Անպատժելիություն եւ հաշվետվության բացակայություն` տարբեր մակարդակի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | May 30, 2012 10:00

Միացյալ Նահանգներու արտաքին գործոց նախարարության զեկուցումը` Հայաստանի Հանրապետության մասին, կգնահատվի ընդհանրապես բացասական: Ազգային ժողովի ընտրություններուն մասին Միացյալ Նահանգներու դեսպանին կատարած դրական հայտարարություններեն ետք պաշտոնական Վաշինկթընը կարեւոր հետընթաց կարձանագրե Հայաստանի ուղղությամբ: Ընտրություններու բարելավում արձանագրած Երեւանը այս զեկուցումին հիմամբ մեծ կատարելիք ունի բանակի իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Իսկ բանակին մեջ արձանագրվող դեպքերուն կնպաստեն կենսամակարդակի ցած պայմանները, փտածությունը, հրամանատարներու անպատժելիությունը եւ հաշվետվության պակասը` ըստ զեկուցումին:

Քաղաքական այս գնահատականը ունի անշուշտ իր շարժառիթները: Առավելաբար ընտրված է ռազմական ոլորտը իբրեւ քննադատության թիրախ: Ինչ որ մտածել կու տա, թե այդ մարզին մեջ իրադրություններու շղթա մը պատճառ դառնա, որ Միացյալ Նահանգները խստացնեն իրենց զեկուցումին բովանդակության ոճը: ՆԱԹՕ-ն ռազմական դաշինք է, իսկ Հայաստանի նախագահին ՆԱԹՕ-ի վեհաժողովին չմասնակցիլը բնականաբար նախ եւ առաջ պիտի արժանանար ՆԱԹՕ-ի գերուժերեն Միացյալ Նահանգներու հակազդեցության: Նախ եւ առաջ պիտի ընտրվեր ռազմական ոլորտը, զոր քննադատելու ընթացքին պետք է հիշվեին նաեւ այլ բացասական կողմեր:

Բանակի մասին հրապարակված քննադատության վերաբերյալ բավականանանք այսքանով եւ անցնինք ավելի խորը մտածելու տեղի տվող բաժինին: Նոյն զեկուցումին մեջ կըսվի՛.-

«Հայ անջատողականները Հայաստանի աջակցությամբ  կշարունակեն վերահսկել Ազրպեյճանի Լեռնային Ղարաբաղի շրջանը եւ շրջապատող 7 ազրպեյճանական տարածքները»: Այս մեկն ալ համահունչ  է ՆԱԹՕ-ի Շիքակոյի ձեւակերպումին, ուր կխոսվեր տարածքային ամբողջականության մասին, մինչ խնամքով անուշադրության կմատնվեր ազգերու ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքը:

Վաշինկթըն այսպիսով կշարունակե դրսեւորել ինքնահակասական վարքագիծ: Այսպես: Եթե միջազգային ընտանիքի որոշումով արցախյան հակամարտության թղթածրարի միջնորդական առաքելությունը հանձնված է ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակին եւ որուն համանախագահներեն մեկը կներկայացնեն Միացյալ Նահանգները, ապա նույն Վաշինկթընը այս ձեւով կհակասե իր ստանձնած միջնորդական առաքելության: Ավելի պարզ` ինչի՞ շուրջ կբանակցի  ամերիկացի պաշտոնատարը, եթե իր պետությունը կհաստատե, որ «անջատողական» հայեր, Հայաստանի աջակցությամբ կշարունակեն վերահսկել Լեռնային Ղարաբաղի շրջանն ու 7 տարածքները: Եթե վճռված է, որ այդ շրջանները ազրպեյճանական են, ապա ի՞նչ իմաստ ունին բանակցությունները եւ ի՞նչ իմաստ ունի այս պարագային մանավանդ բանակցային գործընթացը համանախագահելը:

Մեկ հարց եւս կսպասե իր պատասխանին: Արցախին տրված ամերիկյան օժանդակության բարձրացումը անջատողական հայերո՞ւն ուղղված է, որոնք Հայաստանի օժանդակությամբ կվերահսկեն Արցախն ու 7 տարածքները:

Ինքնահակասական շղթայի այս օղակը կապված է Միացյալ Նահանգներու արտաքին գործոց նախարարին, որուն այցելությունը շուտով կսպասվի շրջան եւ այդ շարքին Երեւան: Երեւանի մեջ նախարար Քլինթըն պետք է պատասխանե ընտրություններուն որակին, բանակի իրավիճակին, «անջատողական» հայերուն եւ օժանդակող Հայաստանին մասին իրեն տրվելիք հարցերուն: Ամենայն հավանականությամբ ինքնահակասական դրսեւորումներու նոր շարքի մը ականատես կըլլանք շուտով: կթվի, որ ինքնահակասումը  պաշտոնական վարքագիծի  կարեւոր բաղադրիչի վերածված է, որ կրնա բացատրվիլ դիվանագիտական մակարդակի փտածությամբ, հայտարարություն կատարելու կամ զեկուցում հրապարակելու «անջատողականությամբ» եւ հատկապես անպատժելիությամբ ու հաշվետվության բացակայությամբ:

 

 Շահան Գանտահարյան

 «Ազդակ»ի գլխավոր խմբաագիր

 

Դիտվել է 1630 անգամ:
Print Friendly

Leave a Reply