Եղունգների նորաձևության միտումները. Հայաստանը համընթաց է աշխարհին

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | June 13, 2009 14:02

exungՀեռվում մնացին այն ժամանակները, երբ կանայք գեղեցկության համար իրենց ձեռքերը հինա էին դնում: Այսօր կնոջ ձեռքերի գեղեցկության գրավականը եղունգներն են: Եղունգների նորաձևությունը գնալով ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնում կնոջ գեղեցկության, հարդարանքի և իմիջի կառուցման մեջ` համարվելով նորաձևության անբաժանելի մաս: Միայն հայտնի չէ` մեզ մոտ ովքեր են որոշում ,խաղի կանոններըե:
Հետևու՞մ են մեր մատնահարդարները միջազգային նորաձևության կանոններին, թե՞ ստեղծում են նորաձևության հայկական չափանիշներ:
Մատնահարդար Արաքսյա Պետրոսյանի խոսքով` իրենք հետևում են միջազգային միտումներին ինտերնետի, արտասահմանյան ամսագրերի միջոցով` վերցնելով միջազգային նորաձևության հիմնական կողմերը, իսկ մնացածը ստեղծում են ինքնուրույն` առաջնորդվելով հաճախորդի ճաշակով ու ցանկությամբ կամ երանգներն ու զարդարանքը համապատասխանեցնելով հաճախորդի հագուստին, եղունգների ձևը` ձեռքերին և այլն:
«Երբեմն անցկացվում են մատնահարդարման վերաբերյալ սեմինարներ, մրցույթներ, որոնց ընթացքում մատնահարդարները հնարավորություն են ստանում ծանոթանալ մեկը մյուսի հետ ու փորձի փոխանակում անցկացնել,-ասում է նա,- մատնահարդարման պարագաների խանութներում վաճառվում են նաև տեսանյութեր DVD ֆորմատով, որոնք ևս օգտակար տեղեկատվություն են տրամադրում»:
Ըստ մատնահարդարի` վերջին ժամանակներում հայ կանանց` երկար ու գունագեղ եղունգներ ունենալու միտումը նվազել է` տեղը զիջելով առավել կարճ ու առավել նուրբ ձևավորմամբ եղունգներին: Սա աշխարհի նորաձևությանը համընթաց միտում է:
Նրա խոսքով` Հայաստանում այսօր նորաձև է նաև ռոկոկո ոճի ձևավորումը, ֆրանսիական մանիկյուրը կամ, ինչպես ընդունված է ասել, ֆրենչը, երիտասարդների շրջանում` նաև եղունգների պիրսինգը (եղունգներին օղեր են կախում):
Իսկ որո՞նք են եղունգների միջազգային նորաձևության 2009-ի չափանիշները: Եղունգների ո՞ր ձևն է համարվում նորաձև, ի՞նչ երանգներ են օգտագործվում եղունգները ներկելու համար, և ի՞նչ դեկորացիաներ` զարդարանքի մեջ:
Ըստ ռուսական http://lady.mail.ru/ ինտերնետային կայքի տվյալների` այս տարի նորաձև են երկարավուն, նշաձև կամ կարճ, սակայն ձվաձև եղունգները, ինչպես նաև չափազանց սրածայր եղունգները, որոնք, սակայն, ցանկալի է ներկել նուրբ գույներով և կատարել պարզ ձևավորում` մեղմելու եղունգների ագրեսիվ տեսքը:
Ինչպես երևում է, ուղղանկյունաձև եղունգները զիջել են իրենց դիրքերը:

exung2

Ֆոտո՝ Սնեժաննա Ջհանգիրյան

Ըստ նույն աղբյուրի` ամռանն ու գարնանը եղունգների համար ամենանորաձև գույներ են համարվում կապույտն ու կանաչը: Անհրաժեշտ է եղունգներին հաղորդել ուրախ ու վառ տեսք` գունագեղ դեկորացիաներով զարդարելով եղունգների ծայրերը:
Նորաձև է նաև թափանցիկ լաքը` վրան գունավոր ծաղիկներով, ցայտուն ու համարձակ գծերով կամ էլ եղունգի ծայրի դեկորացիայով:
Ըստ ռուսական մեկ այլ աղբյուրի` 2009-ը նորաձևության մեջ հայտարարվել է գոթական ոճի վերադարձի տարի: Կրկին նորաձև են անփայլ գույները, սակայն չի նշանակում, որ դրանք խորհրդանշում են տխրություն ու հոռետեսություն: Ընդհակառակը, կակաոյի, շոկոլադի, սուրճով կաթի երանգներով ներկված եղունգները չափազանձ գեղեցիկ տեսք կհաղորդեն հատկապես դասական գեղեցկության սիրահարներին:
Ոսկեգույնը ևս` որպես տարվա հերոս դեղին ցլին խորհրդանշող գույն, կզարդարի կանանց եղունգները` ունենալով այնպիսի տեսք, կարծես ողջ եղունգը ոսկուց է պատրաստված:
Ուրախալի է, որ այս տարի եղունգների նորաձևությունը հավասար հնարավորություններ է ստեղծել և՛ ոչ ստանդարտ լուծումներ նախընտրող կանանց, և` մուգ, դասական գույներ նախընտրողների համար` ընդունելով ինչպես վառ կապույտ, կանաչ ու կարմիր գույները, այնպես էլ` անփայլ կաթնագույնն ու մուգ դարչնագույնը:
Հայաստանյան գեղեցկության սրահներում եղունգների զարդարանքի ծառայության միջին արժեքը 1000-ից մինչև 2500 դրամ է: Եվրոպայում և Ամերիկայում այդ ծառայությունները մի քանի անգամ ավել արժեն:

Դիտվել է 5557 անգամ:
Print Friendly

Leave a Reply