եւս նշում են, որ կառավարությունը պետք է ավելի մեծ աջակցություն տրամադրի թուրք-մեսխեթցիներին եւ նպաստի, որպեսզի նրանք կարողանան ինտեգրվել հասարակությանը:

«Հայրենադարձների լիարժեք ինտեգրմանը հասնելու համար, պետք է սոցիալական աջակցության, վերաբնակեցման եւ ինտեգրման արդյունավետ երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրեր լինեն: Ցավոք, հայրենադարձության վերաբերյալ վրացական օրենքը … հայրենադարձներին տրամադրվող որեւէ սոցիալական աջակցություն չի նախատեսում, – նշվում էր Մարդու իրավունքների պաշտպանի 2011 թվականի տարեկան զեկույցում:

Վրաստանի փախստականների եւ վերաբնակեցման հարցերի նախարարության հայրենադարձների եւ փախստականների գործերի վարչության պետ Իրակլի Կոկայան ասում է, որ կառավարությունը վերադարձող թուրք-մեսխեթցիների նկատմամբ ֆինանսական պարտավորություններ չունի: Նրանք արտաքսվել են ոչ թե Վրաստանի, այլ Խորհրդային Միության կողմից, որի իրավահաջորդը Ռուսաստանն է: Իսկ սա, նրա խոսքերով, նշանակում է, որ Մոսկվան պետք է հոգա բոլոր ծախսերը:

Որոշ վերլուծաբաններ կիսում են այս կարծիքը, սակայն Ազգայնականության եւ հակամարտությունների ուսումնասիրման ինստիտուտի ղեկավար Պաատա Զաքարեիշվիլին նշում է, որ չափազանց ուշ է այս խնդիրը բարձրացնելու համար: Ռուսաստանի պարտավորությունների հարցին Վրաստանը պետք է անդրադառնար դեռեւս 1999-ին, երբ ստանձնեց թուրք-մեսխեթցիների հայրենադարձություն իրականացման գործընթացը:

«Իհարկե, լավ կլիներ, եթե Վրաստանը ստանձներ թուրք-մեսխեթցիների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները, բայց դա չի նշանակում, թե պետք է մոռանանք, որ նրանց արտաքսել է Խորհրդային Միությունը: Կարծում եմ`բոլոր նախկին խորհրդային պետությունները պետք է համընդհանուր պատասխանատվություն կրեն, առաջին հերթին Ռուսաստանը`որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ»:

Սալոմե Աչբա, Կովկաս

Կովկասյան լրատու # 641

15-ը մայիսի, 2012թ.

Սալոմե Աչբան «Hot Chocolate» ռադիոկայանի լրագրող է Թբիլիսիում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply