21 լավագույններին շնորհվեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մրցանակներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 29, 2012 15:31

Երեւան, 29 մայիսի 2012թ.: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի մշակութային ծրագրերի շրջանակներում այսօր` մայիսի 29-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում կայացավ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ 2011-ի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Մրցանակի 149 հավակնորդից մրցանակներ շնորհվեցին 21 լավագույններին12 անվանակարգերում:

ՙԳիտնականների եւ արվեստագետների հաջողություններն ուրախալի են բոլորիս համար, եւ մենք մեր պարտքն ենք համարում այս մրցանակներով շեշտել եւ ընդգծել նրանց աշխատանքը: Ինձ եւ, վստահ եմ, մեր ողջ հանրության համար բացառիկ կարեւորություն ունեն հատկապես երիտասարդական մրցանակները, քանի որ դրանք օգնում են ապահովել մեր մշակութային զարգացման անընդհատությունն ու շարունակականությունը:՚,- ողջույնի խոսքում ասաց նախագահը Սերժ Սարգսյանը:

Հատկանշական է, որ այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ավանդ ներդրած անձանց շնորհվող երկու մրցանակներից մեկը տրվել է ազգությամբ թուրք Ռագըփ Զարաքոլուին:
ՙՑավալիորեն, թուրքերի ավագ սերունդը թեւ գիտի` անցյալ դարասկզբին ինչ է կատարվել Անատոլիայում, համակերպվել է, իսկ նոր սերնդին պարտադրվել է այն համոզմունքը, որ դա սուտ է՚, – իր խոսքում ասաց Ռագըփ Զարաքոլուն:

Բժշկագիտության բնագավառում եւ դասական երաժշտության ՙԵրգեցողություն՚ անվանակարգում այս տարի մրցանակ չի շնորհվել:

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հիմնման օրից (2001թ.) ի վեր մրցանակի են արժանացել գիտության եւ մշակույթի 205 գործիչներ, այդ թվում` 14 օտարազգի: Մրցանակը հիմնվել եւ հովանավորվում է ՙՊողոսյան հիմնադրամ՚-ի կողմից:

Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply