Կարծես պատերզամ լինի. Ադլերի հայերը վախենում են տանից դուրս գալ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 29, 2012 12:17

Արդեն մի քանի օր է՝ Սոչիի հարակից Ադլերի շրջանում հայերն ու դաղստանցիները հակամարտության մեջ են: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հայ երիտասարդների համբերության բաժակը լցվել է և նրանք կռվի են ելել՝ պաշտպանելու իրենց աղջիկների պատիվը:

Ադլերի շրջանի հայ բնակչուհիներից մեկը PanARMENIAN.Net– ի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչ է տեղի ունենում իրականում:

«Արդեն մի քանի օր է իրավիճակը չափազանց լարված է: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դաղստանցիները 4-5 հայ աղջիկների էին բռնաբարել հենց դպրոցում: Օրը ցերեկով կրակոցներ են հնչում: Կարծես պատերազմ լինի: Ես ու երեխաներս տանից դուրս չենք գալիս: Միայն ամուսինս է գնում աշխատանքի: Անգամ վախենում ենք գնումների համար դուրս գալ»,- պատմեց նա՝ նշելով, որ այս ամենի հետևում կանգնած են Սոչիի իշխանությունները. «Այստեղ բոլորը խոսում են, որ այն ինչ տեղի է ունենում, ծրագրված է հենց Սոչիի իշխանությունների կողմից: Այստեղ հայերը շատ են ու մեծ հեղինակություն են վայելում հատկապես Ադլերում: Առջևում Օլիմպիական խաղերն են, շատ զբոսաշրջիկներ կգան, և ոչ մեկին ձեռք չի տալիս գործարար հայերի ներկայությունը քաղաքում: Նրանք ամեն ինչ անում են, որ հայերն իրենց բիզնեսները՝ սրճարաններ, ռեստորաններ, լքեն ու հեռանան քաղաքից»:

Շաբաթ օրը` մայիսի 26-ին, Սոչիի Ադլերի շրջանի Չերեշնի գյուղի մոտ հայերի և դաղստանցիների միջև բախում է տեղի ունեցել, որը գրեթե վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:

Հիմնականում հայերով բնակեցված Չերեշնի գյուղի բնակիչները «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին պատմել են, որ Սոչիում աշխատող դաղստանցիներն անընդհատ նեղացնում են տեղացի աղջիկներին անհարկի կատակներով, «հետույքը կսմթելու» փորձերով և անգամ սեքսի ուղղակի ակնարկներով:

Ըստ նրանց, հայ տղամարդիկ «զայրանում էին, սակայն համբերում էին», քանի դեռ դաղստանցիները «խոսքից գործին չանցան` հետապնդելով աղջիկներին»: Նախորդ շաբաթ օրը երեկոյան, երբ Չերեշնյայի աղջիկները հավաքվել են տաղավարում, նրանց սկսել են անհանգստացնել Օլիմպիական շինարարությունում աշխատող դաղստանցիները:

Աղջիկները բողոքել են ընկերներին և եղբայրներին: Հայերը հավաքել են իրենց կանանց պատվի պաշտպանների մի խումբ և որոշել վրեժ լուծել նրանց նեղացնողներից: Նրանք 30 ավտոմեքենաներով մեկնել են շինհրապարակ:

Պարբերականի տվյալներով, կռվին ներկա գտնվողները զինված են եղել տրավմատիկ զենքով և էլեկտրաշոկերներով: Տագնապած շինարարները ոստիկանություն են զանգահարել և պատմել իրենց դեմ ծրագրվող հարձակման մասին: ՕՄՕՆ-ի ժամանման պահին կողմերն արդեն իրար վրա քարեր էին նետում:

Ոստիկանները ստիպված էին կենդանի պատ կազմել հայ և դաղստանցի երիտասարդների միջև: Արդյունքում ոստիկանության և ՕՄՕՆ-ի աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է դարձել կանխել զանգվածային ծեծկռտուքը:

Օրինապահները ձերբակալել են մոտ 300 մարդու: Վիրավորվել է միայն մեկ ոստիկան:

Մինչդեռ, պարբերականի տեղեկությունների համաձայն, սա Սոչիում հայերի և դաղստանցիների միջև առաջին բախումը չէ: Մայիսի 1-ին զանգվածային կռիվ է տեղի ունեցել հայ և դաղստանցի երիտասարդների միջև, որին մասնակցել է մոտ 300 մարդ: Այդ ընթացքում դանակի հարվածից մահացել է թեկվանդոյի սպորտի վարպետ Յուրի Գարանյանը: Կոնֆլիկտի պատճառը կրկին աղջիկն էր, որի հետ ցանկանում էր ծանոթանալ դաղստանցի շինարարը:

 PanARMENIAN.Net

Դիտվել է 1704 անգամ:
Print Friendly

Leave a Reply