Իսպանացուն դատում են «Ինչպես կարելի է խաչելություն թխել» ֆիլմի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2012 14:17

Իսպանացի ֆոլք-երաժիշտ Խավյեր Կրախեին   երգիծական` «Ինչպես կարելի է խաչելություն թխել 2 հոգու համար» ֆիլմի պատճառով մեղադրանք են առաջադրել  հավատացյալների  զգացումները վիրավորելու համար:

Մադրիդում դատարան ներկայացած երաժիշտն ասել է, որ Ֆրանսիա կփախչի, եթե դատարանն իրեն մեղավոր ճանաչի:

Խոհարարական հաղորդումների թեմայով  ծաղրաֆիլմում նա պատմում է, թե ինչպես պետք է խաչն անջատել Հիսուսի մարմնից, կարագապատել այն, ապա թխել ջեռոցում: Հեղինակի խոսքով, 3 օրից այն ինքնուրույն դուրս կգա ջեռոցից:

Որոշ հավատացյալներ համոզված են, որ այդպիսով երաժիշտը Քրիստոսի հարությունն է ծաղրել:

Դատական հայց է ներկայացրել Քրիստոնեական իրավաբանական կենտրոնը: Նրանք երաժշտից պահանջում են 144 հազար եվրո:

«Ինձ չեն հասկացել»

1978-ին նկարահանված ֆիլմի ցուցադրությունն  արգելվել էր այն ժամանակ գործող  գրաքննության կանոնների համաձայն: Առաջին անգամ տեսաժապավենը հեռուստատեսությամբ ցուցադրվել է 2004-ին: Համապատասխան մեղադրանքով դատարանի առջև է կանգնել նաև հեռուստածրագրի պրոդյուսերը, որով ցուցադրվել է այդ ֆիլմը:

Դատարանի մուտքի առջև երգչին ծափողջույններով են դիմավորել գործընկերները, որոնց թվում նաև սկանդալային ֆիլմի ռեժիսոր Խոակին Լաշինգն ու կոմպոզիտոր Պանչո Վարոնան: Երաժշտին պաշտպանել են նաև նրա հետ  ընկերական հարաբերություններ ունեցող մշակույթի գործիչներ: «Նրանք ինձ չեն հասկացել»,- ասել է Կրախեն  մեղադրանքների կապակցությամբ: Նա խոստացել է, որ այսուհետ երգեր է գրելու հիմնականում աղջիկների մասին, չնայած նշել է, որ եկեղեցական թեմաներով գրել նույնպես չի դադարելու:

Դատարանում անսպասելի հյուր է եղել երաժիշտ Միգել Ռիոսը, որն ասել է, թե կողմ է պատժը մեղմելուն` տուգանքի փոխարեն ավելի լավ է երգիչը երեք անգամ աղոթի Աստվածածնին: Ռիոսն ասել է, որ դատարան է ներկայացել 2 պատճառով, քանի որ ցանկացել է գրկել իր ընկերոջն ու գործընկերոջը և կարծում է, որ երաժշտին ֆիլմի համար դատելն անհեթեթություն է:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply