«Կատարվածը հանցագործություն է». Վազգեն Մանուկյանը՝ Փակ շուկայի քանդման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | May 30, 2012 17:23
ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի Փակ շուկայի քանդման վերաբերյալ լուրը լսել է մամուլից և սոցիալական կայքերից: Անմիջապես այցելել է շուկայի տարածք, որն ամբողջությամբ փակ է եղել և մի փոքրիկ արանքից դիտել շենքը: Տեսարանն իսկապես ցավալի է եղել՝ կամարների զգալի մասը քանդված է:
Մանուկյանի գնահատմամբ, կատարվածը հանցագործություն է. «Եթե դա առանց նախագծի է քանդվել, նշանակում է քանդողն է հանցագործ է և պետք է պատժվի քրեական օրենսդրությամբ, իսկ եթե նախագծով է քանդվել, նշանակում է պետք է պատասխանատվություն կրի այդ նախագիծը հաստատողը»,-ասաց նա:
Հանրային խորհրդի նախագահին զարմացնում է այն, որ կան կառույցներ, որոնք վերահսկում են, որպեսզի քաղաքի որևէ կրպակում մի ծխախոտ առանց կտրոնի չվաճառվի, սակայն չկա մի մարմին, որը վերահսկի Հայաստանի հուշարձանների վիճակը և նման դեպքերում արձագանքի:
Մանուկյանը նկատում է, որ եթե նախկինում այդ ամենն աննկատ էր անցնում, ապա այսօր հատկապես երիտասարդությունն իր բողոքի ձայնը բարձրացնում է, որի շնորհիվ հասարակությունն իրազեկ ու մասնակից է լինում պայքարին. «Առաջ մարդիկ հիասթափված ու հոգնած էին, երկրի ղեկավարությունն անհանդուրժողական էր, պայքարները թվում էին անիմաստ, և մեր աչքի առաջ մենք կորցրինք մեր հին Երևանը»,-ասաց նա:
Նրա համար նույնպիսի հանցագործություն էր, օրինակ, տրամվայը հանելը. «Մի օր պետք է պարզել, թե քանի՞ տասնյակ միլիոն դոլլաներ են աշխատել տրամվայի գծերի մետաղը դրսում վաճառելով և ի՞նչ օգուտ են բերել Երևանին, այն դեպքում, երբ աշխարհի շատ քաղաքներում նոր են տրամվայ անցկացնում, իսկ այն երկրներում, որտեղ եղել են, պահպանվել են»,-նշեց նա:
Հանրային խորհրդի նախագահը համոզված է, որ ժամանակն է ընդունել հանրային քննարկումների մասին օրենք, որպեսզի Երևանին վերաբերող բոլոր հարցերը նախապես հասարակությունը քննարկի, քվեարկի և մասնակցի որոշումների կայացմանը, որպեսզի նման հետևանքներ չլինեն. «Հազիվ վերջացավ Մաշտոցի պուրակի հարցը, առաջ եկավ այս մեկը, ընդ որում, սա ավելի ծանր դեպք է, որովհետև ժամանակավոր կրպակը մի բան է, հուշարձան քանդելը և դրա փոխարեն ինչ որ ստանդարտ բան կառուցելը լրիվ այլ բան, չնայած դեռ հայտնի էլ չէ, թե այնտեղ ինչ է նախատեսվում»,-նշեց նա:
Մանուկյանը նաև հայտնեց, որ Փակ շուկայի հարցն առաջիկա օրերին քննարկման է դրվելու Հանրային խորհրդում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մինչև նիստ հրավիրելը այն դրական լուծում ստացած կլինի:
Հիշեցնենք, որ կառուցապատողը` գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, միայն շուկայի ստորգետնյա հատվածի վերաբերյալ շինարարական թույլտվություն ուներ, սակայն դեռևս այս տարվա սկզբից երևանցիներն ահազանգում էին, որ շենքում իրականացվում են քանդման աշխատանքներ:
Փակ շուկան հերթական «վանդալիզմին» ենթարկվեց ս. թ. մայիսի 27-ի երեկոյան, որի մասին ահազանգեցին ֆեյսբուքյան օգտատերերը:
Կառուցապատողը շտապեց հերքել քանդման մասին լուրերը` նշելով, թե ստորգետնյա հատվածում ուժեղացման համար իրականացվող նախապատրաստական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է, որ շինության նախկինում քանդված հետնամասի հատվածում առկա երկաթբետոնյա կամարաձեւ կոնստրուկցիաներում առաջացել են տեղային փլուզման երևույթներ: Ըստ կառուցապատողի, անկանխատեսելի փլուզումից խուսափելու համար որոշվել է անհապաղ քանդել փլուզվող մեկ կամարը, սակայն քանդման աշխատանքներ իրականացնելիս վնասվել և հետագայում փլուզվել են նաև մինչև դեֆորմացիոն կար հասնող, միմյանց հետ կապակցված հաջորդ միաձույլ կողավոր թաղերը:
Մշակույթի նախարարությունն ու Երևանի քաղաքապետատարանը հանդես եկան համատեղ հաղորդագրությամբ` նշելով, որ շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակից ելնելով` շուկայի տարածքում աշխատանքները դադարեցվել են, և Մշակույթի նախարարի և Երևանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը հրատապ կուսումնասիրի ստեղծված իրավիճակը, կներկայացնի համալիր առաջարկություններ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:
Հանձնաժողովի եզրակացության արդյունքներով Մշակույթի նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը:






Facebook
Tweet This
Email This Post
