Ընդդեմ “Փակ շուկայի” անօրինական վերակառուցման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 28, 2012 20:50


Այսօր` մայիսի 28-ին, “Ժառանգություն” կուսակցության անդամ, նախկին ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի գլխավորությամբ մի խումբ ակտիվիստներ հավաքված ստորագրություններով ու հաղորդագրությամբ դիմել են ՀՀ ոստիկանություն պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված “Փակ շուկայի” անօրինական քանդումը կասեցնելու նպատակով:

“Ավելին` չկա շինարարական աշխատանքների թույլատվություն և չկա նաև հաստատված նախագիծ, ինչի վկայությունն է այն, որ որևէ տեղ չեք տեսնի ցուցանակ, ինչն օրենքի պահանջն է և ինչը ցույց կտա, թե ինչի է վերածվելու այս շենքը շինարարական միջամտությունից հետո”,- մանրամասնել է Ստյոպա Սաֆարյանը: Նրանք փորձել են մուտք գործել շուկայի տարածք, բայց դարպասները կողպված են եղել և որևէ մեկը բացատրություն չի տվել կատարվածի վերաբերյալ. “Երեկ երեկոյան արդեն սոցիալական ցանցերում ահազանգ հնչեց, որ շարունակում են քանդել “Փակ շուկան”, որի արդյունքում մտահոգութունը սոցիալական ցանցերում այն աստիճան մեծացավ, որ որոշվեց խումբ բացել: Խմբի հետ քննարկումների արդյունքում պարզ կդառնա մեր հետագա քայլերը”:
Պարզվում է, “Մուլտի գրուպ” կոնցեռնին պատկանող, Մաշտոցի պողոտայում գտնվող “Փակ շուկան” վաճառվել է ԱԺ պատգամավոր Լֆիկ` Սամվել Ալեքսանյանին: Շրջանառվող խոսակցությունների համաձայ նա մտադիր է շուկան դարձնել ամենամեծ “Երևան Սիթի”-ն։ Այդ նպատակով` հունվարի 4-ից Մաշտոցի պողոտայում գտնվող “Փակ շուկայում” սկսվել են վերանորոգման աշխատանքները: Դեռևս այս տարվա հունվարին, Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, “Փակ-շուկա”-ի ներսում ընթացող վերանորոգման աշխատանքները դադարեցվել են: ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները զեկուցել են, որ ստորգետնյա աշխատանքների հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ վերգետնյայի մասին այս պահի դրությամբ առայժմ խոսք չկա, քանի որ դեռևս չկա որևէ նախագիծ: Այս պահին նախարարությանը դիմել են միայն ստորգետնյա հատվածում ավտոկայանատեղի կառուցելու համար: Դեռևս որևէ այլ ծրագիր չկա, իսկ երբ լինեն վերակառուցման ծրագրեր, ապա ընթացակարգով, օրենքով համապատասխան աշխատանքներ կիրականացվեն:
Այս հանգստյան օրերին շուկան նորից սկսել են քանդել: Ի դեպ, “Փակ շուկան” Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ու ճարտարագետ Համազասպ Առաքելյանի ստեղծագործությունն է: Այն անցած դարի 50-ականներին ճանաչվել էր որպես Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply