«Հայաստան» համահայկական հիմնադրամը բացեց Երեւանի Շենգավիթի հիմնանորոգված մանկապարտեզը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 28, 2012 14:02

«Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունը, գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ  մայիսի 27-ին հանդիսավորությամբ բացեց Երեւանի Շենգավիթի հիմնանորոգված գիշերօթիկ մանկապարտեզը: Շենքի ամբողջական հիմնանորոգումն ու կահավորումն իրականացրել է Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը:

Բացմանը  մասնակցում էին Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ն.Գ. պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսը, որոնց եւ տրվեց կարմիր ժապավենը կտրելու պատիվը:

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանը: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Մեծ Բրիտանիայի հայ համայնքին, ում ջանքերով նոր կյանք ստացավ այս կրթօջախը»,- հայերենով ողջույնի խոսք ասաց դեսպանը:

«Մեր սիրելի բարերարներ, սերունդներ կգան-կանցնեն, բայց աստվածաշնորհ ձեր գործը երկար կապրի»,- հուզական խոսքով հյուրերին դիմեց մանկապարտեզի տնօրեն Լուսինե Մատինյանը:

Հիմնանորոգվել է խորհրդային շրջանի երեք մասնաշենքից բաղկացած ընդարձակ կառույցը, որը համալրվել է նոր, գեղեցիկ շքամուտքով: Սենյակներն ու խոհանոցը կահավորվել են անհրաժեշտ գույքով: Բարեկարգվել է բակը, ստեղծվել նոր խաղահրապարակ:

Սա մայրաքաղաքում գործող միակ գիշերօթիկ մսուր-մանկապարտեզն է, որը սպասարկում է Երեւանի սոցիալապես անապահով եւ ծնողազուրկ ընտանիքների երեխաներին: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում 2-ից 7 տարեկան ավելի քան 180 երեխա, որոնցից 70-ը` գիշերակացով: Մանկապարտեզն ունի նաեւ հոգեբան եւ թերապեւտ:

«Սերմը, որը ջրվում ու խնամվում է, կմեծանա ու կզորանա: Այս երեխաներն էլ, վստահ եմ լավ մարդիկ կդառնան, քանի որ այստեղ կան լավ պայմաններ եւ հոգատարություն», – ասաց Արմինե Կարապետին:

Բացման արարողությանը հաջորդեցին պատվիրակության այցելությունները  Երեւանի Նորքի տուն-ինտերնատ /նախկին ծերանոց/ եւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ վերանորոգվել են տուն ինտերնատի «Ա» մասնաշենքի III եւ IV հարկերը եւ բժշկական կենտրոնի դիալիզի եւ նեֆրոլոգիայի բաժանմունքները:

Հայաստան» համահայկական հիմնադրամ

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply