Ադրբեջանի գլխավոր խնդիրը Իրանի հետ վատ եւ Թուրքիայի հետ վատացող հարաբերություններն են. Հեյդար Ջեմալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 29, 2012 12:04

Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը SalamNews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ այսօր «Ադրբեջանի գլխավոր խնդիրը Իրանի հետ վատ եւ Թուրքիայի հետ վատացող հարաբերություններն են»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, Մոսկվայում Ադրբեջանի խոսափող Ջեմալը խորհուրդ է տվել Բաքվին չփչացնել հարաբերությունները «Իրանի հետ կապերը լավացնող Թբիլիսիի հետ»: «Փաստորեն, այսօր Բաքվին մոտ դաշնակիցներ չեն մնացել: Այսինքն` Վրաստանի հետ հարաբերությունները խնդրահարույց են, Իրանի հետ` շատ վատ են, իսկ Թուրքիայի հետ` պրոբլեմատիկ են դառնում, քանի որ մի շարք կետեր կան, որոնց շուրջ Բաքվի եւ Անկարայի միջեւ առկա են լուրջ հակասություններ: Առաջին հերթին, դա Իսրայելի հետ փոխհարաբերություններն են: Եվ այդ ֆոնի վրա նման տեսակի ավելորդ շարժումներն Ադրբեջանի համար լուրջ արտաքին քաղաքական բեռ են: Կարծում եմ, որ Իրանի հետ հարաբերությունների փչացումով Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Արեւմուտքի առաջ հակաիսլամիստ երեւալու համար: Բայց մեկ է, Արեւմուտքը դա չի գնահատելու: Ինչպես ցույց է տալիս ֆրանսիացի սենատորների այցը Լեռնային Ղարաբաղ, Արեւմուտքը, միեւնույնն է, թքելու է Բաքվի բոլոր այդ փորձերի վրա, շոյելու է Ադրբեջանին եւ ցուցադրելու է իր պաշտպանությունը հայերին», -նշում է ադրբեջանցի քաղաքագետը:

«Բաքուն ուղղակի պետք է հասկանա, որ իզուր է վատնում ուժերը եւ ժամանակը` խաղադրույք դնելով մասոնական Արեւմուտքի հետ միանգամայն անհեռանկար քծնանքների վրա, Արեւմուտքի, որի համար Ադրբեջանը գոյություն չունեցող մեծություն է, փոխանակման քարտ: Եվ այդպիսի արեւմտամետ ժեստերն ու համաշխարհային հանրության նկատմամբ աջակցության արտահայտությունն իրականում վատացնում է Իրանի եւ Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերությունները: Իսրայելն այսօր գտնվում է մեկուսացման մեջ, եւ Թել Ավիվի հետ մերձեցումով, Բաքուն մտնում է վտարյալների դաշինք: Նախկինում դրանք Հյուսիսային Կորեան, Սադամ Հուսեինն ու ուրիշներն էին: Այժմ ստեղծվում է վտարյալ-երկրների երկրորդ ակումբը», -զգուշացնում է Բաքվի խոսափոխ Ջեմալը:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply