Վրաստանում սննդամթերքն ազատվում է ԱԱՀ-ից`տեղական արտադրողին աջակցելու նպատակով

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | May 30, 2012 13:11

Այնուամենայնիվ, կարծիքներ կան, որ նույնիսկ այս դեպքում պարենային ապրանքների գները չեն նվազի:

Վրաստանի կառավարությունը հույս ունի, որ սննդամթերքի մի շարք տեսակների ազատումն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) կնպաստի գների նվազմանը եւ գյուղատնտեսական սեկտորի զարգացմանը: Սակայն այս նախաձեռնության քննադատները պնդում են, որ արդյունավետ հակամենաշնորհային օրենսդրության բացակայության պատճառով սպառողները, միեւնույն է, չեն օգտվի գների անկումից:
Այս տարվա մարտի 20-ից Վրաստանում տեղական միրգը, բանջարեղենը, թարմ միսը եւ պանիրն այլեւս չեն հարկվում ԱԱՀ-ով: Այս նախաձեռնության կողմնակիցներին անհանգստացնում է այն, որ պարենային ապրանքների գներն աճում են, եւ տեղական արտադրանքը մրցունակ չէ արտասահմանից`հիմնականում Թուրքիայից ներմուծվող սննդամթերքի համեմատությամբ:
Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության համաձայն`2011-ին սննդամթերքի ներմուծման ծավալներն ավելացել են 9 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ, ինչը ցույց է տալիս, որ ներմուծվող ապրանքը դուրս է մղում տեղական արտադրանքը շուկայից:
«Կառավարության նախաձեռնության շնորհիվ`բանջարեղենի, մրգի եւ մսի գները կկրճատվեն 18 տոկոսով`ԱԱՀ-ի չափով: Այս որոշումն ընդունվել է շուկայում գնաճը կանգնեցնելու համար, քանի որ կառավարությունն ի վիճակի չէ վերահսկել խանութներում եղած գները», – ասում է կառավարության խորհրդարանական քարտուղար Գիա Խուրոշվիլին:
Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Պետրե Ցիսկարիշվիլին իր հերթին նշում է, որ այս փոփոխությունը պետք է օգնության հասնի Վրաստանի գյուղատնտեսներին:
«Քանի որ գյուղմթերքի փոխադրումը եւ մշակումն ազատվել է ԱԱՀ-ից, գործարարներն այժմ ավելի շահագրգռված կլինեն վրացական արտադրանքն ընտրելու հարցում: Ժամանակի ընթացքում տեղական արտադրանքը կզբաղեցնի ներմուծված ապրանքների տեղը», – կանխատեսում է նա:
Չնայած ընդդիմության ներկայացուցիչները եւ տնտեսագետները հիմնականում ողջունել են այս քայլը, միեւնույն է, նրանք այն կարծիքին են, որ դժվար թե այն արդարացնի կառավարության մեծ սպասելիքները:
«Իշխանությունները ստում են: Գները 18 տոկոսով չեն նվազի: Դատելով գյուղատնտեսական ապրանքների հիմնական մատակարարների տարեկան ապրանքաշրջանառությունից, նրանք նախկինում էլ ԱԱՀ չէին վճարում, հետեւաբար, այս փոփոխության շնորհիվ գները կնվազեն ընդամենը 3-5 տոկոսով», – ասում է ընդդիմադիր Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Խորհրդարանի փոխխոսնակ Լեւան Վեպխվաձեն:
Այլ ընդդիմադիր ուժերն ավելի կտրուկ են արտահայտվել ԱԱՀ-ից ազատման վերաբերյալ որոշման մասին`նշելով, որ գների նվազեցման միտումը պոպուլիստական քայլ է`այս տարվա աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին հասարակության համակրանքը շահելու համար:
«Նոր աջեր» կուսակցության տնտեսական բաժնի ղեկավար Լեւան Քալանդաձեն նշում է, որ կառավարությունը շատ ավելին պետք է անի`գյուղատնտեսների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
«ԱԱՀ -ից [սննդամթերքն] ազատելու մասին որոշումն ինքնին լավ է տնտեսագիտական տեսանկյունից, սակայն այս դեպքում սա առավելապես նախընտրական գովազդային արշավ է, քան գյուղմթերք արտադրողների խրախուսման մեթոդ», – կարծիք է հայտնել նա:
«Որպեսզի մանր գյուղատնտեսները որեւէ շահույթ ստանան… նախ եւ առաջ պետք է արտադրանք ունենան: Իսկ այս ամենի համար գյուղատնտեսական տեխնիկա, վառելիք եւ պարարտանյութեր են անհրաժեշտ: Հետեւաբար, կառավարության այս նոր նախաձեռնությունը գյուղատնտեսների մեծամասնությանը տնտեսական առումով որեւէ օգուտ չի տա», – ասում է Քալանդաձեն:
Նույն կարծիքին են նաեւ անկախ փորձագետները:
«Ավելացված արժեքի հարկը պարտադիր գանձվում է միայն 100 հազար լարին (60 հազար դոլար) գերազանցող ապրանքաշրջանառություն ունեցողներից: Հետեւաբար, գյուղատնտեսության ոլորտում աշխատող գործարարների մեծամասնությանն այս օրենքը չի վերաբերում: Իսկ գյուղմթերքի փոխադրումն արդեն իսկ ազատված է եղել ԱԱՀ-ից», – ասում է Թբիլիսիի պետական համալսարանի մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Նոդար Խադուրին:
Այլ մասնագետները նշում են, որ սննդամթերքի գները կկրճատվեն միայն այն դեպքում, եթե խանութները եւ մանրածախ առեւտրով զբաղվողները հետեւեն օրենքին եւ իսկապես իջեցնեն ապրանքների գները, ինչն այնքան էլ հավանական չէ Վրաստանի նման երկրում, որտեղ այս ամենի իրականացման համար անհրաժեշտ խիստ օրենսդրությունը բացակայում է:
«Որպեսզի հասկանանք, թե արդյոք ԱԱՀ-ից ազատելն ազդում է ապրանքների գների վրա, պետք է ուսումնասիրել դրանք հարկային փոփոխության`ուժի մեջ մտնելուց առաջ եւ հետո: Ազնիվ գործարարները պետք է հաշվի առնեն իրենց տրամադրվող հարկային արտոնությունները: Տրամաբանորեն, գները պետք է անպայման նվազեն: Սակայն իրականում միշտ չէ, որ այդպես է լինում», – ասում է Վրաստանի գործարարների միության ներկայացուցիչ Զուրաբ Լալազաշվիլին:
Այս պահին վրաստանյան շուկայում իր մատչելի գների շնորհիվ դեռեւս գերակշռում է ներմուծվող սննդամթերքը: Լալազաշվիլու կարծիքով`այս ամենի պատճառն այն է, որ պետությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման համապատասխան ռազմավարություն չունի:
Սակայն իշխանական օղակներն անտեսում են այս քննադատությունը:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Միխեիլ Մաչավարիանին այն կարծիքին է, որ սննդամթերքն ԱԱՀ-ից ազատելու մասին որոշումն օգտակար կլինի բոլորի համար:
«Մինչ այս քայլը, արտադրողները եւ վաճառողները խնդիրներ էին ունենում փաստաթղթերի հետ, այդ պատճառով խանութները խուսափում էին տեղական արտադրողներից ապրանք գնել», – ասում է նա:

Թինա Ժվանիա, Կովկաս
Կովկասյան լրատու # 642
18-ը մայիսի, 2012թ.
Թինա Ժվանիան «Business Times Georgia» ամսագրի թղթակիցն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply